×


Ալլա Սահակյանը եւ Գարի Քյոսայանը

Գարի Քյոսայան.«Նա փայլուն երաժիշտ էր եւ շատ հոգատար հայր»

Հայ անվանի կոմպոզիտոր եւ մանկավարժ Սերգեյ Քյոսայանն անսահման նվիրում ուներ արվեստին ու երաժշտությանը: Նրա որդին` հայտնի ջազ-դաշնակահար, կոմպոզիտոր Գարի Քյոսայանը, օրեր առաջ հանդես եկավ հատուկ նշանակության համերգով, որը նվիրված էր հոր 100-ամյակին: Իր ջազ քառյակի հետ նա հանդես եկավ հին ու նոր ստեղծագործություններով, որոնցից շատերն առաջին անգամ հնչեցին համերգի ընթացքում: Միջոցառմանը հյուրընկալվել էին ինչպես հայ երգիչներ ու երաժիշտներ, այնպես էլ ԱՄՆ-ից ժամանած հայտնի կիթառահար եւ վոկալիստ Դարիլ Դարդենը:

Սերգեյ Քյոսայանի 100-ամյա հոբելյանին նվիրված համերգին


BRAVO.am-ի հետ զրույցում Գարի Քյոսայանն ասաց, որ Դարիլի հետ սկսել է աշխատել դեռ քսան տարի առաջ, երբ գտնվում էր ԱՄՆ-ում: Միասին համերգներ են ունեցել Նյու Յորքում, Լոս Անջելեսում եւ այլուր: Դարիլ Դարդենն առաջին անգամ էր Հայաստանում եւ ապրիլի 22-ին ելույթ ունեցավ նաեւ հայկական բեմում` հայ երաժիշտների հետ:

Նշենք, որ Սերգեյ Քյոսայանը մոտ 30 տարի տնօրինել է Չայկովսկու անվան միջին մասնագիտական երաժշտական դպրոցը, որտեղ սովորել է նաեւ Գարի Քյոսայանը։ Երաժիշտը նշեց` նա առանձնահատուկ վերաբերմունք ուներ ջազի նկատմամբ, թեեւ դասական երաժիշտ էր.«Հիշում եմ՝ դասերի ժամերին դպրոցում լսվում էր դասական երաժշտություն, իսկ ընդմիջումներին՝ ընկերներիս հետ ջազ էինք նվագում։ Նա փայլուն երաժիշտ էր, փայլուն հայ եւ շատ հոգատար հայր: Երբ գնացել էր Անգլիա` որպես զբոսաշրջիկ, ինձ համար բավական թանկ նվեր էր բերել՝ Ջիմի Սմիթի ձայնասկավառակը, որն այն ժամանակ իսկապես շատ թանկ արժեր: Դա մի փոքր օրինակ է, թե ինչ վերաբերմունք ուներ նա իմ հանդեպ եւ ընդհանրապես՝ երաժիշտների ու իր աշակերտների»:

Գարի Քյոսայանը եւ Դարիլ Դարդենը


Նա պատմեց, որ երաժշտությունն իրենց տանը հաճախ է հնչել դեռ մանկության տարիներից, երբ մի հարկի տակ հավաքվում էին հայտնի կոմպոզիտորներ, նկարիչներ, ճարտարապետներ, ովքեր Սերգեյ Քյոսայանի մտերիմներն էին: Եվ քանի որ կոմպոզիտորն այս տարի կդառնար 100 տարեկան, որդին որոշել է համերգ նվիրել սիրելի հոր հիշատակին.«Այդ առիթով ուրիշ միջոցառումներ էլ ենք նախատեսել. այժմ ֆիլմ ենք նկարահանում հայրիկիս մասին, իսկ տարվա վերջում նպատակ ունենք Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում համերգ ունենալ, որտեղ նա դասավանդել է երկար տարիներ»:

Համերգը սկսվեց Գարի Քյոսայանի ջազ քառյակի եւ Դարիլ Դարդենի համատեղ ելույթով, այնուհետեւ տարբեր կատարումներով հանդես եկան Իրինա Զաքյանը, օպերային երգիչ Արսեն Ստեփանյանը եւ Ալլա Սահակյանը, ով, ի դեպ, Գարի Քյոսայանի կինն է: Տպավորիչ եւ հուզիչ էր հատկապես Արսեն Ստեփանյանի ելույթը, ում կատարմամբ հնչեց «Shining Stars» ստեղծագործությունը, որը նվիրված է 1915 թ.-ին զոհված հայ մանուկների հիշատակին: Երգահանը հայ մանուկների հոգիները նույնացնում է փայլող աստղերի հետ, որոնք երկրից բարձրանում են երկինք` հրեշտակների մոտ:

Սերգեյ Քյոսայանի 100-ամյա հոբելյանին նվիրված համերգին


Թեեւ համերգի տոմսերի մեծ մասն արդեն վաճառվել էր, բայց դահլիճում ոչ բոլորն էին ներկա` կապված հայաստանյան վերջին իրադարձությունների հետ: Դա, սակայն, չխանգարեց, որ համերգն ընթանար ջազային հանգիստ մթնոլորտում եւ ավարտվեր ներկաների ջերմ ծափողջույններով:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW