Մինչեւ հուլիսի 8-ը հասցրու այցելել “Դալան” ցուցասրահ` դիտելու ինքնատիպ կտավներ, որոնք հեղինակել է Գագիկ Սիրավյանը: “Իմ ծառերը” խորագրով անհատական ցուցահանդեսը նվիրված է նրա հոր` անվանի գեղանկարիչ Հենրիկ Սիրավյանի հիշատակին, երեկ տեղի ունեցած բացմանը ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը:
Նկարիչ Գագիկ Սիրավյանը
Գագիկ Սիրավյանը մեզ հետ զրույցում նշել է, որ ծառերի միջոցով ներկայացրել է իր ապրումները, քանի որ ծառերը նույնքան տարբեր են ու բազմազան, ինչպիսին մարդկանց ապրումները: Աշխատանքները հեղինակի` 2004-ից 2014 թվականների գործերն են` կատարված ջրաներկով, գուաշով, ակրիլով եւ յուղաներկով:
“Ինձ նույնացնում եմ ծառի հետ: Այս նկարներից յուրանքանչյուրի մեջ ես եմ. մի տեղ ինձ ավելի շատ եմ սիրում, մյուսում` ավելի քիչ: Այս ծառերն իմ ինքնադիմանկարներն են”,-ասել է նկարիչը, իսկ մեր հարցին, թե հատկապես որ կտավում է ինքն իրեն ավելի սիրում, մատնանշել է “Զգացմունքների ծառը”:
Գագիկ Սիրավյանի` "Իմ ծառերը" խորագրով անհատական ցուցահանդեսին
Հեղինակը հավելել է նաեւ, որ այս ցուցահանդեսը մարդկանց սերը ծառի հանդեպ վերադարձնելու, ծառի հետ միավորվելու ու բնությանը վերադառնալու փորձ է.“Ծառերի հավերժական կերպարը հիացնում ու կախարդում է ինձ: Նրանց մեջ այնքա՜ն ուժ, ուրախություն ու տխրություն, այնքա՜ն սեր ու հավատ կա: Ինչպես մարդը, նրանք կարող են ճկվել, գալարվել ցավից, լաց լինել վշտից, կարող են ժպտալ եւ լուսավորվել, թեւավորվել ուրախությունից՝ շարժման միջոցով արտահայտելով իրենց զգացումների, տրամադրության փոփոխություններն ու ելեւէջները… Դու “սպանում ես” ծառին կտավի վրա` տալով նրան նոր կյանք: Զգում ես նրանց շնչառությունը: Նրանք մեռնում են ու շարունակում ապրել: Նա “մեռնում” է, որ շարունակի ապրել…”:
Գագիկ Սիրավյանի` "Իմ ծառերը" խորագրով անհատական ցուցահանդեսին
Գագիկ Սիրավյանը մասնակցել է խմբակային մի շարք ցուցահանդեսների Հայաստանում եւ արտերկրում, իսկ 2004-ին Նորվեգիայի Գրիմստադ քաղաքում տեղի է ունցել նրա առաջին անհատական ցուցահանդեսը: Նկարչի աշխատանքները գտնվում են ԱՄՆ-ի, Շվեյցարիայի, Իտալիայի, Նորվեգիայի, Իսպանիայի եւ Հայաստանի մասնավոր հավաքածուներում:
Տեքստը` Հայկանուշ Ալոյանի/Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: