Բուլղարիայի «X Factor 2011»-ի հաղթող Րաֆֆի Պողոսյանը` արմատներով հայ համակրելի երիտասարդն առաջին անգամ այցելել է Հայաստան։ 23-ամյա երգիչը ծնվել եւ ապրում է Բուրգաս քաղաքում։ Նա իր երաժշտական կարիերան սկսել է հենց վերոնշյալ հեռուստանախագծից։ Փոփ, ֆանկ, սոուլ ոճերում հանդես եկող Րաֆֆին այսօր Բուլղարիայի ճանաչված եւ խոստումնալից երգիչներից մեկն է։
Րաֆֆի Պողոսյանը
BRAVO.am-ը նրա հետ ծանոթացավ երեւանյան «Յանս» ակումբում, ուր մտերիմների հետ եկել էր ունկնդրելու հայկական «X Factor»-ում երկրորդ տեղը գրաված Սրբուհի Սարգսյանին։ Րաֆֆին համերգի ընդմիջմանը ծանոթացավ երգչուհու հետ, րոպեներ անց հանպատրաստից զուգերգ երգեցին՝ ընտրելով Բրունո Մարսի ու Մարկ Ռոնսնի «Uptown Funk» հիթը, որից հետո Րաֆֆին կատարեց Ջեյմս Բրաունի «It's A Man's World» երգը։
Արտիստիզմով աչքի ընկնող երգիչը հայերենին տիրապետում է, բայց դժվարությամբ է իր մտքերն արտահայտում, սահուն անցում է կատարում անգլերենին, թեեւ զրույցի ընթացքում ընտանիքի մասին պատմելիս հայերեն է խոսել:
Սրբուհի Սարգսյանը եւ Րաֆֆի Պողոսյանը
«X Factor»-ին մասնակցելուց առաջ լրջորեն չեմ երգել. վոկալի կամ երաժշտական գործիքների դասերի չեմ հաճախել, բայց միշտ սիրել եմ։ Հիշում եմ՝ փոքր ժամանակ իմ սիրելի երգերից մեկն էր Ամանորի «Զանգակներ, զանգակներ»-ը (երգում է կրկներգը-հեղ.)։ Դպրոցում շատերի պես երգում էի, մի անգամ էլ «Տաղանդների օր» մրցույթին, որի ժամանակ պարում են, երգում ու բեմադրություններ անում, եղբայրս ինձ էլ գրանցեց, իսկ ես ամաչում էի, բայց ի վերջո մասնակցեցի։ Երգեցի «Քուին» խմբի «I Want To Break Free» երգը՝ կրկնօրինակելով Ֆրեդի Մերկուրիի կանացի կերպարը, իսկապես զվարճալի շոու ստացվեց, հետո այդ համարը մի քանի անգամ կրկնել եմ մեծ բեմերում։ 17 տարեկանում տարվել էի Ջեյմս Բրաունի երաժշտությամբ, անընդհատ լսում էի նրա ալբոմները, մտերիմներիս պնդմամբ էլ որոշեցի ուժերս փորձել միջազգային հայտնի նախագծի առաջին եթերաշրջանում։
«X Factor»-ում շատ ուժեղ մասնակիցներ կային: Կարծում եմ՝ ինձ հաղթող ճանաչեցին, որովհետեւ շոուի սկզբից ես հեռուստադիտողի աչքի առջեւ աճում էի, անընդհատ փորձարկումներ էի անում ու ավելի բարդ երգեր կատարում։ Հաղթելուց հետո որպես մրցանակ «Virginia Records»-ի հետ պայմանագիր կնքեցի, որն էլ համագործակցում է «Սոնի Մյուզիք»-ի հետ։ Մեկնեցի Լոնդոն, նոր ելույթներ, երգերի ձայնագրություններ, տեսահոլովակներ... Հիմա նախընտրում եմ միայնակ աշխատել, այդպես ինքս եմ որոշում իմ օրակարգը, բացի հայտնի հիթերից, իմ հեղինակային երգերն եմ կատարում։ Դպրոցից հետո ընդունվել եմ տնտեսագիտության ֆակուլտետ՝ մասնագիտանալու մարքեթինգի ու մենեջմենթի ոլորտում, ինչն էլ ինձ օգնում է շոու-բիզնեսում։
Րաֆֆի Պողոսյանն առաջին անգամ այցելել է հայրենիք
2013-ին մասնակցել եմ “Your Face Sounds Familiar” հեռուստամրցույթին` կրկնօրինակելով համաշխարհային աստղերին։ Շատ էի ուրախացել, երբ կրկին ինձ հաղթող ճանաչեցին։ Հիմա աշխատում եմ իմ առաջին ալբոմի թողարկման վրա, դեռ միայն մեկ անգլալեզու երգ ունեմ, մնացածը բուլղարերեն են: Հուսով եմ՝ այս տարեվերջին պատրաստ կլինի։
Կյանքում առաջին անգամ հարազատ եղբորս հետ եկել ենք Հայաստան ու ծանոթանում ենք մեր ազգականների հետ, որոնց երբեք չէինք տեսել։ Նրանք այնպես ջերմ ու սրտաբաց ընդունեցին, կարծես, միշտ իրար ճանաչել ենք։ Հայաստանում ինձ այնքան ազատ եմ զգում, որովհետեւ, ի տարբերություն Բուլղարիայի, մարդիկ ինձ չեն ճանաչում, հանգիստ ուսումնասիրում եմ շուրջս, վայելում եմ ու ինքս ինձ համար բացահայտումներ անում։ Վերջապես տեսա լեգենդար Արարատը, ազգականներիս հետ նշեցինք եղբորս տարեդարձը, շատ յուրահատուկ վայրեր այցելեցինք։ Առաջին անգամ այնպիսի զգացումներ ապրեցի, որոնք նախկինում չէի ունեցել։
Ծնվել եմ Աղասի եւ Էլիզաբեթ Պողոսյանների ընտանիքում։ Նրանք միշտ պատմում են մեր արմատների մասին, ես մանրամասն գիտեմ, թե ինչպես են նախնիներս Հայոց ցեղասպանության ժամանակ գաղթել Բուլղարիա՝ փրկվելով թուրքերից։ Մեծ պապս ծնվել է փախուստի ժամանակ՝ Թուրքիայի Բուրսա քաղաքում։ Բուլղարիայում որոշ ժամանակ ապրելուց հետո ազգականներիս մի մասը վերադարձել է Հայաստան, ահա թե ինչու է այստեղ գտնվում իմ երկրորդ ընտանիքը։
Րաֆֆի Պողոսյանը` Ծիծեռնակաբերդում
Ես ամեն անգամ դուդուկի ձայնը լսելիս վերապրում եմ մեծ մորս պատմածները, հիմա էլ չեմ կարողանում արցունքներս զսպել։ Թուրքերը չգիտեին՝ ինչ կրակի հետ են խաղում. կոտորածներից հետո ծնված սերունդներն ապրում են ու հիշում։ Մայրս Բուլղարիայի հայ համայնքում շատ ակտիվ է, որպես լրագրող նյութեր է գրում, լուսանկարում է, նա Հայոց ցեղասպանության տարելիցի արարողությունները համակարգող հանձնախմբի անդամ է։ Ապրիլի 24-ին հուշաքարի մոտ ծաղիկներ ենք դնում: Գիտենք ու նշում ենք նաեւ հայկական տոները, օրինակ՝ Վարդավառին պիկնիկ ենք կազմակերպում ու իրար ջրում։
Շատ եմ ցանկանում հայալեզու երգ ունենալ իմ երգացանկում։ Այս օրերին հանդիպումներ եմ ունեցել, որոշ հարցեր քննարկել ենք, բայց դեռ չենք որոշել հետագա անելիքները։ Գիտես, շատ եմ սիրում հայկական դհոլը, այստեղից որպես հուշ կտանեմ ինձ հետ ու կնվագեմ։ Շատ եմ սիրում Արա Գեւորգյանի «Արցախը», կուզեի նրա հետ անձամբ ծանոթանալ։ Երբ փոքր էինք, հայրս ձայներիզով միացնում էր Հարութ Փամբուկչյանի երգերը։ Հայկական արմատներս իսկապես ուժեղ են։
Իմ հոբիներից մեկը լուսանկարչությունն է, հատկապես սիրում եմ սեւ-սպիտակ կադրեր նկարել։ Այստեղ գտնվելուս ընթացքում առիթը բաց չեմ թողել ու հայկական ճարտարապետությունն եմ նկարել։ Բառերով չեմ կարող նկարագրել վանքերի գեղեցկությունը, շատ եմ տպավորվել։ Օրերը քիչ էին, բայց հասցրել ենք լինել Զվարթնոցի տաճարում, Գեղարդում, Գառնիում, Սեւանում, Խոր Վիրապում, Ծիծեռնակաբերդում ու այլ վայրերում։
Հայաստանում մի օր մենահամերգ կունենամ։ Այստեղ ինձ դեռ չեն ճանաչում, բայց շատ եմ ուզում իմ բենդի երաժիշտների ու պարի խմբի հետ գալ ու թեկուզ անվճար համերգ ունենալ։ Ես դեռ կվերադառնամ:):
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: