×


Ի՞նչ անակնկալ է մատուցել Եվա Սուջյանը բարեգործական համերգի ժամանակ:)

Տիկնիկային թատրոնն օրերս վերհիշել էր իր ռոքային լավ ու բարի ավանդույթները` բեմում հյուրընկալելով Եվա Սուջյանին, որն էլ բազմաթիվ անակնկալներ էր պատրաստել ռոքասեր հանդիսատեսի համար: Նոյեմբերի 19-ին տեղի ունեցավ “Ռոքն ընդդեմ երեխաների հիվանդության” խորագիրը կրող համերգ, որից ստացված ողջ հասույթը կփոխանցվի մաշկային հիվանդությունից բուժվող 4-ամյա Ռիտա Ղարիբյանի ընտանիքին:

Գոռ եւ Եվա Սուջյանները


Եվա Սուջյանին բեմում նվագակցում էին իր բենդի` “Alien Time”-ի երաժիշտները` սոլո-կիթառահար Արթուր Մարգարյանը, բաս-կիթառահար Հարություն Հարությունյանը, ստեղնաշարային գործիքներ նվագող Արթուր Հովակիմյանը եւ հարվածային գործիքներ նվագող Գեւորգ Հարությունյանը:

Եվան եւս մեկ անգամ ցուցադրեց իր վոկալային հզոր տվյալներն ու կատարողական բարձր տեխնիկան` կատարելով համաշխարհային հայտնի հիթերի քավեր տարբերակները: Յուրաքանչյուր համերգի ընթացքում երգչուհուն հաջողվում է իրենով անել Բեյոնսեի “Listen”-ը, Թինա Թըրների “Rolling on the River”-ը, Ջենիս Ջոփլինի “Try”-ը, Արետա Ֆրանքլինի “Respect” -ն ու հայտնի այլ երգեր` հաղորդելով դրանց սեփական “եվայական” ոճը: Երգչուհին ուրախացրեց երկրպագուներին նաեւ սեփական ստեղծագործություններով, որոնցից “Traces”-ն ու “Մամռոտ քար”-ն  արդեն հասցրել են սիրվել: Այնպես որ, հանդիսատեսը ձայնակցում էր Եվային:

Եվա Սուջյանը


“Ցանկացած բեմում ելույթ ունենալիս չափազանց մեծ պատասխանատվություն եմ զգում, լինի ակումբային համերգ, թե մեծ բեմ: Բարեգործական համերգները եւ պարզապես բարեգործության գաղափարը սնում եւ հարստացնում են մարդու հոգին: Մարդ լիարժեք երջանիկ կարող է համարվել միայն այն ժամանակ, երբ բացի անձնական խնդիրներից նաեւ դիմացինի դժվարություններն է նկատում”,-նշեց Եվա Սուջյանը:

Ժամանակն է ներկայացնել համերգի ընթացքում հանդիսատեսին մատուցված անակնկալները. նախ` բուռն ծափահարությունների ներքո բեմ դուրս եկավ Եվայի եղբայրը` “Դորիանս” խմբի վոկալիստ Գոռ Սուջյանը: Դահլիճի լույսերը խամրեցին, իսկ հանդիսատեսը շունչը պահած սպասում էր, թե որ երգը կներկայացնեն Եվան ու Գոռը: Բենդի երաժիշտներն իրենց տեղը զիջեցին Գոռի կիթառի հնչյուններին, ու Եվան սկսեց երգել “Amazing Grace” երգը, որի խոսքերի հեղինակն է Ջոն Նյուտոնը: Հետո ձայնի հզորությունը ցուցադրեց Գոռը: Ելույթն այնքան էմոցիոնալ էր, որ նույնիսկ Եվան հուզվեց ու արտասվեց: Գոռը եւս մեկ երգ կատարեց, այս անգամ` կիթառի հետ միայնակ` ներկայացնելով “Queen” խմբի “Love of My Life” երգի քավեր տարբերակը:

Գոռ Սուջյանը երգել է քրոջ` Եվայի համերգին


Արդեն հոտնկայս ծափահարող հանդիսատեսին դժվար էր հանդարտեցնել, բայց առջեւում կրկին անակնալ էր սպասվում` կրկին դուետի տեսքով: Եվան երգեց ամուսնու` Նավիդի հետ: Արեւելքով համեմված կատարման ընթացքում նրանց նվագակցեց բլուլահար Վիգեն Բալասանյանը: “Համերգի ընթացքում ինձ հետ երգեցին իմ սիրելի երկու տղամարդիկ` ամուսինս ու եղբայրս”,-ասաց Եվան: Համերգի ավարտին նա կատարեց իր համար այցեքարտ դարձած երգերից մեկը` Լեոնարդ Քոհենի հեղինակած “Hallelujah”-ն:

“Տպավորություններս անբացատրելի են, միայն կարող եմ ասել, որ ես եւ բենդս երջանիկ ենք օգտակար լինել երեխային”,- համերգից հետո ասաց Եվան:

Արթուր Մարգարյանը եւ Եվա Սուջյանը


Համերգի կազմակերպիչն էր “Օգնենք հայ մանուկներին” բարեգործական հասարակական կազմակերպությունը: 4-ամյա Ռիտա Ղարիբյանը տառապում է հազվադեպ հանդիպող մաշկային հիվանդությամբ՝ Վեբեր–Կոկեյնի բշտային էպիդերմոլիզով: Այս հիվանդությունը ժառանգական է եւ արտահայտվում է բշտերի առաջացմամբ՝  ոտքերի, ձեռքերի եւ ոտնաթաթի մաշկի վրա, որոնք հետագայում բացվում են ՝ առաջացնելով էրոզիաներ: Փոքրիկի մոտ առաջացել են բարդություններ, որոնք արտահայտվում են եղունգների թափվելով: Ախտորոշիչ հետազոտություններ անցակցնելու համար նրան համաձայնել է ընդունել Իսրայելի Խաիմա Շեբայի անվան հանրապետական հիվանդանոցը: Ընտանիքին միջոցներ են անհրաժեշտ մոտ 1,300 դոլար արժողությամբ ախտորոշիչ հետազոտությունների, օրական 150 դոլար ապրուստի, ինչպես նաեւ ավիատոմսերի ձեռքբերման համար: Բուժման համար անհրաժեշտ գումարը Իսրայելի բժիշկները կհայտնեն հետազոտությունն իրականացնելուց հետո:

Գոռ եւ Եվա Սուջյանները` "Ռոքն ընդդեմ երեխաների հիվանդության” խորագիրը կրող համերգին


BRAVO.am-ի ընթերցողները ցանկության դեպքում եւս կարող են իրենց օգնությունը ցույց տալ փոքրիկին` գումար փոխանցելով նրա հաշվեհամարներին՝ Ameriabank - 1570014834430100 (AMD), 1570014834430158 (RUB), 1570014834430101 (USD), 1570014834430146 (EUR): Բոլոր հաշվեհամարները բացված են փոքրիկի հոր՝ Կարեն Ղարիբյանի անունով:

Ստորեւ ներկայացնում ենք Եվա Սուջյանի կատարումներից.

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Mana Litta-ի /Bravo.am/

 
 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW