Մուլտհերոսներ, քաղցր թխվածքաբլիթներ, Սուրբ Ծննդյան զարդարանքներ, տոնածառի խաղալիքներ եւ բազմաթիվ մանուկներ. “Հայաթ Փլեյս Երեւան” -ում երեկ նշել են Հաշմանդամների միջազգային օրը եւ հյուրանոցի մեկամյակը: Հյուրանոցի անձնակազմը “Օրրան” ցերեկային խնամքի կենտրոնի, “Հայաստանի մանուկներ” հիմնադրամի եւ “Ունիսոն” հասարակական կազմակերպության շահառու երեխաների համար կազմակերպել էր խոհարարական եւ նկարչության օր:
Արմինե Հովհաննիսյանը, Գոհար Հարությունյանը եւ միջոցառման մյուս մասնակիցները
30-ից ավելի փոքրիկներ, հյուրընկալվելով հյուրանոցում, իրենց ձեռքով պատրաստել եւ համտեսել են պիցցա, սենդվիչներ ու տարբեր խորտիկներ, նաեւ մասնակցել են տարատեսակ խաղերի:
“Հայաթ Փլեյս Երեւան”-ի վաճառքների բաժնի տնօրեն Անահիտ Թանթուշյանը նշել է, որ հյուրանոցն անապահով ընտանիքների երեխաների համար առաջին անգամ է կազմակերպում նման միջոցառում, որը շարունակական բնույթ կկրի.“Ավելի լավ տարբերակ, քան տարեդարձը տոնել երեխաների հետ, չէր ստացվի, ուստի որոշեցինք բարեգործական կազմակերպությունների երեխաներին հրավիրել”:
Գոհար Հարությունյանը` դստեր հետ
“Հայաստանի մանուկներ” հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանը BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ երեխաները մեծ խանդավառությամբ են եկել հյուրանոց.“Շնորհակալ ենք, որ երեխաներին հրավիրում են մասնակցելու տոնական միջոցառումների: Այստեղ են սոցիալապես անապահով ընտանիքների, հատուկ կարիքներով, նաեւ շնորհաշատ երեխաներ: Նրանց հետաքրքիր է Երեւանում մասնակցել նախատոնական աշխույժ կյանքին”:
Շահառու երեխաները պիցցա ու թխվածքաբլիթներ են պատրաստել “Հայաթ Փլեյս Երեւան”-ում
“Օրրան”-ի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը նշել է, որ խնամքի կենտրոնի համար դեկտեմբերը հագեցած է տոնական օրերով.“Դեկտեմբերի 1-ին երեխաները տոնածառի խաղալիքներ են պատրաստել` յուրաքանչյուր հրեշտակի մեջ գրելով իրենց ցանկությունները: Մի քանի օրից էլ նամակ կգրեն Կաղանդ պապիկին: Տարեցտարի փոքրիկների ցանկությունները փոխվում են. եթե առաջ շատ նյութական էին, ապա հիմա մարդկային բարի վերաբերմունք են ցանկանում: Երեկ երեխաներից մեկի նամակը կարդացի, որն ինձ շատ հուզեց: Նա ուզում է այնքան լավ աշխատանք ունենալ, որ կարողանա բարեգործություն անի: Սա յուրահատուկ խորհուրդ ունի. նրանք փոքր տարիքից սովորում են ոչ միայն ստանալ, այլեւ տալ”:
Մանկական միջոցառմանը ներկա էր նաեւ գեղեցկուհի Գոհար Հարությունյանն իր դուստրերի հետ: 5-ամյա Բիայնան մայրիկի համար ծեփամածիկից ծաղիկ էր ստեղծել, այնուհետեւ առաջին անգամ պիցցա պատրաստեց:):
Ամանորյա միջոցառման ընթացքում շնորհալի երեխաները երգել ու նվագել են, շուրջպար են բռնել, ավարտին էլ բոլոր փոքրիկները ստացել են նվերներ:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: