×


Հովհաննես Թումանյանի հեքիաթների աուդիոգիրքը` ռուսերենով

Հունիսմեկյան տոնի կապակցությամբ հատուկ երեխաների համար երեկ անակնկալ է մատուցել “Բյուրոկրատ’’-ը` ներկայացնելով “Հովհաննես Թումանյան-Հայ ժողովրդական հեքիաթներ” աուդիոգրքի ռուսերեն տարբերակը, որը ռուսախոս սփյուռքահայերի, ինչպես նաեւ հայ գրականությամբ եւ մշակույթով բոլոր հետաքրքրվողների համար է: 

“Հովհաննես Թումանյան-Հայ ժողովրդական հեքիաթներ” աուդիոգրքի շնորհանդեսին


“Բյուրոկրատ’’ գրատան հրատարակած աուդիոգիրքն ընդգրկում է 8 հեքիաթ, որոնք ընթերցվել են ասմունքի վարպետներ Աննա Հեքեքյանի եւ Սերգեյ Մաղալյանի կողմից: Ձայնասկավառակի նկարիչ-դիզայները Դավիթ Մարգարյանն է, երաժշտական ձեւավորումն իրականացրել է Մհեր Պետրոսյանը` օգտագործելով հայ կոմպոզիտորների երաժշտությունը:

Աուդիոգրքի գաղափարի հեղինակը “Բյուրոկրատ” գրատան տնօրեն Սամվել Հովհաննիսյանն է, որն այժմ բնակվում է Միացյալ Նահանգներում, բայց “Skype’’-ի միջոցով կապ է հաստատել երեւանյան շնորհանդեսին ներկա հյուրերի հետ ու ողջունել է բոլորին օվկիանոսի մյուս կողմից:

"Los Locos" խումբը ելույթ է ունեցել աուդիոգրքի շնորհանդեսին


“Երբ նոր էինք սկսել աուդիոգրքեր թողարկել, մարդիկ քննադատաբար էին մոտենում` ասելով, թե առանց այն էլ երեխաները կտրվել են գրքերից: Կարծում եմ, սխալ մոտեցում է. ինտերակտիվ հետաքրքիր շատ քիչ գրքեր ունենք, որոնք երեխաներին ընթերցանության աշխարհ կներքաշեն”,- ասել է գրախանութի հիմնադիր Սամվել Հովհաննիսյանը, որը դեռ 2006-ին մտադրվել էր հիմնադրել հայ գրականության աուդիոգրքերի գրադարան: Մեկնարկը տրվել է հենց Հովհաննես Թումանյանի հեքիաթների աուդիոգրքերով:

Աուդիոգրքերի թողարկումը շարունակական բնույթ է կրելու. արդեն ձայնագրվել են հայ դասականների եւ արդի գրողների մի շարք գործեր, որոնք կամփոփվեն “Ծաղկաքաղ’’ հավաքածուում` նախատեսված նախադպրոցական տարիքի երեխաների համար:

 Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW