×


Թամարա Պետրոսյան.“Այն իմ կյանքի ամենամեծ հաճույքներից է”

Թամարա Պետրոսյանն այս շրջանում նկարահանվում է “Ընտանյոք հանդերձ” սիթքոմում՝ գլխավոր հերոսուհու կերպարում։ Դերասանուհու խաղընկերը Սամվել Թոփալյանն է, նրանց կերպարները՝ Մարին եւ Դավիթը, սիրահարվում են եւ հայտնվում իրավիճակային կատակերգական տարբեր տեսարաններում։

Թամարա Պետրոսյանը


BRAVO.am-ի հետ զրույցում նա պատմել է իր նոր կերպարի մասին եւ նշել, որ հաճույքով է տեսախցիկի առջեւ աշխատում.“Ամենասկզբում ռեժիսորը բացեց բոլոր փակագծերը։ Մարին դրական ու կիրթ աղջիկ է, նա դիպլոմային աշխատանքն ավարտելու համար ընդունվում է իր հայրիկի ընկերոջ խանութ եւ փորձում մասնագիտական հմտությունները կիրառել վաճառքի ոլորտում։ Նա գիտի, թե ինչ է ուզում կյանքից, խելացի եւ նպատակասլաց է, միեւնույն ժամանակ հայտնվում է հումորային իրավիճակներում, երբ գլխավոր հերոսի ընտանիքի անդամները միջամտում են իր եւ Դավիթի հարաբերություններին։ Զավեշտալի տեսարանները ֆիլմում շատ են։ Ես ու ռեժիսորը եկանք այն եզրահանգման, որ Մարին, լինելով բարի ու համեստ աղջիկ, նաեւ ուժեղ է եւ իր սկզբունքներն առաջ է տանում”։

Թամարան նշել է, որ ֆիլմերում իրեն մեծ մասամբ առաջարկում են դրական կերպարներ, իսկ թատրոնում իր դերերը բազմաբնույթ են.“Քասթինգներին դերասաններին ընտրելիս հաշվի են առնում արտաքինը, երեւի ռեժիսորներն իմ մեջ բարի մարդ են տեսնում:)։ Բայց բեմում ես “խարակտերային” կանանց եմ մարմնավորում, մանավանդ “Շեղշե լա ֆամ” ներկայացման մեջ հակասական կերպարում եմ, թեեւ նրա տեսակն արդարացնում եմ եւ լիարժեք բացասական չեմ համարում։ Հետագայում գուցե ցանկանամ ֆիլմերում հակասական կերպարներ խաղալ, թատրոնում էլ` բարի հերոսուհիների, բայց հիմա հավասարակշռություն կա, եւ պակասություն չեմ զգում”։

Թամարա Պետրոսյանը


Նա թատրոնում այժմ զբաղված է երեք ներկայացման մեջ՝ “Դոն Ժուանները Մարսելում”, “Դոն Ժուան Ավիա” եւ “Շեղշե լա ֆամ”, բացի այդ “Արցախի ձայներ” խմբի մեներգչուհիներից է.“Մեր խմբի լավագույն կողմերից մեկն այն է, որ հանդես ենք գալիս ե՛ւ խմբակային, ե՛ւ անհատական կատարումներով։ Ես երգում եմ սիրո մասին կատակ-երգեր, Արցախի բարբառով երգեր, նաեւ ջազ ստանդարտներ”,-ասել է նա` տեղեկացնելով, որ առաջիկայում Մոսկվա հյուրախաղեր ունեն, նաեւ տեղի կունենա խմբի նոր տեսահոլովակի պրեմիերան:

Մեր հարցին` hնարավոր է արդյոք որոշի հանդես գալ որպես երգչուհի, Թամարան պատասխանել է.“Իմ առջեւ հատուկ նպատակ չեմ դրել, որ ինձ ճանաչեն որպես դերասանուհի-երգչուհի։ Երգն իմ կյանքի ամենամեծ հաճույքներից մեկն է։ Գուցե հետագայում տեսահոլովակ նկարահանեմ, եթե պայմաններն ու պատճառները թույլ տան”։

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Թամարա Պետրոսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW