×


Գոնսալո Ռուբալկաբայի տրիոն անմոռանալի դարձրեց Ջազի օրը Երեւանում

Արդեն 8-րդ անգամ Երեւանն ապրիլի 30-ին աշխարհի հետ տոնել է Ջազի միջազգային օրը։ Այս տարի այն հայ հանդիսատեսի համար առանձնացավ Գրեմմիի քառակի դափնեկիր Գոնսալո Ռուբալկաբայի եւ հանրահայտ երաժիշտներ Էրիկ Հարլենդի ու Մեթյու Բրուերի համատեղ համերգով, որը տեղի ունեցավ «Արամ Խաչատրյան» համերգասրահում։

Կուբացի ջազմեն Գոնսալո Ռուբալկաբան համարվում է ջազի ամենակարկառուն եւ հռչակավոր դեմքերից մեկը: Իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Ռուբալկաբան համագործակցել է այնպիսի ջազմենների հետ, ինչպիսիք են՝ Դիզի Գիլեսպին, Չուչո Վալդեսը, Չարլի Հեյդենը եւ այլք: Ջազի կնքահայր Հերբի Հենկոքը նրան անվանել է դարի լավագույն դաշնակահար:

Գոնսալո Ռուբալկաբան


Սա 56-ամյա ջազմենի երկրորդ այցն էր Երեւան։ Նա առաջին անգամ մայրաքաղաքում հյուրընկալվել էր 2017 թվականին՝ «Yerevan Jazz Fest»-ի գալա համերգին ելույթ ունենալու համար։

Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ցանկացած երկիր մեծ ցանկություն կունենար Գոնսալո Ռուբալկաբային հյուրընկալել հենց Ջազի միջազգային օրը։ Նա նաեւ կարեւորեց նման համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտների համերգների կազմակերպումը Հայաստանում։

Լեւոն Մալխասյանը


«Այսպիսի այցերը նպաստում են նաեւ Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը, քանի որ երաժիշտները սոցիալական ցանցերում ներկայացնում են այն վայրերը, որտեղ համերգներով հանդես են գալիս, կիսվում իրենց տպավորություններով, որոնք որպես կանոն, միայն դրական են»,- մանրամասնում է Կամո Մովսեսյանը։

Մոտ մեկուկես ժամ տեւած ծրագրից հետո աֆրոկուբայական ջազի ներկայացուցիչ Գոնսալո Ռուբալկաբային ունկնդրելու հնարավորություն ստացավ նաեւ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի բացօթյա համերգի հանդիսատեսը, որ մինչ այդ վայելում էր հայ ջազմենների կատարումները։

Տեքստը` Գայանե Ենոքյանի/Bravo.am/
Լուսանկարները` Մարիաննա Պետրոսյանի/Bravo.am/ եւ համերգի կազմակերպիչների

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին