×


Գրիգոր Ջաբոթյան` հարսանեկան զգեստների հայ արքան

Գրիգոր Ջաբոթյանի ստեղծած զգեստները նուրբ են, կանացի ու եթերային: Իր աշխատանքներում բեյրութահայ դիզայները երկրպագում է կնոջն ու արտացոլում նրա գեղեցկությունն ու անհատականությունը: Նորաձեւության աշխարհում Գրիգորը համարվում է հարսանեկան զգեստների արքան: Նա իր առաջին քայլերը սկսել է Բեյրութի «l'Ecole Superieure des Arts» նորաձեւության դպրոցից: Այնուհետեւ աշխատել է աշխարհռչակ «Elie Saab» ընտանիքում, որտեղ էլ սկսել է մտածել սեփական բրենդը ստեղծելու մասին: 2008-ին Գրիգորի «Une noce funebre» հավաքածուն ցուցադրվել է Դուբայի նորաձեւության շաբաթում: Հենց այդ ժամանակ էլ նա ճանաչվել է Միջին Ասիայի երեք լավագույն դիզայներներից մեկը: Մեկ տարի անց 23-ամյա Գրիգորը Բեյրութում հիմնում է իր սեփական նորաձեւության տունը: Անվանի դիզայները BRAVO.am-ին բացառիկ հարցազրույց է տվել` պատմելով իր անցած ուղու, «Գրիգոր Ջաբոթյան» պիտակով զգեստ կրող կանանց առանձնահատկությունների ու Հայաստանում ցուցադրություն ունենալու մեծ ցանկության մասին:

Գրիգոր Ջաբոթյանը


-Գրիգոր, 18 տարեկանում Դուք արդեն հայտնի էիք եւ հաջողակ: Կպատմե՞ք` ինչպես տարվեցիք նորաձեւությամբ եւ ինչու ընտրեցիք հենց այս ուղին:

-Միշտ հետաքրքրվել եմ դիզայնով, ստեղծագործական աշխատանքով ու կանանցով: Շատ երիտասարդ տարիքում նկատեցի կանանց ոճի յուրահատկությունները, մասնավորապես` նրանց հագուստի ինքնատիպ զարդարանքն ու դետալները: Մեծանալով Միջին Արեւելքում` ես հիանում էի ե՛ւ ինձ շրջապատող կանանցով, ե՛ւ արաբ կնոջ դասական կերպարով: Վստահ էի, որ մի օր այդ ամենը սկիզբ է դնելու իմ կարիերային:

-Ո՞րն է ամենամեծ դասը, որը սովորեցիք հաջողության հասնելու ճանապարհին:

-Երբ ոչնչից ստեղծում ես նոր ապրանքանիշ, շատ հետաքրքիր բաներ ես քեզ համար բացահայտում: Կարծում եմ, որ ամենամեծ դասը սովորում ես, երբ սկսում ես վստահել քո ինտուիցիային: Քեզ շրջապատող մարդիկ միշտ էլ փորձելու են ազդել  ընտրություններիդ ու որոշումներիդ վրա, բայց դու պետք է սովորես անտեսել դրանք ու վստահել միայն ինքդ քեզ:  

-Խոսենք Ձեր զգեստներից: Դրանցով կարելի է անվերջ հիանալ: Աշխատելիս ինչպիսի՞ կնոջ եք պատկերացնում: Ո՞վ է Ձեր մուսան:

-Ստեղծագործելիս պատկերացնում եմ մի կնոջ, ով դրամատիկ է, էլեգանտ եւ կանացի: Մուսա չունեմ, բայց կան հայտնի մարդիկ, որոնց սիրում եմ տեսնել իմ ստեղծագործություններով: Նրանցից մեկը Հորդանանի թագուհի Ռանիա ալ-Յասինն է: Նա մարմնավորում է դասական էլեգանտությունը: Ընդհանրապես, Մերձավոր Արեւելքում աշխատելն ինձ համար մեծ պատիվ է:

Գրիգոր Ջաբոթյանի հեղինակած զգեստներից


-Նկարագրեք այն կնոջը, որը կրում է Ձեր ստեղծած զգեստը:

-Ժամանակակից կին, ով միաժամանակ ուժեղ է եւ խոցելի, ով սիրում է հագնվել ու զարդարել իրեն:

-Կա՞ մի զգեստ, որն ամենից շատ եք սիրում:

-Դիզայները լավն է այնքանով, որքանով լավն է նրա վերջին հավաքածուն: Ամեն անգամ նոր հավաքածու ստեղծելիս փորձում եմ այն դարձնել ավելի լավը, քան նախորդն էր: Եվ հենց դա էլ դառնում է իմ ամենասիրելի ու նախընտրելի հավաքածուն: 

-Ի՞նչ է Ձեզ համար նորաձեւությունը:

-Կարծում եմ` նորաձեւությունը շատ կարեւոր է, որովհետեւ այն մարդուն թույլ է տալիս փորձարկել ու հաճույք ստանալ իր բնավորության ու խառնվածքի բոլոր տեսակներից: Այնուամենայնիվ, ես հավատում եմ հավերժական «look»-երին եւ հիանալի ու ինքնատիպ ոճին:

Գրիգոր Ջաբոթյանի հեղինակած զգեստներից

Գրիգոր Ջաբոթյանի հեղինակած զգեստներից


-Լինել նորաձե՞ւ, թե՞ ունենալ սեփական ոճը: Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդներին:

-Ես կխրախուսեի երիտասարդ կանանց ու տղամարդկանց ընտրել իրենց սեփական ոճը` անկախ նրանից, թե որքան տարբեր նրանք կլինեն: Մեր անհատականությունը մեզ առանձնացնում է մյուսներից եւ դարձնում եզակի գեղեցիկ: 

-Հետաքրքիր է` ինչպիսի հագուստ եք սիրում կրել: Կա՞ն իրեր, որոնցից խուսափում եք:

-Պարզ եւ հավասարակշռված` այսպես կարող եմ սահմանել իմ ոճը, թեեւ վստահ եմ, որ շատ մարդիկ ցանկանում են տարբերվող լինել: Չեմ սիրում կրել ավելորդ իրեր, նախընտրում եմ հանդերձանքի վրա միայն մեկ կարեւոր իր ունենալ: 

-Հայաստանի մասին խոսենք: Կապվա՞ծ եք Ձեր արմատներին:

-Միանշանակ: Ես հպարտ եմ իմ արմատներով եւ զգում եմ, որ հայկական ժառանգությունն արտահայտում եմ իմ ստեղծած զգեստներում: Հուսով եմ` մի օր կկարողանամ Հայաստանում ցուցադրություն ունենալ: Դա ինձ էլ ավելի մեծ հպարտություն կպարգեւի: 

-Շնորհակալ եմ հարցազրույցի համար: Վերջում կկիսվե՞ք հաջողության հասնելու Ձեր բանաձեւով: 

-Իմ հաջողության բանաձեւը շատ պարզ է` նվիրվածություն եւ նորություն կերտելու մեծ ցանկություն:

Զրուցեց Գոհար Արամյանը/Bravo.am/
Լուսանկարները` Գրիգոր Ջաբոթյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW