×


Բացահայտում ենք Սերգեյ Թովմասյանին. «Չգիտեմ՝ արդյոք մարդիկ տեղյակ են, որ իրենց շատ եմ սիրում»

BRAVO.am-ի բացահայտումների շարքն ընթերցողներին կօգնի նորովի ճանաչել մշակույթի, սպորտի եւ մյուս ոլորտների մարդկանց: Այս անգամ զրուցել ենք Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասան Սերգեյ Թովմասյանի հետ:

- 3 բացահայտում Ձեր մասին, որ քչերը գիտեն:  

- Անկեղծ ասած՝ այսքան տարի ապրել եմ, բայց դեռ ինքս ինձ չեմ բացահայտել։ Միակ ու վերջին բացահայտումն այն է, որ փայտե հարթաքանդակներ եմ ստեղծում. չգտեմ էլ՝ ինչպես ստացվեց, երեւի թե, Աստծո մատը խառն է։ Արդեն 7 ցուցահանդես եմ ունեցել, կարծում եմ՝ հուլիսին էլի կանեմ։ Բացահայտումներից մեկն էլ այն է, որ առանց սարերի ապրել չեմ կարող. ինձ անընդհատ կանչում են: Բարձրացածս վերջին լուրջ սարն Աժդահակն է, հիմա ուզում եմ նորից Արագած ու Աժդահակ բարձրանալ, ու եթե գործի բերումով չխանգարեմ թատրոնին՝ իրականացնեմ երազանքս ու Արարատը հաղթահարեմ: Եվ երրորդը՝ չգիտեմ՝ արդյոք մարդիկ գիտեն, որ իրենց շատ եմ սիրում (ծիծաղում ենք,-հեղ.):


- Արվեստի 3 գործ, որոնք ամենաշատն են ազդել Ձեզ վրա:

- Շատ տարիներ առաջ Իտալիա այցելության ժամանակ Ասսիզիում եղանք Ֆրանցիսկ Ասսիզեցու եկեղեցում, որը եռանավ բազիլիկով շատ գեղեցիկ կառույց է: Ասսիզին սպիտակ, սիրունիկ ու գողտրիկ բնակավայր է, ասես Հայաստանում լինի, բայց այնտեղ մարդիկ, ցավոք սրտի, ավելի շատ են սիրում իրենց երկիրն ու հոգատար վերաբերվում ամեն ինչին: Մեսսայի ավարտվելուց հետո իջանք ներքեւ, ու ջրհորին էի մոտենում, երբ մեկն ասես հուշեց ձախ նայել՝ պատի վրա «Հիսուսի խաչելությունը» որմնանկարն էր: Չգիտեմ էլ՝ ինչու, փշաքաղվեցի ու անգամ արտասվեցի, մեկ էլ մի պադրե կպավ ուսիս ու ասաց. «Ջոտտո, սինյոր, Ջոտտո»։ Նա Վերածննդի դարաշրջանի նորարարներից մեկն է: Այնքան ազդեցիկ էր այդ պահը, կյանքում չեմ մոռանա։

Մյուսը Քոչարին կառանձնացնեմ. միշտ անցել եմ նրա քանդակների կողքով ու հիացել, թե ինչպես է աշխարհն այդքան բազմազան տեսնում: Նա կարող է Սասունցի Դավթին եւ նրա ձիուն քանդակել, Վարդան Մամիկոնյանին եւ շատուշատ այլ գործեր: Նկարիչ ընկերներ ունեմ, մեկն Արմեն Վահրամյանն է, որը նույնպես անընդհատ փոխվում է ու նոր բաներ անում: Ոչ մի արածը չի զիջում մյուսին, բոլորն էլ հավասարազոր եւ ուժեղ են, նա էլ է այլ կերպ տեսնում աշխարհը: Երբ Քոչարը 3D էր անում, աշխարհը դրա մասին պատկերացում էլ չուներ: Եթե մնար Փարիզում, հիմա ի՞նչ Պիկասո, ամբողջ աշխարհը նրանից կխոսեր։

Երրորդը Միքելանջելոյի «Պիետա»-ն է, որը ֆանտաստիկ է, ինչը չեմ ասի «Մոնա Լիզայի» մասին, որի համբավն ավելի շատ փիարի արդյունք է: «Լուվր»-ում հատկապես ուզում էի տեսնել Վերածննդի գործերը, մեկ էլ նկատեցի՝ մարդիկ դեպի «Մոնա Լիզան» են վազում: Մտածեցի՝ խելառ են, ախր, այստեղ ամբողջ աշխարհն ու Վերածնունդն են՝ Բոսխ կա, Կարավաջո: Ամեն կտավ ապշած 7 ժամ նայում էի, այնքան հարստացա ու չէի կարողանում պատկերացնել, թե որքան ժամանակ է պետք եղել դրանք ստեղծելու համար: Աստված վերեւից շաղ է տվել տաղանդը Եվրոպայի վրա, ու ծնվել են այդքան տարբեր եւ իրար չկրկնող գործեր։ Վերջում ես էլ ամեն դեպքում գնացի ապակու հետեւում պահվող «Մոնա Լիզայի» տեսնելու, բոլորն անդադար նկարվում էին հետը, բայց Դա Վինչին ավելի հանճարեղ գործեր է արել:

- Զվարճալի կամ տարօրինակ բան, որ Ձեր մասին իմացել եք։

- 3 տարի առաջ մինչ մահանալը մայրս պատմեց, թե փոքր տարիքում որքան եմ կորել, մի անգամ ծանոթ մարդ է գտել ու տուն բերել, նաեւ քաղմասից են վերադարձրել: Շատ քիչ ուտող եմ եղել, մի գդալից հետո կարող էի ասել. «Մամա, սա էլ պահիր, ամռանը կուտեմ»: Մանկությունս հաճախ եմ վերհիշում եւ ուզում եմ այդ մասին գրել, գուցե, ինչ-որ մեկը կարճամետրաժ ֆիլմ նկարի: Ծաղկաձորի պիոներական ճամբար էին ուղարկել, ծառի վրա նստած էի, երբ վզկապներով 3 ակտիվիստ ինձ նկատեցին, մեկը ջոկատավար էր ու ասաց՝ չիջնեմ, մյուսների ուշադրությունը հրավիրեց ինձ, հետո նոր ասաց. «Այ, հիմա կարող ես իջնել»։ Երեկոյան այդ առիթով ժողով գումարվեց, որին լուրջ դեմքերով մարդիկ էին եկել, այդ թվում՝ ճամբարի պետը: «Օրակարգում դրված է Սերգեյ Թովմասյանի՝ ճամբարից հեռացնելու հարցը»,- զեկուցեցին: Այդ ժամանակ ճանաչեցի սուտը: Որոշեցին ինձ հնարավորություն տալ. «Ընդունո՞ւմ ես քո սխալը, էլ չե՞ս կրկնի»,-հարցրին, իմ ջոկատավարն աչքերով ցույց տվեց, որ համաձայնեմ: Իսկ ես ուզում էի տուն գնալ, դրա համար էլ ավելի բարձր ճյուղի նստեցի ու սկսեցի երգել, բայց չնկատելու էին տալիս։ Երբ իմացա՝ ջոկատավարները 2 շաբաթը մեկ փոխվում են, մեծ ճամպրուկս հավաքեցի ու տեղավորվեցի Երեւան գնացող ավտոբուսի վերջում՝ այդպիսով վերադառնալով տուն:

- Ամուսիններով դերասաններ լինելու ամենահաճելի ու դժվար կողմերը:

- Հաճելին այն է, որ միասին ենք ու չենք հոգնում իրարից, իսկ դժվարն այն է, որ թեեւ հեշտ եմ Նարինեի ռեժիսորական պահանջները կատարում, բայց մեկ-մեկ դժվարություն է առաջանում: Բայց ի վերջո ինքը հաղթում է, քանի որ գիտեմ՝ ճիշտ է (ծիծաղում ենք,-հեղ.):


- Իրավիճակներ, որ կարող են պատահել արվեստով զբաղվող մարդկանց տանը:

- Կապ չունի՝ ինչ ոլորտից ենք, տանը հարաբերությունները հիմնականում տնավարի են: Մեկ-մեկ, իհարկե, խոսում ենք թատրոնից ու կինոյից, քննարկում ցուցահանդեսներ եւ համերգներ, բայց տանն ուզում ես այլ բաներով զբաղվել: Նարինեից իր ներկայացումների մասին եմ հետաքրքրվում, մասնավորապես՝ «Գոմեշ»-ից կամ «Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է»-ից, որոնք էլ չեմ կարողանում նայել, որովհետեւ միշտ արտասվում եմ։ Նա իր կյանքի մասին է խաղում, ինքս տեսել եմ այդ տունը, որտեղ թաքնվել են ընտանիքով, եւ ամբողջ պատմությունն աչքերիս առաջ է հայտնվում: Ախր, շատ լավ է խաղում, էլի կհուզվեմ հիմա, իսկապես տաղանդավոր է։

- Հայկական թատրոնը՝ մի քանի բառով: Ի՞նչն է նրան պակասում:

- Թատերական աշխարհն իրարով հետաքրքրված չէ. ես, օրինակ, կանգնած եմ «Գոյ»-ի կողքին եւ չեմ ուզում որեւէ թատրոն փակվի, հակառակը՝ պիտի բացենք։ Քաղաքը մարդկանցով է լցված ու ներկայացումների կարիքն ունի: Փողոցում իրար ջերմ բարեւում ենք ու անցնում, լավ կլիներ՝ հարցնեինք, թե ինչ նոր բան կա միմյանց թատրոններում: Չի կարելի այնքան զբաղված լինել ու չցանկանալ տեսնել, թե քո կուրսեցին կամ գործընկերն ինչ նոր բան է անում: Այդ պատճառով էլ շարունակում են մնալ ապահով կաթսայի մեջ՝ չիմանալով, թե կողքի շենքում ինչ է կատարվում: Պիտի իրարով շատ հետաքրքրվենք, գնանք, տեսնենք, սովորենք։ Այդ առումով ինձ շատ է դուր գալիս Նկարիչների միությունը, որն ակտիվ ցուցահանդեսներ է կազմակերպում, նկարիչները ներկա են լինում եւ իրար հանդեպ ավելի ջերմ են: Շատ կուզեմ որեւէ տաղանդավոր ռեժիսոր ամեն թատրոնից մի-մի դերասանի հավաքի ու հետաքրքիր գործ բեմադրի, այն ցուցադրվի Սունդուկյանում, Դրամատիկում, այդ թվում՝ մարզերում: Այդ ամենը մերձեցնում է, ինչպես եղավ մեր ու Գյումրու թատրոնի դեպքում: Կուզեի, որ նախարարությունը զբաղվի դրանով:


- Նոր կերպար ստանալու ամենահաճելի պահերը:

- Երբեք դերի կռիվ չեմ արել, ինչ տվել են, այն էլ խաղացել եմ՝ 1 վայրկյանանոց դերից մինչեւ գլխավորները մարմնավորել եմ։ Երբ թատրոնը վատ վիճակում էր ու համարյա փակվում էր, շատ մարդիկ հեռացել էին, Հրաչյա Գասպարյանն ասաց՝ Սոս Արտաշեսովիչն ուզում է ինձ տեսնել. «Տղա ջան, թատրոնի վիճակը մի քիչ ծանր է, փող չկա, ու չեմ կարող ասել՝ առաջիկայում աշխատավարձ կտա՞մ, թե՞ չէ»։ Իսկ ես, թեեւ այդ շրջանում լրիվ ուրիշ բանով էի զբաղվում, բայց շատ էի ուզում խաղալ: Արմեն Սաֆարյանի հետ ամբողջ Արցախում շրջեցինք՝ երեխաներին սովորեցնում էինք, թե որտեղ է թույլատրվում խաղալ, քանի որ շատ էին ականապատված տարածքները: Նաեւ ներկայացումներ խաղացինք բոլոր գյուղերում, ինչից հետո 4 ռեժիսոր իրենց նկարիչներով երեխաներին տիկնիկներ սարքել սովորեցրին, վերջում էլ փառատոն անցկացվեց: Դրան զուգահեռ մեծ սիրով համաձայնեցի աշխատել Համազգայինում:

Սոս Սարգսյանը «Ծննդյան տոները սինյոր Կուպելլոյի տանը» ներկայացման մեջ Կուպելլոյի դերի համար շատերին փորձեց, բայց այն ինձ վստահեց: Այդ շրջանում թատրոնի գրեթե բոլոր գլխավոր դերերը ես էի խաղում, ապա եկավ նոր սերունդն ու իրենք սկսեցին դերեր ստանալ: Իմ մեջ ընդհանրապես աստղային հիվանդություն չկա։ Երբ Վիգեն Ստեփանյանը բեմադրում էր «Հացի խնդիրը», ասաց. «Սերգո ջան, ջահելները դերեր են ուզում»։ Պատասխանեցի. «Ինչ ուզում են, տվեք, ինչ տակը կմնա, դա էլ կխաղամ»։ Այդպես էլ արեցի ու մարմնավորեցի Յասաուլին, որի համար «Արտավազդ» ստացա։ Նույնիսկ հիմա ուզում եմ թատրոնից դուրս գալ, ինչ հնարավոր է՝ խաղացել եմ, Նարինեին ասում եմ, որ այդքան տաղանդավոր երիտասարդներ կան, իրենց կարող են վերցնել: Չեմ ուզում տեղ զբաղեցնել՝ չնայած հիմա էլ շատ դերեր ունեմ։


- 3 հոգեվիճակ, որ ունենում եք բեմում:

- Չեմ մտածել այդ մասին։ Երբեք հայելու առաջ որեւէ բան չեմ արել, փորձերի ընթացքում եմ ստանում կերպարը, շատ լսող դերասան եմ: Նախօրոք որեւէ բան չեմ նկարում իմ ներսում եւ մտածում, թե ինչ ու ինչպես կանեմ։ Ոնց գալիս են ապրումները, այդպես էլ անում եմ, փաստը «… եվ նորից գարուն»-ն է, Նարինեն է մի քիչ շտկումներ արել, ու այդպես էլ խաղացել եմ: Միակ վախս այն է, որ հիմա մեկ-մեկ կարող եմ տեքստը բաց թողնել կամ մոռանալ։ Բեմը ջրի նման է եղել ինձ համար, մտել եմ ու լողացել՝ կապ չունի, թե ինչ դերով:

- Ներկայացումներ, որ միշտ անհամբերությամբ եք սպասում, թե երբ եք խաղալու:

- Բոլոր ներկայացումներին, որոնցում հիմա խաղում եմ, սիրով եմ սպասում՝ «Փափլիկը», «… եվ նորից գարունը», «Մինուս երկուսը»:

- Արվեստով զբաղվելու ամենագեղեցիկ կողմը:

- Արվեստը հենց գեղեցկություն է, ու միշտ դրա մեջ ես: Այն օգնում է աշխարհին ուրիշ ձեւ նայել, եթե իսկական արվեստագետ ես, ամեն ինչ ես նկատում՝ սոված շանը, ծաղիկը։ Իմ աչքից ոչինչ չի վրիպում, երբեմն ասում եմ. «Տեսա՞ր, այն կինը որքան գեղեցիկ է լվացքը փռում՝ մեծից փոքր շարում է», կամ շատ երկար կարող եմ հետեւել լավաշ թխողներին: Մեկը գունդ է անում ու նետում մյուսին, նա էլ իր հերթին բացում է, այդպես շարունակ իրար հետ աշխատում են, իսկական վարպետություն է: Կամ ինչպես են տղաները մինչեւ թոնրի խորքը ցատկում ու հացը հանում: Դա էլ մի ուրիշ ներկայացում է:


- Ո՞ւմ հետ դեմ չէիք լինի զրուցել եւ ի՞նչ հարց կտայիք:

- Աստծո հետ կուզեի զրուցել (հուզվում է,-հեղ)։ Վայ, լցվեցի, կասեի` ինչու է մի չիպ ավել դրել մարդու գլխի մեջ, միեւնույն է՝ նա չի դաստիարակվում: Ինչ լավ է, չէ՞, որ հիմա հեռախոս կա: Պապիկս պատմում էր, որ հարսանիքի կամ որեւէ տխուր առիթի դեպքում Կապուտան գյուղից 30-40 կմ ոտքով քայլում էր Երեւան, որպեսզի բարեկամներին այդ մասին հայտնի։ Հիմա վայրկյանների ընթացքում իրար հետ կապվում ենք, բայց հեռախոսը բոլորիս համար պատիժ է դարձել: Ուզում եմ Աստծուն ասել, ախր դու կատարյալ էիր ստեղծել մոլորակը, կենդանիները կողք կողքի ապրում էին, գետերը՝ հոսում, ծառերն՝ աճում, ոչ մի գետաձի կամ կապիկ աղբ չէր շպրտում, քամ քեֆ անելուց հետո շշերը լցնում գետի մեջ: Նայեք Հայաստանի վիճակը, ամեն անգամ սար գնալիս մեծ տոպրակներով պլաստիկ շշեր ենք հավաքում ու իջեցնում։ Մարդն է այդպես վարվում. ոչ մի կենդանի վնաս չի տալիս աշխարհին կամ էլ զենք ստեղծում: Նրա զենքերն իր չանչերն են՝ պաշտպանվելու կամ սնվելու համար։


- Համազգային թատրոնը՝ 3 բառով:

- Տուն, սեր ու լավ ճանապարհ։

- Խաղընկերներ, որոնցից սովորել եք, սովորում եք։

- Բոլորից եմ սովորում ու միշտ՝ երեխաներից, կատվից, շնից։ Եթե ուշադիր ես, ամեն ինչից կարող ես սովորել, իսկ ես այդպիսին եմ ու բոլորից վերցնում եմ:

- Ինչպե՞ս է Ձեզ փոխել ու նորովի բացահայտել հայրությունը:

- Առանձնապես փոփոխություն չեմ զգացել, դա պիտի լիներ ու եղավ։ Շատ եմ սիրում իրենց։

- Ծնող լինելու ամենահաճելի ու դժվար կողմը:

- Դժվարություն չկա, անկեղծ, ամեն ինչ հաճույքով եմ անում՝ տանում դպրոց, երաժշտության, անգլերենի։ Ամեն ինչը հաճույք է ինձ համար, որովհետեւ շատ եմ սիրում, իսկ երբ սիրում ես, ո՞նց կարող ես դժգոհել:  

- Ի՞նչ եք ամենաշատը սիրում անել Ձեր աղջկա հետ:

- Միասին շատ բան ենք անում, սիրում ենք նկարել, քանի որ հիմա երկուսս էլ զբաղված ենք, առանձին ենք անում: Եվան սիրում է, երբ միասին սար ենք բարձրանում, ես էլ մեծ հաճույքով տանում եմ. անցած տարի հեշտությամբ Աժդահակ բարձրացավ։ Երբ մի քիչ դժգոհում է, սովորեցնում եմ, որ կեսից հետ գնալը շատ վատ բան է, անպայման պետք է հաղթահարել դժվարություններն ու հասնել գագաթ:  


- Նրանից սովորած կարեւոր հատկություններ։

- Վարվելակերպ, ձգտում, նույնիսկ որոշ բաներ ընդօրինակում եմ։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր ծնող ուշադիր լինելու դեպքում երեխայից շատ բան կարող է սովորել:

- Ձեր ամենամեծ հավատը, որի վրա կարող ենք հենվել:

- Եկեղեցին է, ինչն անփոփոխ է։ Այն ամենը, ինչ կատարվում է, եկեղեցուց հեռանալու եւ ուրիշ կողմ նայելու արդյունքն է:

- Առաջինն ի՞նչ կասեն Ձեզ ճանաչող մարդիկ, երբ հարցնենք Ձեր մասին:

- Ամենամտերիմ ընկերներս ասում են. «Բարությունը եկավ»։

- Բույրեր, որոնք Ձեզ տանում են մանկություն:

- Լավ թխած լավաշի, գաթայի կամ համով կերակուրի բույրը։ Բրեդբերիի «Խատուտիկի գինի»-ն կարդացի ու մտածեցի՝ իմ տատիկի մասին է գրել։ Իմ տատիկն էլ այնքան համով էր պատրաստում ու երբեք բաղադրատոմսից չէր օգտվում՝ մի պտղունց սրանից էր օգտագործում, մի պտղունց նրանից եւ ամենահամեղ հաճարով փլավը ստանում:  


- Վերջին մեկ տարում ամենաշատը տպավորած 3 մարդիկ:

- Հիմա քիչ են մարդիկ, որոնցով տպավորվում եմ։ Տպավորված էի Սոս Սարգսյանով. նա ու պապիկս իմ կյանքում հանդիպած ամենաիմաստուն մարդիկ են: Հիմա Նարինեից ու մտերիմ ընկերներից բացի, ոչ ոք չի կարող մեծ տպավորություն թողնել ինձ վրա: Դա նաեւ ընդհանուր հոգեվիճակից է, որ չգիտեմ՝ ինչին հավատալ ու ինչն է լավ:  

- 3 բան, ինչից հրաժարվել եք այս տարի կամ պատրաստվում եք հրաժարվել:

- Վաղուց հրաժարվել եմ ծխելուց: Վատ բաներ չեմ անում, որոնցից կուզեի զերծ մնալ: Սուտ չեմ խոսում եւ մարդկային արատներից հեռու եմ մնում։

- Ի՞նչ նոր արհեստի կամ հնարքի կուզեիք տիրապետել:

- Կուզեի լավ նկարել իմանալ, որովհետեւ կախարդական աշխարհ է։ Նայում եմ ու հիանում, թե ոնց են վարպետները սպիտակ կտավը գույներով լցրել ու այնպես արել, որ դիպչեն հոգուդ: Շատ կուզեի ինքնաթիռ վարել սովորել ու մի քանի անգամ էլ  օդապարիկով թռչել։ Արդեն 39 թռիչք ունեմ։


- Ի՞նչ զգացողություն է տալիս այն:

- Առաջին 3-4 անգամը սիրտդ կանգնում է, ամեն ինչ քարանում ներսում, հետո սովորական է դառնում։ Մտածում ես՝ ինչքան սպասես, որ բացես փականը, բայց միշտ վախ կա, որ հանկարծ չի բացվի (ծիծաղում ենք,-հեղ.):  

- Վայրեր, որոնք որոշիչ են եղել Ձեր կյանքում:

- Իտալիան է: Եվրոպայի մի քանի երկրում չեմ եղել, բայց եթե հարցնեին՝ որտեղ կուզեի նորից լինել, էլի Իտալիան կընտրեի։ Այնտեղ ամեն ինչ պահում են ու գնահատում, մեզ պես անպատասխանատու չեն, կարող ենք քաղաքում 100-րդ եկեղեցին սարքել, բայց որ Մոմիկի սարքած Նեղուցի վանքը կամ Դսեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչը աչքներիս առաջ քանդվում է, անտարբեր ենք: Խոնարհված եկեղեցիները, որոնք մեր պատմության եւ ճարտարապետության գանձերն են, ավելի շատ են, քան գործող եկեղեցիները։ Շատ կուզեմ, որ այդ մասին բարձրաձայնվի, հարուստներին ուղղորդեն դրանք վերականգնել: Այնքան սիրուն քարուքանդ ամրոցներ ունենք, որոնց թիվը Հայաստանում երեւի 300-ից ավելի է, պատերն են մնացել, դրանք էլ կարելի է վերակառուցել: Ասում են՝ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ, բայց այդ թանգարանը քանդվում է։


- Երեւանի թաքնված ու Ձեզ հարազատ տեղերը:

- Ծնվել եմ Երեւանի առաջի հիվանդանոցում, մեր տունը եղել է Անի հյուրանոցի դիմացը՝ հենց Սայաթ-Նովա փողոցի վրա, բայց այդ շենքը քանդել են: Ամենաշատն այդ հատվածն եմ սիրում ու որեւէ տեղ գնալիս այնպես անում, որ անցնեմ դրա կողքով: Սիրում եմ նաեւ Թամանյանի արձանի շրջակայքը, որովհետեւ Մոսկովյան ու Իսահակյան փողոցների վրա են եղել իմ դպրոցն ու ինստիտուտը: Քաղաքի կենտրոնն իմ սերն է եղել, բայց հիմա ինձ շատ օտար եմ զգում այնտեղ։ Չգիտեմ էլ՝ ինչից է. ծանոթ դեմքերի չես հանդիպում, մեր հին բակում մարդ չկա։ Քաղաքն անդեմ սարքեցին։ Առաջ Կասկադով բարձրանում էի Անտառային, որտեղ ընկերներիս տնից ամբողջ քաղաքն էր երեւում, հիմա ամենուր այդ անճաշակ բետոնե 20 հարկանի սյուներն են՝ մեկը մյուսից այլանդակ, որոնք ծածկել են թամանյանական բոլոր տանիքները։ Թողնես, Արամ Խաչատրյանի արձանի տեղն էլ բարձրահարկ շենք կսարքեն, որ Օպերան էլ չերեւա։ Անտեր է այս երկիրը, այսքան չսիրե՞նք մեր երկիրը:

- Վերջին մեկ տարվա լավագույն պահի կադրը:

- Եվայի հետ մեր արշավներից մեկի ժամանակ Դիլիջանի պարկի անտառներում ենք: Միշտ շշեր ենք հավաքում, ուղղակի այդ անգամ տեսանյութ էլ նկարեցի եւ ասում եմ. «Այս երեխա՞ն պիտի ձեր հետեւից հավաքի, ծանր բերել եք, խմել, դատարկ շիշ տանելը դժվա՞ր է»։ Նայում ես սիրուն ծաղիկներ են, մեջը՝ շշեր։


- Ի՞նչն է  հիմա Ձեզ պակասում:

-Երեւի համբերությունը, չեմ կարողանում համբերել ու տեսնել, թե ինչ է լինելու մեր երկրի հետ։

- Ամենաշատն ինչի՞ համար եք շնորհակալ:

- Շնորհակալ եմ, որ ընկերներս ու ընտանիքս շատ լավն են, Աստծուց եմ շնորհակալ, որ ինձ փայտերով զբաղվելու ձիրք է տվել, ու այսպիսի ճանապարհ եմ ընտրել:

- Ի՞նչ կա 2024-ին Ձեր անպայման անելու ցանկում ու ի՞նչն եք արդեն հասցրել կյանքի կոչել:

- Հասցնել ապրել (ծիծաղում ենք,-հեղ.): Պիտի ապրել, ինչ էլ լինի, պիտի ապրենք։

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ BRAVO.am-ի եւ Սերգեյ Թովմասյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW