×


Արփի Գաբրիելյանն` իր ուղեւորությունների եւ կրկին երգելու մասին

BRAVO.am-ն Անի Երանյանի հետ հարցազրույցում արդեն տեղեկացրել է, որ “Ֆուլ հաուս”-ի դերասանական կազմը մարտի 29-ին հումորային ներկայացմամբ հանդես կգա Լոս-Անջելեսում: Մինչ հյուրախաղերի մեկնելն այս օրերին իրականացվում են սիթքոմի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները: Մեզ հետ զրույցում գլխավոր դերակատարներից Արփի Գաբրիելյանը տեղեկացրել է, որ դերասանական կազմով արդեն միմյանց ավելի լավ են ճանաչում եւ աշխատում են մտերմիկ մթնոլորտում:

Արփի Գաբրիելյանը եւ Անի Երանյանը` "Ֆուլ հաուս"-ի նկարահանումներին


“Սերիալների սկզբունքը չի գործում. մեկ ամբողջ օրվա ընթացքում նկարում ենք ընդամենը մեկ սերիա: Մանրակրկիտ աշխատում ենք մեր դերասանական խաղի վրա, որ արդյունքն էլ լավը լինի”,-ասել է նա` հավելելով, որ նոր եթերաշրջանի սցենարն ավելի հետաքրքիր ու հագեցած է.“Նոր դերասաններ են ընդգրկվել ու սցենարային հետաքրքիր լուծումներ են տրվել: Իմ մարմնավորած Լիկայի կերպարն առայժմ նույնն է` կրկին ինքնավստահ, աշխույժ, բայց տղաներին արկածների մեջ գցող աղջիկն ընթացքում կերպարային զարգացում կունենա: Սցենարը գրում են հինգ հոգի, որոնց թվում են Գրիգոր Դանիելյանը, Գարիկ Սեպխանյանը”:

Հակոբ Հակոբյանը, Արթուր Մանուկյանը, Արփի Գաբրիելյանը եւ Մհեր Բաղդասարյանը


Արփին այս տարի հունվարին արդեն մեկ անգամ հասցրել է լինել Միացյալ Նահանգներում, որտեղ հաղորդավար Հակոբ Հակոբյանի հետ վարել են համերգներ ու միջոցառումներ.“Երեկույթներից մեկը բարեգործական էր` նվիրված սիրիահայերին, իսկ ստացված հասույթը փոխանցվել է պատերազմից տուժած մեր հայրենակիցներին: Այդ օրը ելույթ ունեցան բազմաթիվ երգիչներ, ամերիկահայ հանդիսատեսն ինչպես միշտ ջերմ էր: Հայաստանի հանդիսատեսն ավելի քննադատ է, բայց էլի լավն է: Անկախ վայրից ու հանդիսատեսի քանակից` միշտ հուզմունքով ու պատասխանատվությամբ եմ բեմ բարձրանում”:

Արփի Գաբրիելյանը պլանավորել է նաեւ հաջորդ ուղեւորությունը. ապրիլին կվերադառնա Երեւան, այնուհետեւ կրկին կմեկնի ԱՄՆ` մասնակցելու մայիսի 9-ին կայանալիք “World Armenian Entertainment Awards” մրցանակաբաշխությանը. “Ինչպես նախորդ տարի, այս անգամ եւս կլինեմ երեկոյի հաղորդավարներից մեկը: Որքան գիտեմ, այս անգամ ավելի մեծամասշտաբ է. հրավիրված են սփյուռքում ապրող ու ստեղծագործող հայտնի հայեր: Երկար չեմ կարող մնալ, քանի որ Երեւանում պետք է մասնակցեմ սիթքոմի նկարահանումներին”:

Արփի Գաբրիելյանը` Միացյալ Նահանգներում


Նա նաեւ բացել է փակագծերն ու հայտնել, որ դադարից հետո որոշել է կրկին երգել. “Նոր երգերն արդեն պատրաստ են, պետք է կարողանամ ժամանակ տրամադրել եւ ձայնագրման գնալ: Նախկինում պրոֆեսիոնալ կերպով զբաղվել եմ վոկալով, չեմ կարծում, որ ճիշտ է կիսատ թողնելը: Շատ եմ սիրում բեմը, նաեւ շատ եմ սիրում երգել, եւ եթե Աստված տվել է ինձ այդ շնորհը, ուղղակի չեմ կարող չերգել”:

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Արփինե Գաբրիելյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW