×


Դիանա Մարտիրոսյան. Նոթեր Վենետիկի կինոփառատոնից. օր 4-րդ. Ջոքեր

Վենետիկի կինոփառատոնի շրջանակում կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանը առաջիններից մեկն աշխարհում եւ առաջինը հայաստանցիներից դիտել է հոլիվուդյան նոր «Ջոքեր» ֆիլմը՝ անկրկնելի Հոաքին Ֆինիքսի մասնակցությամբ։ Bravo.am-ի համար գրած իր գրախոսությունում Դիանան մի փոքր բացել է փակագծերը, բայց զուտ այնքան, որպեսզի ավելի մեծ ցանկություն առաջանա դիտելու այդ ֆիլմը։

Ջոքերը իբրեւ նոր Համլետ. հենց այսպես, համեմատելով շեքսպիրյան ողբերգության գլխավոր հերոսին DC կոմիքս-իրականության ամենավառ չարագործի հետ, սկսվեց ռեժիսոր Թոդ Ֆիլիփսի եւ դերասան Հոաքին Ֆինիքսի մամուլի ասուլիսը նվիրված տարվա ամենասպասված ֆիլմերից մեկին՝ նոր «Ջոքերին» (Համլետը, ի դեպ, սերում է լատինական Amletus-ից, որն էլ իր հերթին բազմաթիվ շեքսպիրագետներ կապում են իսլանդական amlóð-ի հետ, ինչն էլ իր հերթին թարգմանվում է իբրեւ՝ 1. խեղճ, անբախտ եւ 2. կատակերգու):


Իսկ ավելի ստույգ ասուլիսի ժամանակ հնչած համեմատությունն այսպիսին էր. մեր օրերի հակահերոս, որը դարձել է այնքան կուլտային, այնչափ մեծածավալ, որ յուրաքանչյուր նոր դերակատար բախվում է ծանրակշիռ ու տաժանելի մարտահրավերի հետ։

Արթուր Ֆլիք՝ երիտասարդ տղամարդ, որն ապրում է իր միայնակ մոր հետ նեղլիկ, խարխլված բնակարանում։ Իսկ դուրսը՝ փողոցներում, շաբաթներով կուտակված աղբի տոպրակներ են եւ հարյուրավոր բողոքող աշխատազուրկ քաղաքացիներ, ճիշտ ինչպես մեզ մոտ, միայն թե շուրջբոլորը գորշ ու մռայլ է, իսկ տոպրակները՝ համատարած սեւ։ Արթուրը փողոցային ծաղրածու է՝ «էստի համեցեք» սկզբունքով, երբեմն նույն կոստյումով այցելում է նաեւ երեխաներին, իսկ ամենակարեւորը՝ Արթուրն ունի երազանք՝ երկնագույն եւ ջինջ. դառնալ հայտնի եւ սիրված սթենդ-ափ կատակերգու։


Երեկոները նա անց է կացնում մայրիկի (Ֆրենսիս Քոնրոյ) հետ՝ միասին նրանք դիտում են Մյուրեյ Ֆրանքլինի շոուն (Ֆրանքլինի դերում՝ Ռոբերտ Դե Նիրո): Դե Նիրոն այստեղ կարծես կամուրջ լինի՝ իրական եւ մտածացին աշխարհների միջեւ. գերհայտնի The Hangover-ի (հայերեն լեզվում չկա ֆիլմի միակ ընդունված տարբերակ) ռեժիսոր Թոդ Ֆիլիփսը ասուլիսին նշեց՝ ոգեշնչվել է Մարտին Սքորսեզեի 70-ականների ֆիլմերից։ Այնպես որ չզարմանաք, եթե տեղ-տեղ Ֆենիքսի Ջոքերը հիշեցնի ձեզ Սքորսեզեի «Տաքսու վարորդի» Թրեվիս Բիքլին: Իրականում եւ՛ ռեժիսորը, եւ՛ դերասանը ստեղծել են սեփական Գոթեմը եւ սեփական Ջոքերին՝ օգտվելով բոլոր կոմիքսային նախապատմություններից եւ չհիմնվելով կոնկրետ մեկ սյուժետային գծի վրա։

Ի տարբերություն Քրիսթոֆեր Նոլանի տարբերակից՝ «Ջոքերում» չկան բազմաթիվ պայթյուններ եւ ավտոհետապնդումներ, համակարգչային գրաֆիկա եւ հոլիվուդյան մասշտաբը սկուտեղի վրա դնող բեմադրական աշխատանք, երկրորդական կերպարներն այդքան էլ շատ չեն՝ համենայն դեպս, հանդես չեն գալիս ժանրի համար տիպիկ օժանդակ դերում։ Մռայլ, ռեալիստիկ եւ հողին կպած Գոթեմում Ֆիլիփսը, կարծես, կարգավորում է խոշորացույցի ոսպնյակը միմիայն Արթուրի եւ Արթուրի երթուղու վրա, իր փոքրիկ աշխարհի, որտեղ հերոսը դժբախտ է, չգնահատված, անսեր եւ խոցելի։ Ըստ ռեժիսորի՝ Ջոքերի նպատակը սեփական «ես»-ի փնտրտուքն էր եւ պարզապես մարդկանց ժպիտներ պարգեւելը. արյու՞ն, ո՞ղբ, կորու՞ստ՝ այդպիտի նպատակ միանշանակ չկար։


Ֆիլմի շքեղ նեոնուարին բնորոշ էսթետիկան հիշեցնում է Նոլանի տարբերակը, սակայն այստեղ բեմադրող օպերատոր Լոուրենսը Շեռը ստեղծել է նաեւ բազմաթիվ երկշերտ, սիմետրիկ, դիամետրիկ եւ գողտրիկ կոմպոզիցիաներ՝ այդ կերպ «խոսելով» նաեւ հեղինակային կինեմատոգրաֆին բնորոշ «բառերով»։ Ֆիլմի կոմպոզիտոր Հիլդուր Գուդնադոտիրը կրկնել է «Չերնոբիլի» սեփական սաունդթրեքային տրիումֆը. «Ջոքերում» հնչում են ոչ պակաս ազդեցիկ եւ սառմկեցուցիչ ելեւեջներ, որոնք հիասքանչ ընդգծում են Ֆենիքսի ոսկերչական աշխատանքը, մաքսիմալ նուրբ ճշգրտությամբ ներկայացնում հերոսի տրամադրության եւ հոգեվիճակի վայրիվերումները։ Լարային թրթիռները պատում են մոխրագույն շենքերն ու դեղնականաչ ինտերիերը, ծածկում ոտքից գլուխ, սեղմում կողերը եւ ստիպում շնչել մեծ քաղաքի խոնավ եւ ախտոտված հոտը, շրջել Արթուր-Ջոքերի հետ մետրոյի անցումներով եւ պարել լոգասենյակի հայելու դիմաց, որտեղ Ֆենիքսը ցուցադրում է դերասանական մաստեր-կլաս եւ կամքի ուժի վիզուալ արտահայտում (հանդիսատեսը տեսնում է, թե ինչքան է նիհարել դերասանը այս դերի համար):

Ֆենիքսը (ռեժիսորի միջամտության հետեւանքով) ստեղծել է երեք տեսակի անկառավարելի ծիծաղ՝ միայնակ կարգավիճակի համար, անհեթեթ իրավիճակներում հայտնվելու անկառավարելի ծիծաղ եւ վերջինը՝ ամենաճակատագրականը՝ ազատման ծիծաղ։


Իսկ Թոդ Ֆիլիփսը ժամանակակից հոլիվուդյան շրջանի ամենահաջողակ ռեժիսորներից մեկն է, որը սեփական կատակերգությունների շնորհիվ ստիպել է հազարավոր մարդկանց ծիծաղել, «Ջոքերում» ներկայացնում է ծիծաղի հակառակ կողմը. սուպերտաղանդավոր եւ, ամենակարեւորը, իրար հետ ամբողջական հարմոնիա ստեղծած թիմի ակտիվ աջակցության արդյունքում նա ստեղծել է ոչ թե սուպերհերոսական բլոքբասթեր, պարզապես վաճառվող մեյնսթրիմ, այլ մի մարդու ողբերգություն, հասուն եւ համափարպակ՝ տալով Գոթեմի չարագործի կյանքի մասին բոլոր պատասխանները եւ հստակ չբացատրելով, թե ինչպես են մարդիկ անցնում նմանատիպ ռուբիկոնները, տրորում շեմը եւ ազատություն տալիս չարին։

Կոմիքս սագայի ամենամարդկային հակահերոսը, ինչպես եւ վերոհիշյալ Համլետը, միս ու արյունից է, հալածված է ու անինքնավստահ, «դժբախտ կատակերգու», հետեւաբար, ինչպես եւ բոլորս, ծանր եւ անդադար ապտակներ տվող կյանքի իրավիճակներում ունի խրախուսանքի եւ քաջալերման կամ պարզապես ժպիտի կարիք։

Դիանա Մարտիրոսյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW