Դարզուին` Դրո Արզույանին, կհիշեք ռեժիսոր Ռոջեր Կուպելյանի «Բյուզանդիայից արեւելք» ֆիլմի փորձնական նկարահանումներից, որտեղ նա մարմնավորել է սպարապետ Վարդան Մամիկոնյանի կերպարը: Դարզուի խաղից դժվար էր ենթադրել, որ նա իրականում ոչ թե պրոֆեսիոնալ դերասան է, այլ նկարիչ:
Նկարիչ Դարզուն
Դարզուն ծնվել է Գերմանիայում, ապա ապրել Իրանում, իսկ մոտ 13 տարի առաջ տեղափոխվել Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ էլ ապրում ու ստեղծագործում է մինչ օրս:
Առաջին անգամ նրա տաղանդն ուշադրության է արժանացել Իրանում. պատանեկության տարիներին նկարիչն աշխատել է Թեհրանում լույս տեսնող հայկական «Ալիք» օրաթերթի երիտասարդական բաժնում որպես նկարազարդող ու դիզայներ: Այնուհետ սովորել է Թեհրանի Ազատ համալսարանի գրաֆիկական դիզայնի բաժնում: Այդ տարիներին Դարզուն արժանացել է մի շարք մրցանակների ոչ միայն Իրանում, այլեւ Իտալիայում, Թուրքիայում եւ Կորեայում:
Դարզուի կտավներից
Ինչպես BRAVO.am-ի հետ զրույցում տեղեկացրել է Դրո Արզույանը, ԱՄՆ տեղափոխվելուց հետո մշակութային մեծ շոկ է ապրել. «Չէի կարողանում ոգեշնչվել այնպես, ինչպես Իրանում: Շատ դժվար էր ընտելանալ ոճին, նյութերին: Երկար աշխատանքից հետո, իհարկե, գոհ եմ արդյունքից, բայց, այնուամենայնիվ, հինն ավելի հոգեհարազատ է»:
Դարզուի կտավներից
Հնարավորություն ունենալով ստեղծագործել Իրանում եւ Միացյալ Նահանգներում` նկարիչը ցանկություն ունի ապրել ու սիրելի աշխատանքով զբաղվել Հայաստանում. «Երազում եմ հենց Հայաստանում շրջապատված լինել ոգեշնչող էներգիայով»: Նշենք, որ Դարզուն իր աշխատանքները երբեւէ չի ցուցադրել Հայաստանում. չնայած` ցանկությունը մեծ է, առիթ երբեք չի եղել:
Իր կտավներում հիմնականում կանանց պատկերող Դարզուի փոխանցմամբ` նկարում է մի օր նրանց ճանաչելու հույսով եւ բացի այդ. «Կանայք մեծ դեր ունեն իմ կյանքում ոգեշնչելու, սիրելու, հուսալու, փայփայելու եւ, ամենակարեւորը, ինքնաճանաչման հասնելու հարցում»:
“Երազում եմ հենց Հայաստանում շրջապատված լինել ոգեշնչող էներգիայով”.Դարզու
Հետաքրքրվեցինք նաեւ, թե արդյոք «Դարզու» անունն առաջացել է ֆրասահայ նկարիչ Գառզուից ոգեշնչվելու արդյունքում. «Պետք է խոստովանեմ, որ Գառզուի մասին տեղեկացել եմ «Դարզու»-ն ստեղծելուց հետո` հենց նույն հետաքրքրությամբ ծագած հարցերի հետեւանքով»:
Եվ վերջում, BRAVO.am-ի այն հարցին, թե արդյոք նկարիչ դառնալը եղել է Դարզուի մանկության երազանքը, նա պատասխանել է, որ մանուկ հասակում երազել է միայն լավ մարդ դառնալու մասին. «Այսօր նկարիչ եմ դարձել, բայց կատարելագործված, լավ մարդ լինելը դեռ երազանք է»:
Դիանա Հովհաննիսյան/Bravo.am/
Լուսանկարները` Դարզուի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: