Աննա Խաչատրյանը Մեծ Բրիտանիայում երեք շաբաթ շրջելուց ու հանգստանալուց հետո Երեւան է վերադարձել տպավորված ու կրկին այդ երկիրն այցելելու ցանկությամբ:): Երգչուհին Անգլիայում առաջին անգամ է եղել, տեսել է բոլոր այն վայրերը, որոնց մասին դպրոցական եւ ուսանողական տարիներին գրքերում է կարդացել:
Աննա Խաչատրյանը երեք շաբաթ հանգստացել է Մեծ Բրիտանիայում
“Քանի որ ավարտել եմ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը, Անգլիայի մասին շատ բան գիտեի գրքերից: Հիմա էլ բախտ վիճակվեց այդ ամենն իմ աչքերով տեսնելու, զգալու եւ հասկանալու, որից հետո լրիվ ուրիշ ձեւ ես սկսում ընկալել երկիրը: Այն շատ բազմերանգ ու գեղեցիկ է: Վստահ կարող եմ ասել, որ ոչ մի երկրում ճամպրուկով այդքան մարդ փողոցներում չեմ տեսել, որքան Լոնդոնում. ամեն չորրորդը ճամպրուկով է ման գալիս: Ի դեպ, ավելի շատ այլազգիների եմ տեսել` հնդիկ, արաբ, սեւամորթներ”:
Աննան սկզբում այցելել է Յորք քաղաք, այնուհետ` Լոնդոն. “Ի տարբերություն Լոնդոնի, Յորքը իսկական անգլիական քաղաք է, շատ եմ հավանել հատկապես Յորք Մինսթր տաճարը: Յորքի ծուռումուռ շենքերն ու տները հետաքրքիր են, հիմքերը նստած են, քեզ թվում է` պատուհանն ուժեղ փակես, կփլվի, բայց մինչ օրս դրանք կան, որպես պատմական հուշարձան պահպանվում են, արգելված է ձեւափոխելն ու քանդելը: Իսկ Բիգ Բենը նկարներից իրականում շատ է տարբերվում, աննորմալ գեղեցկություն է: Ես սիրում եմ հենց այդ հնությունը, իսկ Անգլիայից հնության հոտ է գալիս”:
Աննա Խաչատրյանը երեք շաբաթ հանգստացել է Մեծ Բրիտանիայում
Աննա Խաչատրյանն իր սիրելի երկիր մեկնել է մայրիկի ու մորաքրոջ ընտանիքի հետ. “Ճամփորդելիս չեմ սիրում միայնակ լինել, հնարավորության դեպքում շատ մարդկանցով ենք գնում: Անգլերենի իմացությունն էլ շատ պետք եկավ: Պարզվեց` բրիտանական անգլերենը հասկանալն ավելի բարդ է, քան ես սպասում էի: Առաջին մի քանի օրը դժվարությամբ էի շփվում, բայց երկար ժամանակ իմ անգլերենը չօգտագործելուց հետո լավ առիթ էր նորից վերհիշելու եւ կատարելագործելու”:
Երգչուհին տպավորված է Օքսֆորդի համալսարանով ու այնտեղ տիրող մթնոլորտով. “Մտնում ես բակ ու արդեն ուզում ես այնտեղ սովորել: Ցավոք, ներսից լսարանները չեմ տեսել, միայն դիմորդներին է թույլատրվում բաց դռների օրը ներս մտնել ու տարածքն ուսումնասիրել: Իսկ քոլեջներից մեկում կարդացի յոթ հայի անուն-ազգանուն, մի տեսակ հպարտության զգացում ապրեցի”:
Աննա Խաչատրյանը Ուիլյամ Շեքսպիրի տուն-թանգարանում
Ուղեւորության ընթացքում Աննա Խաչատրյանը մտել է նաեւ նշանավոր գրող, թատերագիր Ուիլյամ Շեքսպիրի տուն-թանգարան, բայց հիասթափված է դուրս եկել. “Պարզ երեւում է, որ տունը թարմ տեսք ունի, չէր կարող մոտ 500 տարի առաջ Շեքսպիրն ապրել նման տան մեջ: Ամեն դեպքում առաջին անգամվա համար հետաքրքիր է թվում, մյուս կողմից էլ բարկացնում է, որ դժվար թե իրականությանը համապատասխանի ներկայացվածը: Ավելի տպավորված եմ Չերչիլի ծննդավայրով: Անսպասելի էր, որ այդ ահռելի տարածությունը մեկ մարդու է պատկանել: Ամրոցում մարդիկ ապրում են, գիշերը քնում, իսկ ցերեկը հարյուրավոր զբոսաշրջիկների են ընդունում, հրաշալի եկամտի աղբյուր ունեն, որովհետեւ մուտքի տոմսը բավական թանկ է”:
“Բիգ Բենը նկարաներից իրականում շատ է տարբերվում, աննորմալ գեղեցկություն է”. Աննա Խաչատրյան
Երգչուհին խորհուրդ է տալիս Լոնդոն մեկնելուց առաջ մի քանի հատ հովանոց վերցնել. “Հաստատ դրանք կջարդվեն, չեն դիմանա անձրեւին ու քամուն. իմ փորձից եմ ասում, որ հովանոցներն այնտեղ շատ կարճ կյանք են ունենում:)”:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աննա Խաչատրյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: