Հայտնի ռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր Ռոման Բալայանն այս օրերին Երեւանում է: Իսկ առիթը հետեւյալն է՝ Երեւանում մեկնարկելու են արվեստագետի ռեժիսուրայի բարձրագույն կուրսերը, որոնց շրջանակում մեր մայրաքաղաքում վարպետության դասեր կանցկացնեն աշխարհի մեծագույն ռեժիսորները:
Հայաստանում մեկնարկելու են Ռոման Բալայանի ռեժիսուրայի բարձրագույն կուրսերը
Այսպիսով, Կիմ կի Դուկը, Պեդրո Ալմոդովարը, Էմիր Կուստուրիցան եւ անվանի այլ ռեժիսորներ իրենց գիտելիքներն ու փորձը կփոխանցեն Ռոման Բալայանի ղեկավարած կուրսին: Ընդունելության քննությունները կանցկացվեն այս տարվա օգոստոսին, իսկ դասընթացներն Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում կմեկնարկեն հոկտեմբերին:
“Արամ Շահբազյանը, որն ինձ կփոխարինի Երեւանում չլինելուս ժանակ, երկու ռեժիսոր Ռուսաստանից եւ Վրաստանից, ինչպես նաեւ ես կընտրենք լավագույներին”,-ասել է Ռոման Բալայանը՝ ռուս եւ վրացի ռեժիսորների անունները չհայտնելով, բայց նշելով, որ “նրանք շատ հայտնի եւ տաղանդավոր են”:
Հարություն Խաչատրյանը, Ռոման Բալայանն ու Արմեն Մազմանյանը
Դասընթացներին մասնակցելու հնարավորություն կստանա ցանկացած մասնագիտությամբ 7-ից 10-ը հոգի, որոնց համար գլխավոր նախապայման է լինելու բարձրագույն կրթություն ունենալը: “Կարող են դիմել բժիշկներ, լրագրողներ, կինոյից հիասթափված մարդիկ, ովքեր պատրաստ են կինոյով “հիվանդանալ’’: Հայտ ներկայացնողները առաջին հերթին պետք է լավ երեւակայություն ունենան”,-պարզաբանել է անվանի ռեժիսորը:
Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանն էլ հետեւյալն է ասել. “Ավագ եւ միջին սերնդի բոլոր ռեժիսորները մշտապես անհրաժեշտ էին համարում կինոյի դաշտում որակյալ կրթության ձեւաչափ ստանալ` ժամանակի հետ համահունչ լինելու համար: Մենք ունենք բակալավրիատ, մագիստրատուրա, բայց փորձը ցույց է տալիս, որ չունենք այն որակը, որը կարելի է ժամանակակից կինո համարել: Մենք կարիք ունենք շփվելու աշխարհի հետ` վերցնելով’’:
"Ոսկե ծիրան" փառատոնի նախագահ Հարություն Խաչատրյանը
ՀՀ նախագահի հավանությանն արժանացած նախագիծն ունենալու է հիմնադրամի կարգավիճակ: Հայաստանում Ռոման Բալայանի ռեժիսուրայի բարձրագույն կուրսերի ծրագիրն իրականացվում է Մշակույթի նախարարության, Ազգային կինոկենտրոնի, Կինոգործիչների միության, “Ոսկե ծիրան” փառատոնի, Նկարիչների միության հետ համատեղ՝ “Պարադիզ” ընկերության աջակցությամբ, որի տնօրեն Գեւորգ Ներսիսյանը 100 հազար դոլար է նվիրաբերել:
Տեքստը Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/


×
4,798






