×


Թալանել են նախկին “Թիվ 5” խմբից Մանվել Խաչատրյանի տունը

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան, նախկին “Թիվ 5” խմբի երգիչ Մանվել Խաչատրյանը ստեղծագործական նորություններից բացի, BRAVO.am-ին պատմել է նաեւ մոտ մեկ ամիս առաջ իրեն մատուցված “հաճելի” անակնկալի մասին. թալանել են իր վարձակալած տունը, որտեղ բնակվում է կնոջ եւ երեխայի հետ` գողանալով գումար եւ ոսկեղեն:

Մանվել Խաչատրյանը


“Քանի որ թատրոնում այդ օրը մինչեւ ուշ ժամի փորձի էի լինելու, կնոջս ուղարկել էի Գյումրի` ծնողներիս մոտ: Երբ վերադարձա տուն եւ փորձեցի դուռը բացել, զգացի` բանալին փականի մեջ դժվարությամբ է մտնում: Թեթեւ հրեցի, դուռը բացվեց: Արդեն հասկացա, որ մի բան այն չէ: Դրամապանակս, որի մեջ իմ բոլոր փողերն էին,  ամբողջովին դատարկ էր. առավոտյան էի այն հանել դարակից, վերցրել ինձ անհրաժեշտ գումարը, իսկ մնացածը թողել սեղանին, այնպես որ գողերը երկար չեն էլ փնտրել: Տարել են նաեւ մեր ամբողջ ոսկեղենը”,-հայտնել է Մանվել Խաչատրյանը:

Մանվել Խաչատրյանը կնոջ հետ


Մեր հարցին, թե որքան է կազմել հասցված վնասը, նա պատասխանել է հետեւյալը. “Շատ ուժեղ շոկ ապրեցի. շատ տարօրինակ զգացողություն էր: Քարացել էի տեղում, հետո ուշքի եկա, գնացի հարեւանների մոտ, նրանք էլ անմիջապես ոստիկանություն զանգահարեցին, որոնք եկան մեծ շքախմբով, ամեն ինչ հետազոտեցին, նկարահանեցին, հարուցեցին քրեական գործ: Ողջ գողոնը գնահատվեց շուրջ 3 մլն դրամ, որն ինձ համար մեծ գումար է”: 

“Ես ծագմամբ գյումրեցի եմ, մեզ մոտ ընդունված է հարսանիքին ոսկի նվիրել:  Տատիկիս` ժառանգաբար փոխանցված ժամացույցը եւ ինձ ու տիկնոջս համար թանկ այլ իրեր եւս այլեւս չունենք: Մտածում էի` արդեն հասել եմ այն տարիքին, որ այլեւս ոչ մի զգացողություն առաջին անգամ չի լինի, բայց սխալվում էի. դատարկության նման տարօրինակ զգացողություն երբեւէ չէի ունեցել”,-հավելել է Մանվելը:

Դերասան, երգիչ Մանվել Խաչատրյանը


Խոսելով քրեական գործի ընթացքի մասին` դերասանը նշել է. “Դեռեւս ոչ մի լուր չկա: Կարծում եմ` երկար կսպասենք ինչ-որ արդյունքի, եթե այն, իհարկե, լինի: Բայց ասեմ, որ ես գողերին չեմ մեղադրում, չեմ անիծում, ես եմ մեղավոր, որ տան մեջ էի պահում ոսկին եւ երկար ժամանակ հավաքած գումարս: Ամեն ինչն իր սկզբնաղբյուրն ունի. եթե այդ գողը հացի խնդիր չունենար, գուցե նման բան չէր լինի, չնայած` ամեն ինչ հարաբերական է…”:

Մանվել Խաչատրյանը կատարվածի մասին որոշել է կնոջն այնպես ասել, որ նա շատ չնեղվի, բայց. “Զանգեցի բոլոր բարեկամներիս, խնդրեցի, որ իրեն չասեն: Սակայն կնոջս քեռու տղան, չիմանալով, որ Լուսինեն տեղյակ չէ, զանգել է` դեպքի մանրամասները ճշտելու: Կինս էլ շփոթված ինձ զանգեց, ես էլ ասացի, որ մեզ թալանել են, փառք Աստծո, ավելի վատ բան չի եղել”:

Մանվել Խաչատրյանի որդին


“Վատն այն է, որ ես եւ ինձ նման այլ երիտասարդներ պայքարում ենք մեր հայրենիքում մնալու համար, բայց դժվար է:  Օրինակ, “Երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարաններ” նախագիծ կա, մտածեցի` գնամ եւ այդ նախագծի շնորհիվ տուն գնեմ, բայց ինձ մերժեցին, քանի որ իմ, կնոջս եւ երեխայիս տարիքների գումարը պետք է 60-ից բարձր չլիներ: Ասածս այն է, որ անգամ այդ զիջումը չարեցին մեզ համար: Ամեն դեպքում դեռ այստեղ եմ, շարունակում եմ կյանքս, վերականգնվում եմ այդ տխուր պատմությունից հետո, իսկ ժամանակը ցույց կտա ամեն ինչ”,-նշել է նա:

Մանվել Խաչատրյանը


Անդրադառնալով ստեղծագործական նորություններին` Մանվելը տեղեկացրել է. “Ինձ համար չափազանց հետաքրքիր վարպետության դասերի եմ մասնակցում, որոնք վարում է Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանը: Այնտեղ ամեն ինչ այլ է` մթնոլորտը, մոտեցումները, ոչինչ սովորական չէ, հին չէ: Դասեր են` հիմնված ուշադրության, հոգեկան աշխարհի վրա: Երկու շաբաթվա ընթացքում դեռ ոչ մի տեքստ չենք ասել, միայն մարմնի եւ միմիկական շարժումներ: Ասեմ, որ շատ եմ սիրում Փոքր թատրոնը, միշտ եմ հավանել: Այդ թատրոնն ինձ համար երազանքի պես էր, որը հիմա գրեթե իրականանում է: Արդեն նախագիծ կա` խաղարկային փոքր ֆիլմ, որտեղ ես գլխավոր դեր եմ խաղալու: Դեռեւս փակագծերը չբացեմ, բայց ցանկանում եմ հանդես գալ նաեւ որպես կինոյի դերասան: Արդեն նկարահանվել եմ “Անծանոթը” սերիալում` մարդասպանի կերպարում: Ռեժիսորների հետ որոշեցինք վերացնել այն կարծրատիպը, որ հայկական սերիալի մարդասպանը պետք է թրաշով եւ բանտարկյալի տեսքով մեկը լինի: Ստեղծեցինք քաղաքավարի մի մարդու կերպար, որը հիվանդ հոգեբանություն ունի: Իսկ երգարվեստի հետ կապված նորություններ դեռ չունեմ, բայց ցանկանում եմ երգել դերասանական ոճով”:

“Հիմա Ստանիսլավսկու թատրոնում խաղում եմ լավ ներկայացումներում` “Բադի որսը”, “Մանյակը”, “Օ մադամ, օ միսյե”, “Ուրիշ մարդը”: Նշեմ, որ տոնական ներկայացումները կսկսվեն դեկտեմբերի 25-ից”,-հավելել է նա: 

Տեքստը` Աննա Զիլֆուղարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Մանվել Խաչատրյանի անձնական արխիվից
 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին