×


Արտավազդ Բայաթյանի նոր գրքի հերոսուհին իր դուստրն է

Երգիչ-երգահան Արտավազդ Բայաթյանը երգեր ստեղծագործելուց բացի նաեւ գրում է արձակ գործեր։ Նա “Բյուրոկրատ” գրախանութում ներկայացրել է իր “Գիրք ցնցուղ”/“Книга Душ”/-ը։ Հայերեն եւ ռուսերեն տարբերակներով գրված գրքի շապիկին նրա դուստրն է՝ դերասանուհի Անի Բայաթյանը։

Անի եւ Արտավազդ Բայաթյանները


Արտավազդ Բայաթյանի խոսքով՝ այն ի սկզբանե գրել է որպես պիես դստեր համար, սակայն ընդլայնել է ու գրքի վերածվել, որի հերոսուհին՝ Ժաննան, հավաքական կերպար է։ Հերոսուհու նախատիպը հենց Անին է.“Շատ բաներ գրում էի` հաշվի առնելով Անիի մոտեցումները, բայց ընթացքում ծավալվեցի։ Մենք այժմ մտածում ենք այն ներկայացման վերածել, ինչը կապված է ֆինանսի հետ։ Եթե բեմադրվի, ավելի հետաքրքիր կլինի երեք կերպարով խաղալ։ Դերասանուհի կինը, հաղթահարելով դժվարությունները, պայքարում է ու վերածնվում։ Ցնցուղ անվանել եմ բառի լայն իմաստով, մարդու ներքին աշխարհի մաքրման իմաստով, ռուսերեն տարբերակում նաեւ հոգի է նշանակում, բայց հայերենում այդ իմաստը չունի”։

BRAVO.am-ի հարցին, թե որքանով է բարդ կամ հեշտ գրել կնոջ տեսանկյունից, նա պատասխանել է, որ շատ հետաքրքիր աշխատանք էր.“Երբ գիրքը տվեցի խմբագրին՝ Հակոբ Աբրահամյանին, կարդալուց հետո ասաց, որ բարդ գիրք է։ Ես էլ պատասխանեցի, որ գիրքը կնոջ մասին է, բնական է, որ բարդ պիտի լինի։ Եթե տղամարդը հաճոյախոսություն է անում, տրամադրվում է, որ կնոջ հետ քնքուշ ու անկեղծ լինի, էլ չեմ ասում, որ սիրի, կինն իր գաղտնիքները կբացի, այդպես էլ այս գիրքն է։ Կանայք ինձ միշտ ոգեւորել ու ոգեշնչել են, արվեստը նրանցով է ստեղծվում”։

Սոֆի Դեւոյանը


Շնորհանդեսին ներկա են եղել Կարինե Ջանջուղազյանը, Սոֆի Դեւոյանը, Զավեն Հարությունյանը, Մարտին Ահարոնյանը, Մարիետա Շահինյանը, Ալեքսանդր Սայադյանը եւ այլք։ Հյուրերն իրենց տեսակետներն են հայտնել եւ շնորհավորանքները հղել, Արտավազդ Բայաթյանն էլ մակագրել է գրքի առաջին օրինակները եւ զրույցը համեմել անեկդոտներով։

Գիրքն ունի նաեւ աուդիո տարբերակ, որը հեղինակը ձայնագրել է իր հիմնադրած “Արձագանք” ստուդիայում։ Ներկաները ոչ միայն գրքից հատված են ունկնդրել, այլեւ լսել են Արտավազդ Բայաթյանի կենդանի կատարումները.“Գրքի հայերեն տարբերակը ավարտելուց հետո ինքս կարդացի, ձայնագրեցի ու երաժշտական ձեւավորումն արեցի։ Կարծում եմ՝ այս տարբերակը հարկավոր կլինի տեսողությունից զրկված մարդկանց, հետո գուցե ռուսերեն ձայնագրություն էլ անենք”։

Արտավազդ Բայաթյանի "Գիրք ցնցուղ" գրքի շնորհանդեսին


Հեղինակ-կատարողը շարունակում է նոր երգեր գրել` առավել կարեւորելով տեքստերը: Ինչպես հայտնել է՝ վերջին շրջանում նոր երգեր են ծնվել՝ “Առնետները լքում են նավը”, “Լռություն”, “Ես վերադարձա”, “Ճանապարհը կանցնի քայլողը”. “Գաղափարի առումով այս տարին ինձ համար ճոխ էր, երաժշտության վրա շեշտը չեմ դրել, բայց մեղեդիներ կան, որ հիմա եփվում են, հաջորդ տարվա ընթացքում կներկայացնեմ”։

Ի դեպ, նոյեմբերի 23-ին “Տիկնիկային” թատրոնում կկայանա հեղինակ-կատարողի մենահամերգը.“Հայտնի երգերից բացի կկատարեմ նոր գործերս։ Ընկերներիս հետ չեմ երգելու, կարծում եմ՝ դեռ ասելիք ունեմ, կարիք չկա, որ տասը հոգի կողքիս կանգնի, որ ասելիքս ամրագրվի։ Հետագայում միգուցե կհրավիրեմ, միասին կերգենք ու կհիշենք հին օրերը”։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/BRAVO.am/   
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW