×


Դիջեյներն ու բարի մարդիկ՝ հանուն Բարի տնակի կառուցման

«Բարի մամա» հասարակական կազմակերպության անդամներն ու պարզապես բարի մարդիկ օրերս համախմբվել էին մեկ գաղափարի շուրջ՝ աջակցելու Բարի տնակի կառուցման վերջին աշխատանքներին: Այդ նպատակով կազմակերպվել էր «DJs for Charity Mega Party» խորագրով միջոցառումը, որին ելույթ ունեցան դիջեյ Վակցինան (Հայաստան), դիջեյ Տալ Տոբին (Իսրայել) եւ դիջեյ Տիկը (Հայաստան): Երեկոյի ընթացքում կայացավ նաեւ յուրահատուկ նվերների խաղարկություն, որին մասնակցելու հնարավորություն ունեին բարեգործական ակցիայի բոլոր մասնակիցները:

Դեռ երկու ամիս առաջ հայտարարվել էր, որ երեք սրճարանում ներկայացված են ստեղծագործող երեխաների կողմից նկարված աշխատանքներ, որոնք կարելի է գնել՝ սկսած 500 դրամից: Այդպիսով գնորդը հնարավորություն էր ստանում մասնակցել ոչ միայն դիջեյների միջոցառմանը, այլեւ հաղթել երեք գլխավոր մրցանակներից մեկը: Դրանք էին՝ ուղեւորություն դեպի Իսրայել՝ երկու անձի համար, 3 ամսվա լողի աբոնեմենտ եւ ուղեւորություն դեպի Թբիլիսի՝ 2 անձի համար: Երեկոյի ընթացքում խաղարկվեցին հենց այս մրցանակները, բացի այդ, տեղի ունեցավ նաեւ հետաքրքիր իրերի աճուրդ-դրամահավաք:

Կամո եւ Մարինա Ադուլյանները


«Բարի մամա» ԿՀ խորհրդի անդամ Արուսիկ Մկրտչյանը, նույն ինքը՝ դիջեյ Վակցինան, մեզ հետ զրույցում նշեց, որ հավաքված ողջ հասույթն ուղղվելու է Բարի տնակի ներքին հարդարման աշխատանքներին, մասնավորապես՝ վերելակի եւ ջեռուցման համակարգի տեղադրմանը.«Միջոցառման միտքը վաղուց կար, եւ երբ ես վերսկսեցի դիջեյական աշխատանքս, Մարինան առաջարկեց իմ մասնակցությամբ մեծ բաց միջոցառում անցկացնել: Դե, քանի որ ես միայնակ չէի կարողանա ամբողջ երեկոյի ընթացքում նվագել, որոշեցինք Իսրայելից մի շատ հայտնի դիջեյի հրավիրել՝ Տալ Տոբիին, ով սիրով համաձայնեց գալ եւ իր փոքրիկ ներդրումն ունենալ այս բարի գործում»:

Արման Մարգարյանը


Նրա կատարմամբ հնչեց հաուս ոճի երաժշտություն, դիջեյ Տիկն ու Տալ Տոբին էլ ներկայացան հիմնականում տեխնո ոճի կատարումներով: Երեկոն էլ վարում էր հաղորդավար Արման Մարգարյանը: Շատերը միջոցառմանը ներկայացել էին իրենց երեխաների հետ, ովքեր նույնպես ձանձրանալու առիթ չունեցան եւ մեծ ոգեւորությամբ պարեցին իրենց ծնողների հետ:

«Բարի մամա»-ի բարեգործական միջոցառմանը


«Բարի մամա» ՀԿ նախագահ Մարինա Ադուլյանը, ամփոփելով արդյունքները, տեղեկացրեց, որ երկու ամսվա ընթացքում երեք սրճարաններում վաճառվել են երեխաների բազմաթիվ նկարներ, արդյունքում հավաքվել է մոտ 420.000 դրամ: «Figaro Group» ընկերության տնօրեն Անի Հովակիմյանի որոշմամբ՝ այդ գումարը կդառնա 1 մլն դրամ: Այնպես որ, սպասենք Բարի տնակի կառուցման վերջին աշխատանքներին, որոնց ավարտից հետո առաջին շահառու բնակիչներն արդեն իրենց նորամուտը կտոնեն նոր մասնաշենքում:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին