Գրիգոր Կյոկչյանն օրեր առաջ դուրս մնաց “Հայաստանի ձայնը” երաժշտական նախագծից, սակայն նույն օրը հաստատվեց այն հրավերը, որ նա պետք է Երեւանում երգի ֆրանսիացի երգչուհի Հելեն Սեգարայի հետ: Այսօր` մարտի 19-ին, “Արամ Խաչատրյան” համերգասրահում կայանալիք համերգին Գրիգորն ու Հելեն Սեգարան դուետով կներկայացնեն հանրահայտ “Vivo Per Lei” երգը:
Գրիգոր Կյոկչյանը
“Սկզբում կարծում էի` կատակ են անում, բայց համերգի հայաստանյան կազմակերպիչներն ասացին, որ ի թիվս հայ մի քանի երգչի, ինձ էլ նկատել են հեռուստանախագծից եւ մեր ձայնագրությունները պետք է ուղարկեն երգչուհու պրոդյուսերներին: Արդյունքում այսօր համերգին զուգերգ կկատարենք, ինչի համար շատ ուրախ եմ:)”, - BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է Գրիգորն ու հավելել, թե պարզել է, որ Հելեն Սեգարայի մայրը հայկական ծագում ունի:
Գրիգոր Կյոկչյանը
Նրա խոսքով` հեռուստանախագծից դուրս մնալն ինչպես իր, այնպես էլ շատերի համար անսպասելի էր.“Զարմացած էի ու չէի սպասում, որ վերջին պահին անհասկանալի պատճառներով կլքեմ նախագիծը: Վոկալային հնարավորություններս չհասցրի ամբողջովին ցուցադրել, բայց չեմ ուզում կենտրոնանալ դրա վրա, որովհետեւ շարունակելու եմ զբաղվել իմ սիրելի գործով: Շնորհակալ եմ, որ նախագիծն ինձ տվեց ճանաչում. հիմա ավելի շատ մարդիկ են ինձնից նորություններ սպասում: Այդ օրը համերգի հրավերի հաստատումն էլ իրոք լուսավոր կետ էր ինձ համար”:
25-ամյա Գրիգորը նպատակ ունի որպես երգիչ կայանալ փոփ-ռոք ոճում. առաջիկայում պատրաստվում է իր հեղինակային երգերից մեկի հիման վրա տեսահոլովակ նկարահանել. “Չեմ կարող էժանագին երաժշտություն կատարել, քանի որ տեսակովս այդպիսին չեմ. գուցե հետագայում ինքս ինձ հակասեմ, բայց հիմա վստահ ասում եմ, որ ռաբիս չեմ երգի: Կարծում եմ` հնարավոր է գտնել ալտերնատիվ տարբերակ, որ երգերն ընդունված ու սիրված լինեն, բայց` ոչ էժանագին: Պարտադիր չէ շատ փախած ժանր ընտրել, որովհետեւ հայ ունկնդիրների մեծ մասը նորամուծությունների պատրաստ չէ, ճաշակ պետք է թելադրես փոքր չափաբաժնով”:
Գրիգոր Կյոկչյանը
Հեղինակ-կատարողն այժմ աշխատում է “Duetro” ստուդիայում, երգեր է գրում տարբեր երգիչների համար, երաժշտական պրոդյուսինգով էլ զբաղվում է Էդգար Ալեքսանյանը.“Կան երգեր, որոնք իմն են ու միայն ես կկատարեմ, մյուսների համար իրենց համապատասխան երգեր եմ գրում: Միայն Միհրան Ծառուկյանի երգացանկից` իմ հեղինակած “Գոլ”-ը կուզեի նաեւ ես երգել: Երեւի հետագայում այդպես էլ կանեմ”:
Գրիգոր Կյոկչյանը եւ Անահիտ Շահբազյանը
Նշենք, որ Գրիգորը մասնագիտությամբ տնտեսագետ է, այժմ սովորում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ասպիրանտուրայում, երաժշտական կրթությունը ստացել է Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի կոմպոզիցիայի բաժնում, 2009-ից աշխատել է Երգի պետական թատրոնում` որպես մեներգիչ. “Տնտեսագետի մասնագիտությունս ինձ շատ է օգնում, ճիշտ որոշում եմ կայացրել ու չեմ փոշմանում: Երաժշտական անհրաժեշտ գիտելիքները ստացել եմ առանց Կոնսերվատորիա ընդունվելու, հիմա շարունակում եմ ինքս ինձ վրա աշխատել ու առաջ շարժվել”:
BRAVO.am
Լուսանկարները` Գրիգոր Կյոկչյանի անձնական արխիվից, "Duetro"-ի եւ “Հայաստանի ձայնը” նախագծի “ֆեյսբուքյան” էջից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: