×


Բերտա Մարտիրոսյանի սեւ-սպիտակ աշխարհը

Եթե համեմատենք լուսանկարչությունն այսօր եւ երեկ, ապա կնկատենք ահռելի տարբերություն: Այսօր յուրաքանչյուր ոք ունի նկարելու հնարավորություն` սեփական հեռախոսից մինչեւ պրոֆեսիոնալ ֆոտոապարատ: Սակայն ոչ բոլորը կարող են ստանալ մի լուսանկար, որը դիտողի մոտ զգացողություններ կառաջացնի, մտածելու տեղիք կտա եւ, ինչո՞ւ չէ, նույնիսկ արվեստի նմուշ դառնա: Յուրաքանչյուր ոք իր զգացողությունները, մտքերն արտահայտում է յուրովի: Իմ զրուցակիցն ի տարբերություն իր ֆոտոների, որոնցում գերակշռում է մենակությունը, տխրությունը, մշուշն ու անգունությունը, կրում է «լուսավոր» անուն` Բերտա Մարտիրոսյան: Իր լուսանկարներում նա ընդգծում է այն, ինչ տեսանելի է մեկ այլ հարթությունից։ Ստվերների գունատություն, լղոզված դեմքեր, անբացատրելիություն առաջացնող հայացքներ, քամու զգացողություն, անձրեւի հոտ, «ամպոտ» գլուխներ՝ այսպիսինն է Բերտայի պատկերած ինքնատիպ աշխարհը:

Բերտա Մարտիրոսյանը


- Բերտա, վերջերս քո առաջին անհատական ցուցահանդեսն էր, ի՞նչ փոխեց այն քո կյանքում:


- Կարծում եմ, յուրաքանչյուր լուսանկարիչ ունի ցանկություն ունենալու առաջին անհատական ցուցադրություն, տպագրված գիրք, միջազգային ցուցադրություն: Ինքս էլ մասնակցել եմ տարբեր խմբակային ցուցահանդեսների, բայց անհատականի ժամանակ պատասխանատվությանը շատ է: Խմբակային ցուցադրությունների ժամանակ ասելիքը քիչ է, եւ այդ մեծ խմբի մեջ փոքր մասը կարող ես կազմել, իսկ անհատականի ժամանակ պետք է ամբողջականություն, որպեսզի ասելիքդ տեղ հասնի հանդիսականին:

- Ինչո՞ւ եւ ինչպե՞ս ընտրեցիր լուսանկարչությունը:


- Իմ կարծիքով, լուսանկարչությունն ինձ ընտրեց, քանի որ 12-13 տարեկանից սկսել եմ նկարչության տարբեր ոլորտներում ինձ փորձել եւ, ի վերջո, մնացի այս ասպարեզում: Լուսանկարչության միջոցով կարողացա արտահայտել այն, ինչ ուզում եմ, զգում եմ: Հիշում եմ, երբ նոր էի սկսում, բավականին վատ ֆոտոապարատ ունեի եւ առաջին նկարներս դրանով էի անում:

- Ո՞ր ոճում ես հիմնականում լուսանկարում:

- Հիմնականում լուսանկարում եմ պորտրետներ, այսինքն՝ մարդկանց դիմանկարներ, բայց վերջերս սկսեցի նկարել քաղաքային տեսարաններ: Գտնվում էի Գյումրիում եւ այնտեղի երկրաշարժից ավերված, լքված հին շենքերն էի նկարում: Այնպիսի տպավորություն էր, կարծես մի ամիս առաջ էր եղել երկրաշարժը: Եվ, ի զարմանս ինձ, այդ շենքերը նույնիսկ այսքան տարի անց նույն ավերված վիճակում են:

- Ովքե՞ր են քո հերոսները, որոնց լուսանկարում ես:

- Հիմնականում արվեստի ոլորտից են, իսկ մյուս մասը՝ մարդիկ, ովքեր ուրիշ կերպ են ընկալում աշխարհը:

Բերտա Մարտիրոսյանի լուսանկարներից


- Ո՞րն է Բերտայի ձեռագիրը:


- Հիմնականում նկարում եմ սեւ ու սպիտակ, փորձում եմ նկարի մեջ խորություն մտցնել: Հիմա դժվարանում եմ բառերով ասել…

- Ո՞ւմ հետ կցանկանայիր համագործակցել:

- Իհարկե, National Geographic-ի:

- Ինչպե՞ս ես վերաբերում մերկ լուսանկարներին:

- Դա նույնն է, ինչպես, օրինակ` Միքելանջելոն մերկ բնորդ է նկարել, տարբերություն չեմ տեսնում:

- Իսկ ինքդ մերկ կլուսանկարվեի՞ր:

- Անկեղծ ասած, երբեք չեմ մտածել այդ մասին: Կսկսեմ մտածել:

Բերտա Մարտիրոսյանի լուսանկարներից


- Ըստ քեզ, ի՞նչն է անթույլատրելի լուսանկարչի համար:

- Օրինակ, հայտնի լուսանկարիչ Ռոբերտ Կապան ունի մի նկար,  որտեղ պատերազմի ժամանակ կրակում են զինվորին, ու նա օդում կիսաընկած է: Շատերը այն կարծիքին են, որ այս նկարը բեմադրված է, իսկ ինձ համար անթույլատրելի է, երբ դոկումենտալ լուսանկարիչը բեմադրված է լուսանկարում:

- Որտե՞ղ է ֆոտոմտածողության եւ ֆոտոարվեստի սահմանը:

- Ֆոտոմտածողության մեջ էլ կա ֆոտոարվեստ։ Օրինակ, վայրի բնությունը լուսանկարողների կամ դոկումենտալ լուսանկարիչների գործերում էլ կարող ես տեսնել այնպիսի կոմպոզիցիաներ, որոնք արվեստի մասն են կազմում:
 
- Ինչո՞ւմ է լուսանկարչի գերհաճույքը:

- Պահը որսալու եւ մտածածդ նկարը ստանալու մեջ: Սեւանում մոտ 2 ժամ նկարում էի ճայերին եւ կերակրում, որ մոտենան, ու այդ ժամանակ մոտավորապես 200 կադրից վերջապես ստացա իմ կադրը, որը հետո բազմաթիվ մրցույթներում հաղթեց:

- Բերտա, կա՞ հարց, որին կցանկանայիր պատասխանել, բայց չհնչեց:

- Այո։ Որ հարցնեք, թե ինչպես եմ։

Զրուցեց Գայանե Թադեւոսյանը /Bravo.am/
Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի /Bravo.am/ եւ Բերտա Մարտիրոսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW