×


Ի՞նչ է քարոզում “Ֆրեսկո”-ի խորհրդանիշ երգը :)

Հունիսի 21-ին` ժամը 20.00-ին, Երեւանի Կարապի լճի տարածքում կտրվի “Ֆրեսկո” հոգեւոր ֆիլմերի եւ արդի արվեստի միջազգային բացօթյա փառատոնի մեկնարկը: Տասն օրվա ընթացքում կներկայացվեն համամարդկային արժեքներին նվիրված ֆիլմեր, որոնք կարծարծեն սոցիալական, բարոյահոգեբանական կարեւոր խնդիրներ:

Երվանդ Երզնկյանը եւ Վահե Հայրապետյանը


“Ֆրեսկո”-ի բացման արարողության ժամանակ կհնչի կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտական ոճաբան Վահե Հայրապետյանի հեղինակած երգը, որը գրելիս նա առաջնորդվել է փառատոնի գաղափարախոսությամբ, այն է` սերը, հավատը, բարությունը, սոցիալական տարբեր խմբերի առանձնահատկությունները:

“Քանի որ կինոփառատոնի խորհրդանիշ երգ է, պետք է մի քիչ սաունդթրեքային լինի, այսինքն` կադրի տպավորություն ստեղծի”,-ասել է Վահե Հայրապետյանը` հավելելով, որ ստեղծագործությունը կներկայացվի բացառապես կենդանի հնչողությամբ.“Կատարմանը կմասնակցեն նաեւ լսողության խնդիրներ ունեցող երեխաներն ու երիտասարդները. երգն այնպես եմ կառուցել, որպեսզի նրանք կարողանան կանոնավոր հետեւել ռիթմին”:

Հունիսի 21-ին կմեկնարկի "Ֆրեսկո" հոգեւոր ֆիլմերի եւ արդի արվեստի փառատոնը


Փառատոնի հիմնը կհնչեցնի Հայաստանի հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբը` Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ: BRAVO.am-ը երաժշտության առաջին ունկնդիրներից է. երեկ ներկա ենք եղել նվագախմբի փորձին, նաեւ զրուցել ենք մաեստրոյի հետ.“Սկզբում չգիտեի, որ Վահեն է գրել երգը, երբ իմացա, շատ ուրախացա, քանի որ մենք միասին ենք աշխատում:  Հույս ունեմ, որ մեր համագործակցությունը կհանգեցնի մի լավ բանի: Այս երկու օրվա ընթացքում կփորձենք իրականացնել ձայնագրությունը”:

“Ֆրեսկո”-ն ֆիլմերը դահլիճից տեղափոխում է բացօթյա տարածք. հանդիսատեսի համար նախապես տեղադրված կլինեն հատուկ բարձեր` նրանց կինոդիտումն առավել հարմարավետ կազմակերպելու համար:): “Ֆորմիկա արտ փրոդաքշն”-ը Արարատյան թեմի աջակցությամբ միջոցառումների հետաքրքիր ձեւաչափ են պատրաստել ոչ միայն մայրաքաղաքի, այլեւ մարզերի բնակիչների համար, որտեղ ցուցադրությունները կկազմակերպվեն պատմամշակութային հուշարձանների տարածքում` հյուրերին եւ մասնակիցներին հայկական կոթողների հետ ծանոթացնելու նպատակով:

Փառատոնի մեկնարկը կլուսավորվի 2 հազար մոմով


Նշենք, որ “Ֆրեսկո”-ի բացման օրը համընկնում է Գրիգոր Լուսավորչի` Խոր Վիրապից դուրս գալու օրվա հետ, եւ փառատոնի մեկնարկը կլուսավորվի կամավորների պատրաստած եւ Էջմիածնում օրհնված 2 հազար մոմով, որոնք աղոթքների հետ կբաժանվեն հանդիսատեսին: Իսկ մրցանակները` ձկան տեսքով կավե արձանիկները, պատրաստում են Խարբերդի մասնագիտացված մանկատան սաները:

Փառատոնին կմասնակցի 58 ֆիլմ 17 երկրից: Ծրագիրն ընդգրկում է մրցութային եւ ոչ մրցութային բաժիններ: Կինոդիտումներից հետ կկազմակերպվեն քննարկումներ: Ի դեպ,  ֆիլմերը կունենան սուրդո թարգմանություն` խուլուհամրերի համար:

Տեքստը` Հայկանուշ Ալոյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/ եւ “Ֆրեսկո”-ի “ֆեյսբուքյան” էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW