×


Ինգայի ու Անուշի նոր տեսահոլովակը եւ ԱՄՆ տեղափոխվելու պատճառները

Հայկական ազգային երաժշտությունը՝ նորովի մատուցմամբ. Ինգա եւ Անուշ Արշակյանները երկարատեւ դադարից հետո վերադառնում են անիմացիոն նոր տեսահոլովակով՝ նկարահանված «Ձյան հեքիաթ» երգի հիման վրա: Հատկանշական է, որ այժմ քույրերը գտնվում են ԱՄՆ-ում, եւ չնայած այդ հեռավորությանը՝ հասցնում են «երկրից երկիր տեսահոլովակներ թողարկել», ինչպես իրենք են նշում: BRAVO.am-ը զրուցել է Ինգայի ու Անուշի հետ եւ հետաքրքրվել, թե ինչով էր պայմանավորված նրանց երաժշտական դադարը, ինչ նոր նախագծի մեկնարկ է երգ-եռապատումը, եւ թե որոնք են երկրից մեկնելու պատճառները:

Պարզվում է` «Ձյան հեքիաթ»-ում համակցվել են Կարո Չալիկյանի ֆոնդի «Երկանք», Լիլիթ Սիմոնյանի հեղինակային «Ձյուն ա դրել» եւ Կոմիտասի ազգագրական ժողովածուի «Սար-սար» ստեղծագործությունները: Այն մի նոր ու մեծ նախագծի մեկնարկ է, որի նպատակն է պահպանել ու շարունակել ազգային երաժշտության ավանդույթները: «Ծառ կենաց»`այսպես է կոչվում Ինգա եւ Անուշ Արշակյանների նոր նախագիծը, որն ազգային երաժշտության մշակումների եւ անիմացիոն տեսահոլովակների շարք է։ Ի դեպ, «Ձյան հեքիաթ» անիմացիոն հոլովակի հեղինակը Նաիրա Մուրադյանն է, իսկ ներկայացված հայկական զարդանախշերն Արմեն Քյուրքչյանի մշակումներն են:



Մեր զրույցում Անուշ Արշակյանը պատմեց, որ նախագծին մասնակցել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, եւ «Հովեր» երգչախումբը, որի գեղարվեստական ղեկավարն է Սոնա Հովհաննիսյանը: Սիմֆոնիկ մշակումը կատարել է Անդրանիկ Բերբերյանը: Ի դեպ, «Կենաց ծառ» նախագծի հեղինակն ու պրոդյուսերը հենց Անուշն է:

«Ցավոք, նախագծին կարողացա մասնակցել միայն որպես երգչուհի, իսկ մնացած հարցերով Անուշն է զբաղվել: Իմ երաժշտական դադարն ու լռությունը պայմանավորված էին նրանով, որ զբաղված էի փոքրիկներիս մեծացնելով: Ծնվեց նաեւ իմ երկրորդ բալիկը, եւ ես այլեւս չհասցրի ստեղծագործական ակտիվ գործունեությամբ հանդես գալ: Անուշն ավելի քան տասը տարի ուներ այս նախագծի գաղափարը, եւ շատ ուրախ եմ, որ վերջապես իրականություն դարձավ: Իսկ մենք ինչպես նախկինում էինք միասին աշխատում, այդպես էլ շարունակում ենք եւ դեռ շատ նախագծեր ունենք հանդիսատեսի դատին հանձնելու»,- նշեց Ինգա Արշակյանը:

Կադր՝ «Ձյան հեքիաթ» երգի տեսահոլովակից


Անուշն էլ խոստովանեց, որ քույրը համեստություն է անում եւ չի ասում, որ ինքն էլ կազմակերպչական հարցերում է մեծապես ընդգրկված եղել.«Նա չտեսնված մենեջեր է: Բացի այն, որ հրաշալի վոկալիստ է, երգչուհի եւ ջութակահարուհի, նաեւ կազմակերպչական ջիղն է աննկարագրելի զարգացած: Եվ փառք Աստծո, որ նա ինձ ամենասկզբում օգնեց: Ի դեպ, պիտի ասեմ, որ ձայնագրության օրերին գրեթե բոլոր երաժիշտներն Ինգայի հոգատարությունից շատ շոյված ու զգացված էին: Սա շատ կարեւոր է աշխատանքի ընթացքում»:

Պարզվում է նաեւ, որ դեկտեմբերի 24-ին տեսահոլովակի պրեմիերան համընկել է Անուշ Արշակյանի ծննդյան օրվա հետ, եւ դա նրա համար անակնկալ է եղել Ինգայի ու նախագծի մյուս անդամների կողմից.«Իսկապես ամենամեծ անակնկալը ծննդյանս օրվա առթիվ հենց դա էր, որ վերջապես թողարկվեց երկար սպասված հոլովակը: Ահա եւ այն հարցի պատասխանը, թե ինչով ենք մենք զբաղված ԱՄՆ-ում. հոլովակի պրեմիերաներ ենք անում երկրից երկիր»,- կեսկատակ ասաց Անուշը:

Կադր՝ «Ձյան հեքիաթ» երգի տեսահոլովակից


Իսկ իրականում ԱՄՆ տեղափոխվելու պատճառը Ինգայի ամուսնու աշխատանքն է, որի համար էլ ժամանակավորապես մեկնել են արտերկիր`շուտով վերադառնալու մտադրությամբ.«Անուշն էլ է մեզ հետ այս պահին, եւ քանի որ շուտով տոներն են մոտենում, մենք Ամանորն ընտանիքով այստեղ կանցկացնենք: Իհարկե, հիմնովին չենք հաստատվել ԱՄՆ-ում, պարզապես ամուսնուս աշխատանքի բերումով ենք այստեղ գտնվում: Բնականաբար, վերադառնալու ենք»,- նշեց Ինգան:

«Ամբողջ տարվա ընթացքում փոքրիկ ֆիլմաշարի տեսքով մենք կցուցադրենք «Ծառ կենաց» ալբոմի ստեղծման աշխատանքային գործընթացը: Իսկ եկող տարվա մյուս ծրագրերի մասին դեռ չենք շտապում խոսել»,- եզրափակեցին նրանք:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ քույրերի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին