Հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օրը: BRAVO.am-ը զրուցել է Ժակի, Արփինե Իսրայելյանի եւ Աշոտ Հակոբյանի հետ՝ պարզելու՝ երեկ ինչ գրքեր են նվեր ստացել կամ նվիրել, որն է իրենց ընթերցած առաջին գիրքը, եւ թե ինչ են կարդում այժմ:
Արփինե Իսրայելյան.«Ցավոք, երբեք գիրք նվեր չեմ ստացել»
Արփինե Իսրայելյանն ամեն անգամ նոր գիրք կարդալուց առաջ խորհրդակցում է մայրիկի հետ, ով գրքերի մեծ գիտակ է: Դերասանուհին առաջին գիրքը կարդացել է ինը տարեկանում, այն Ժյուլ Վեռնի «Խորհրդավոր կղզին» վեպն է.«Շատ-շատ եմ սիրում ռուս հեղինակների գործերը: Ամենատպավորիչ ստեղծագործությունն ինձ համար Դոստոեւսկու «Ոճիր եւ պատիժ» վեպն է: Հիշում եմ՝ ամեն բան ինձ համար այնքան պատկերավոր էր, որ գիրքն ավարտելուց հետո դեռ երկար ժամանակ դրա ազդեցության տակ էի: Հաճույքով եմ ընթերցել Իվան Բունինի գործերը: Ճիշտ է՝ դրանցում նկարագրությունները շատ են, բայց շարադրանքն այնքան գեղեցիկ է, որ անհնար է հետաքրքրությամբ չկարդալ»:
Արփինե Իսրայելյանը
Կարդացած գրքերից նա պարտադիր մտքեր է առանձնացնում.«Ուսանողական տարիներին, երբ շատ ժամանակ ունեի գրքեր կարդալու համար, մի տետր էի պահում, որի մեջ ինձ համար աֆորիզմ դարձած տողերն էի գրում ու պարբերաբար կարդում»: Արփինեն հիշել է նաեւ կարդացած վերջին գիրքը.«Դավիթիս ծնվելուց հետո, ցավոք, կարդալու համար գրեթե ժամանակ չի մնում»:
Արփինեն խոստովանել է, որ հնարավոր է՝ նախկինում գիրք վերադարձրած չլինի. «Հստակ չեմ հիշում, բայց ուսանողական տարիներին հաստատ գրադարաններից գրքեր գողացած կլինեմ:): Ցավոք, մինչ օրս դեռ երբեք գրքեր նվեր չեմ ստացել: Չեմ հիշում, որ ես էլ ինչ-որ մեկին նվիրած լինեմ, բայց խոստանում եմ, առաջիկայում կուղղեմ սխալս»:
Զրույցի վերջում դերասանուհին երիտասարդներին խորհուրդ տվեց հնարավորինս շատ ժամանակ տրամադրել ընթերցանությանը:
Ժակ.«Կարելի է չվերադարձնել, բայց ոչ երբեք՝ գողանալ:)»
Հակոբ Պապիկյանի կարդացած առաջին գիրքը «Պրոֆեսոր Դոուելի գլուխն» է: Պատանի Ժակի համար այն շատ ազդեցիկ է եղել. բավական երկար ժամանակ գտնվել է դրա ազդեցության տակ.«Կարդացածս բոլոր գրքերն իմ կյանքում խոր ազդեցություն են ունեցել, ամեն մեկից մի նոր բան եմ քաղել: Միշտ տարիքիս ոչ համահունչ ստեղծագործություններ էի ընտրում: Այժմ այնպիսի գործեր եմ կարդում, որոնց կենտրոնում մարդն է: Մեր մեծանուն արքա Տիգրան Մեծի կենսագրությունն եմ ուսումնասիրում: Ուզում եմ ամեն բան իմանալ նրա ու նրա ժամանակաշրջանի մասին»:
Ժակը
Նրա գրադարանում մեծ տեղ են զբաղեցնում ժամանակակից ստեղծագործողները, սիրելի գրողների թվում են Հարուկի Մուրակամին, Ֆյոդոր Դոստոեւսկին, Ալբերտ Քամյուն եւ Վիլյամ Սարոյանը.«Իմ կողմից հատուկ ուշադրության արժանացած տողերը ոչ թե դուրս եմ գրում, այլ ընդգծում եմ ու պարբերաբար աչքի անցկացնում»:
Հաղորդավարը հաճախ է գրքեր նվեր ստանում ու նվիրում.«Ամենից շատ սիրում եմ ինքս ինձ գիրք նվիրել: Ես հստակ գիտեմ այդ շրջանում ինչ եմ ուզում կարդալ ու դա էլ գնում եմ: Հիմա նաեւ աղջկաս եմ նվիրում, այդպես հուշելով նրան, որ պետք է շատ կարդա»:
Ժակը չի ընդունում «գրքի գողը գող չէ» արտահայտությանը.«Կարելի է հայտնի խոսքի մեջ գողը փոխարինել այլ բառով:): Կարծում եմ՝ բոլորս էլ ուսանողական տարիներին գրադարաններից մի շարք գրքեր են վերցրել ու չենք վերադարձրել: Գիրքը կարելի է վերցնել ու չվերադարձնել, բայց ոչ երբեք՝ գողանալ:)»:
Աշոտ Հակոբյան. «Ժամանակի ընթացքում խորհրդատուները շատացան»
Դերասան Աշոտ Հակոբյանը կարդալ սկսել է 6 տարեկանից: Առաջին անգամ դերասանուհի մայրիկի խորհրդով ընթերցել է Գրիմ Եղբայրների «Հենզելն ու Գրետելը» հեքիաթը.«Մինչ մեր գրաճանաչ լինելը՝ մայրս ու հայրս իմ ու եղբորս համար ամեն երեկո հեքիաթներ ու պատմվածքներ էին կարդում, այդպես էլ մեր մեջ սեր առաջացավ դեպի գիրքն ու գրականությունը: Փոքր տարիքում ծնողներիս խորհրդով էի ընտրում գրքերը, ժամանակի ընթացքում խորհրդատուները շատացան, նաեւ նրանք, ովքեր ինձնից գրքեր են վերցրել կարդալ-վերադարձնելու նպատակով, բայց այդպես էլ հետ չեն բերել:)»:
Աշոտ Հակոբյանը
Պարոնյանի անվան թատրոնի դերասանն այսօր նախընտրում է սիրային ու հոգեբանական դրամաները.«Այս շրջանում հիմնականում պիեսներ եմ կարդում: Աշխատանքի բերումով հաճախ է լինում, որ այս կամ այն ստեղծագործությունը մեկ, նույնիսկ երկու անգամից ավելի կարդամ: Օրինակ՝ Վահե Քաչայի «Գիշատիչների խնջույքը» ստեղծագործությունը, որը բեմադրել եմ թատրոնում, քանիցս կարդացել եմ, հատվածներ կան, որ անգիր գիտեմ: Վերջերս ծավալուն գործեր կարդալու ժամանակ չեմ ունենում: Oրեր առաջ թատրոնում ազատ ժամանակ ունեի, օգտվելով առիթից, կարդացի «Հացը» ստեղծագործությունը»:
Նյութը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Արփինե Իսրայելյանի, Ժակի եւ Աշոտ Հակոբյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: