Խոստովանենք, որ հղիությունը, բացի ուրախության սպասումից, մեծ սթրես է կնոջ օրգանիզմի, ինչպես նաեւ նրա կողակցի համար: Հղիությունը սեքսի արդյունք է, իսկ սեքսը` նաեւ զուտ հաճույքի պահանջ ու աղբյուր նույնիսկ հղիության ժամանակ: Տարբեր զույգեր ամենատարբեր սեքսուալ վարք են ցուցաբերում. ոմանք շարունակում են սեռական կյանքը ողջ հղիության ընթացքում, զույգեր էլ կան դադարեցնում են առհասարակ. «ի՞նչ սեքսի մասին է խոսքը, եթե ներսում մարդ կա»: Հայ իրականությունում է՛լ ավելի հետաքրքիր դեպքեր են գրանցվում, երբ սեքսի լինել-չլինելը, հաճախականությունն ու ապահովությունը հսկվում ու շտկվում է ընտանիքի գլխավոր ռեժիսորի՝ սկեսուր-մայրիկի կողմից:
Հղի կնոջ սեքսուալ ցանկությունը խիստ անհատական է: Հնարավոր է՝ ցանկությունը սրվի ու հյուծի ամուսնուն, հնարավոր է` այն քչանա կամ կորչի՝ փակուղի մտցնելով նրան: Տղամարդու մոտ էլ ամեն ինչ անհատական է` «չեմ ընկալում որպես կին»-ից մինչեւ «նա ավելի կանացի ու ցանկալի է դարձել»:
Ամենահաճախ տրվող հարցերը հղիության ու սեքսի վերաբերյալ.
1.Կարելի՞ է սեքս հղիության ընթացքում: Եթե հղիությունը լավ է ընթանում, չկա ընդհատման կամ այլ բարդությունների վտանգ, ապա սեքսը թույլատրելի է ընդհուպ մինչեւ ծննդաբերությունը: Չի կարելի զբաղվել սեքսով, եթե կա
-հղիության ընդհատման վտանգ՝ հաստատված բժշկի կողմից,
- անկարողություն, երբ հնարավոր է արգանդի վզիկի վաղաժամ բացվածք,
-բազմապտուղ հղիություն,
-պտղապարկի պատռվածք,
-պտղի առաջադրություն,
-վարակիչ հիվանդություններ:
Սրանք հիմնական հակացուցումներն են:
2.Կարո՞ղ է առնանդամը վնասել պտղին: Ոչ, սեռական ակտի ընթացքում տղամարդը ոչ մի կերպ չի կարող վնասել երեխային, քանի որ վերջինս խնամքով պաշտպանված է պտղաջրերով, ընկերքով եւ արգանդով, իսկ հեշտոցի կողմից արգանդի վզիկը փակ է լորձային խցանիկով:
3.Կարո՞ղ է սեքսը հանգեցնել վաղաժամ ծննդաբերության: Վաղ անցյալում բժշկությունը հորդորում էր հրաժարվել սեքսից հղիության ողջ ընթացքում: Հետո սահմանափակումները թուլացրին. խորհուրդ էր տրվում չզբաղվել սեքսով ծննդաբերությունից մինչեւ 6 շաբաթ առաջ՝ վաղաժամ ծննդաբերությունից խուսափելու համար: Այսօր սեքսի վրա դրված սահմանափակումներն առհասարակ հանված են. բժիշկները կարծում են, որ այն անվնաս է հղիության համար, եթե հատուկ հակացուցումներ չկան:
4.Կարո՞ղ է արդյոք օրգազմն իրական ծննդաբերական կծկումներ առաջացնել: Անցյալում համարվում էր, որ օրգազմը կարող է արգանդի կրճատումներ առաջացնել ու հանգեցնել վաղաժամ ծննդաբերության: Այժմ հաստատվել է, որ եթե վզիկը, արգանդն ու պտուղը չեն հասունացել ծննդաբերության համար, ապա օրգազմի ժամանակ արգանդի կրճատումները չեն ազդում հղիության վրա:
Կարեւոր փաստեր, որոնք պետք է հաշվի առնել:
*Հորմոնալ հրաբուխ: Հղիության ընթացքում հորմոնները բառացիորեն պայթյունավտանգ են դառնում, որն ազդում է սեքսուալ կյանքի վրա: Հղի կնոջ համար բարդ է կառավարել հույզերը: Նա կարող է նույնիսկ լացել սեքսուալ գրգռվածությունից:
*Երեքով անկողնում: Բազմաթիվ տղամարդիկ հղի կնոջն ընկալում են որպես մայր, իսկ դա հոգեբանորեն ազդում է տղամարդու սեքսուալ տրամադրվածության վրա: Անբարո է սեքսով զբաղվել երեխայի ֆիզիկական ներկայությամբ: Բայց հղիության ինն ամիսների ընթացքում մայրն ու պտուղը մեկ անբաժանելի օրգանիզմ են: Եվ այն, ինչ օգտակար ու հաճելի է մորը, դրական է ազդում նաեւ պտղի վրա: Օրգազմի ընթացքում զուգընկերների միջեւ հզոր էներգետիկ փոխանակում ու հաճույքից առաջացող կծկումներ են գրանցվում, ինչն օգտակար է կնոջ, հետեւաբար նաեւ պտղի համար:
*Արտաքին տեսք եւ բարդույթներ: Գնալով մեծանում է փորիկը, ուռչում են կրծքագեղձերը, որոնք միգուցեեւ գեղեցիկ են, բայց գրեթե անհասանելի տղամարդու համար, քանզի մշտապես ցավում են: Կինն իրեն ծանր, դանդաղաշարժ ու հակասեքսուալ է զգում:
Այս բոլոր զգացողություններից գրեթե անհնար է ազատվել: Մնում է համբերատար սպասել՝ հրաշքի ակնկալիքով:
Տղամարդկանց խորհրդատվական անկյուն
Անկյուն բառը պատահաբար չէ ընտրված: Կողակից կնոջ հղիությունը տղամարդու համար հաճախ անկյուն է հիշեցնում, որտեղ երկու կողմում պատեր են ու մնում է ադապտացվել այդ անկյան շրջանակներում: Տղամարդկանց կարելի է նախ եւ առաջ մեկ բան մաղթել՝ համբերություն, շատ մեծ, գրեթե անսպառ համբերություն: Հղի կինն ու նրա հետ սեքսը նման են ականապատ դաշտի. մեկ անուշադիր շարժում, եւ պայթյունն անխուսափելի է: Ահա մի քանի խորհուրդ տղամարդկանց հղի կնոջ հետ սեքսի վերաբերյալ:
*Գլուխ մի՛ դրեք նրա՝ որպես կանոն անհիմն մեղադրանքներին ու բողոքներին: Նյարդերն անջատած լսեք նրան, մխիթարեք, փաղաքշեք ու ասեք, որ ամեն ինչ նրա ուզածով կանեք:
*Սեքսի հարցում ամեն ինչ նրան հարմարեցրեք՝ ժամային հատվածից մինչեւ դիրքերը: Հղի կնոջ սիրտը խառնում է գրեթե 24 ժամ: Հղիների մեծ մասի խոստովանությամբ` սեքսի ամենահարմար պահերը վաղ առավոտն ու ցերեկային քնից հետո մեկ ժամն են:
*Ամենատհաճն այն դեպքն է, երբ կնոջ սիրտը խառնում է հենց ձեզնից: Անպայման պարզեք, թե կոնկրետ ինչից՝ օծանելիքից, այտամորուսից, ծխախոտի հոտից, թե այլ որեւէ բանից, ու վերացրեք դա:
*Ըստ տարբեր ժամկետներում փորիկի մեծության՝ պետք է հարմարավետ դիրքեր փնտրել, լինել ծայրահեղ նուրբ, չշտապել, ակրոբատիկայից ու ինտենսիվությունից զերծ մնալ: Մեծ ժամկետներում ամենահարմարներից է կողքի վրա պառկած գդալիկների դիրքը:
*Ուշադիր եղեք հատկապես կրծքերի նկատմամբ. դրանք ցավում են ու գերզգայուն են դառնում՝ էրոգեն գոտուց կամաց-կամաց վերածվելով լրիվ այլ՝ շատ ավելի օգտակար բանի:
Աուրա Ֆ.
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: