×


Բարեգործական համերգ` նվիրված 3-ամյա Սեւակի բուժմանը

Ականջի խխունջային իմպլանտացիայի կարիք ունեցող 3-ամյա Սեւակ Ղազարյանին  լսողություն պարգեւելու համար հոկտեմբերի 11-ին “Արամ Խաչատրյան” համերգասրահում կկայանա բարեգործական համերգ, որի հասույթը կօգտագործվի երեխայի վիրահատության համար:

3-ամյա Սեւակ Ղազարյանը եւ Սերգեյ Սմբատյանը


Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի եւ պրոֆեսոր Էռնստ Լենհարդի անվան գերմանական հիմնադրամի նախաձեռնությամբ Արամ Խաչատրյանի անվան միջազգային 2-րդ փառատոնի այս համերգը կնվիրվի Հայաստանում խխունջային ներպատվաստման 10-ամյակին: 

Սեւակն անհապաղ խխունջային ներպատվաստման կարիք ունի, հիմնադրամը իմպլանտի, վիրահատության ու հետվիրահատական աշխատանքների համար անհրաժեշտ գումարը հավաքագրելու նպատակով առաջարկում է պրեմիում դասի  300 բարեգործական տոմս` 47 հազար դրամ արժողությամբ, իսկ համերգի մյուս տոմսերը վաճառվում են 1000-7000 դրամի սահմանում: Համերգի տոմս գնելով` ոչ միայն կվայելեք դասական երաժշտություն, այլեւ սեփական ներդրումը կունենաք փոքրիկի կենսական անհրաժեշտության խնդրի լուծման գործում:

Երիտասարդական նվագախումբը պատրաստվում է Սեւակի բուժմանը նվիրված համերգին


Խխունջային ներպատվաստում իրականացվում է 4-րդ աստիճանի երկկողմանի ծանրալսությամբ տառապող հիվանդներին: Համաշխարհային ցուցիչներով, որին համապատասխանում է Հայաստանը, լսողության խնդիր ունեն 1000 նորածնից 1-3-ը: Որպես կանոն, նման խնդիր ունեցող երեխաներից մեկին չեն օգնում նաեւ լսողության սարքերը եւ միակ ելքը վիրահատությունն է: Մեր երկրում միջին հաշվով տարեկան 40 երեխա ծնվում է խխունջային ներպատվաստման համապատասխան ախտանիշներով: 

Լսողության խնդիրներ ունեցող երեխաների հետ աշխատող գերմանական հիմնադրամի հայաստանյան գործունեության համակարգող Լիլիթ Աբրահամյանի փոխանցմամբ` առաջին անգամ ծանրալսություն ունեցող փոքրիկի խխունջային ներպատվաստում իրականացվել է Գերմանիայում` դոկտոր-պրոֆեսոր Էռնստ Լենհարդի կողմից 1988 թվականին, այդ վիրահատությունն այժմ կատարվում է նաեւ Հայաստանում` “Էրեբունի” բժշկական կենտրոնում. “Հիմնադրամի առաքելությունն է` նպաստել երեխաների լսողության կորստի վաղ հայտնաբերմանը: Առանձնակի կարեւորություն ենք տալիս վիրահատությունից հետո վերականգնողական ուսուցմանն ու ոլորտում մասնագետների վերապատրաստմանը”:

3-ամյա Սեւակ Ղազարյանը


Սեւակ Ղազարյանն ի ծնե լսելու շնորհից զրկված երեխաներից մեկն է: Միանալով նախաձեռնությանը` դուք ոչ միայն կօգնեք Սեւակին, այլեւ կնպաստեք բարձրաձայնել նույն ախտորոշմամբ բազմաթիվ այլ երեխաների կենսական խնդրի մասին` թույլ չտալով, որ Հայաստանում ծնված խուլ երեխաները զրկվեն ձայների աշխարհում ապրելու իրենց հնարավորությունից:

Ձեր գումարային ներդրումը կարող եք փոխանցել նաեւ Սեւակին օգնելու համար բացված հետեւյալ հաշվեհամարներից մեկին՝ Ամերիաբանկ AMD 1570020931340100, USD 1570020931340101, EUR 1570020931340146, RUB 1570020931340158, CHF 1570020931340106:

BRAVO.am
Լուսանկարները`Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW