×


«Nemra» ռոք խումբը

Ինչի մասին է «Nemra»-ի «Դեպի Եվրատեսիլ»-յան երգը

«Nemra» ռոք խումբը վերջին շրջանում գերակտիվ է: Օրերս տեղի ունեցավ «Born in 94» երգի տեսահոլովակի պրեմիերան, իսկ մինչ այդ խումբը համերգներով հանդես էր եկել Վրաստանում, այժմ էլ պատրաստվում է մասնակցել «Դեպի Եվրատեսիլ» նախագծին: Այս թեմաների շուրջ BRAVO.am-ը զրուցել է խմբի վոկալիստ եւ կիթառահար Վան Եղիազարյանի հետ:

«I'm a Liar»-ով՝ դեպի «Եվրատեսիլ»

«Հայտն արդեն ներկայացրել ենք՝ «Դեպի Եվրատեսիլ» նախագծին մասնակցելու համար: Երգն ալտերնատիվ ռոք ժանրում է, ինչպես մեր խմբի մյուս երգերը, եւ կոչվում է «I'm a Liar» («Ես սուտասան եմ»): Վստահ եմ` այն դուր կգա տարբեր տարիքային խմբի մարդկանց»,- ասել է Վանը:

Նրա խոսքով՝ երգում սուտասանն ինքն է, թեեւ շեշտվում է, որ կյանքում բոլորն են սուտասան, պարզապես քչերն են համարձակվում այդքան անկեղծ լինել ու ընդունել այդ փաստը.«Երգն այն մասին է, որ մարդ կորցնելուց հետո է միայն գնահատում իր ունեցածը, նրան, ով իր կողքին էր, եւ ում կորցրել է: Երգի խոսքերի եւ երաժշտության հեղինակը ես եմ: Իհարկե, հիմքում կա իրական պատմություն, բայց երգում ավելի չափազանցածված ու էմոցիոնալ եմ պատկերել իրավիճակը: Երգը ռիթմիկ է, բայց մինորային, իսկ վերջում անսպասելի է ավարտվում»,- պատմել է երաժիշտը:

Նա նշել է՝ որպես իսկական ռոք խումբ՝ իրենց համար այդքան նպատակային չէ «Եվրատեսիլը», բայց քանի որ այսօրվա դրությամբ Հայաստանից դուրս գալու եւ միջազգային բեմերում հանդես գալու միջոցները շատ քիչ են, սա կարող է լավ հնարավորություն լինել.«Քանի որ հանրությունն է ընտրելու մասնակիցներին, մեծամասնությունը դժվար թե ռոք նախընտրի, բայց ամեն դեպքում ուզում ենք մեր երգն առաջարկել, մնացածը թող մարդիկ որոշեն»:

«Nemra» ռոք խումբը


Վանը շեշտել է` չէին դիմի, եթե նախագծում քավերներ երգելու պահանջ լիներ, ինչպես նախորդ տարիներին էր: Այս տարի կանոնները լրիվ համապատասխանում են «Nemra»-ի սկզբունքներին.«Մեր հեղինակած երգը պիտի ներկայացնենք, ինչը միայն դրական է: Լավ հնարավորություն է Հանրայինի եթերում քո սեփական երգը կատարելու: Չեմ կարծում, թե ամբողջ Եվրոպային դուր կգա (ժպտում է,- հեղ.), բայց գիտեմ, որ շատ մարդիկ կլինեն, ում սրտին կդիպչի, ու իրենց կգտնեն այս երգում: Ինձ համար կարեւորն այն է, որ նախ մեր երկրպագուներին դուր գա կատարումը»:

Քենդիի եւ Համբարձումի երկօրյա վազքը կամ «Born in 94»-ի նկարահանումները

«Born in 94» երգի եւ երաժշտության հեղինակը խմբի բաս-կիթառահար Վասպուր Եղիազարյանն է: Կա՞ արդյոք իրական պատմություն երգի հիմքում, իրական հերոս՝ ծնված 1994 թվականին, Վանը դժվարանում է ասել.«Պատասխանը Վասպուրն ավելի լավ կիմանա, բայց ընդհանրապես մեր երգերի հիմքում իրական պատմություններ են, որոնք փոքր-ինչ փոփոխված տարբերակով երգ են դառնում ու ներկայացվում հանդիսատեսին: Այսինքն՝ մեր երգերը կյանքից են վերցված հիմնականում»:

Տեսահոլովակը նկարահանվել է Դիլիջանում: Որպես ռեժիսոր հանդես է եկել Արուս Տիգրանյանը, օպերատորն է Համբարձում Վարդանյանը, իսկ տեսահոլովակի գլխավոր հերոսուհուն մարմնավորել է Candy Candice-ը՝ Անին: Նկարահանման աշխատանքները տեւել են երկու օր, եւ այդ ընթացքում քիչ չեն եղել նաեւ զվարճալի պահերը.

«Նախապես 4 սենյականոց մի տուն էինք վարձել, որպեսզի ամբողջ անձնակազմով կարողանայինք տեղավորվել, բայց երբ գնացինք, տեսանք, որ սենյակները երկուսն են: Ու քանի որ անձնակազմի մի մասը դեռ տեղ չէր հասել, որոշեցինք գործիքները թողնել այդ տանն ու սպասել մյուսներին: Իսկ տան տերը, որը մի պապիկ էր, սենյակի դուռը փակել էր ու թույլ չէր տալիս մեր իրերը դուրս բերել: Շատ ծիծաղելի իրավիճակ էր, նաեւ բարկացել էինք: Արդյունքում առաջին կես ժամն անցավ պապիկին համոզելու վրա, որ մեր գործիքները վերադարձնի: Իհարկե, հետո էլի դժվարություններ եղան, բայց դրանք նույնիսկ չերեւացին, քանի որ շատ հաճելի մարդկանցով էինք շրջապատված: Երկու օր մնացինք Դիլիջանում, Համբարձումին ու Քենդիին մի լավ տանջեցինք. վազում էին անընդհատ, Համբարձումն էլ՝ ծանր տեսախցիկով: Նա մեծ աշխատանք է տարել»,- պատմել է Վանը:



Թբիլիսյան համերգներն ու Իրանից երկրպագուի արկածները

Նոյեմբերի 29-ին, 30-ին եւ դեկտեմբերի 1-ին «Nemra»-ն համերգներով հանդես եկավ հարեւան Վրաստանում: Խումբը ելույթ ունեցավ վրացական հայտնի ակումբներից մի քանիսում, որտեղ հանդիսատեսի շարքերում ոչ միայն վրացիներ ու հայեր էին, այլեւ այլազգիներ: Վանի խոսքով՝ նախ «Ֆեյսբուք»-ի միջոցով իմացել են, որ մեծ լսարան ունեն Վրաստանում, քանի որ խմբի էջը հավանողների մոտ 30 տոկոսը հենց վրացիներ են.«Մեզ համար էլ էր շատ զարմանալի այդ փաստը ու հատկապես այն, որ ավելի շատ վրացի տղամարդիկ են հետեւում էջին, քան աղջիկները, քանի որ Հայաստանում հակառակն է: Չգիտեմ՝ ինչի հետ է կապված»:

Խումբը շատ լավ տպավորություններով է վերադարձել: Թբիլիսին նրանց գրավել է հատկապես իր մարդկային ջերմությամբ, ինչը, Վանի խոսքով, փոքր-ինչ պակասում է Երեւանին.«Երիտասարդությունը, ինչպես մեզ թվաց, ավելի երիտասարդ է, իսկ Երեւանում սիրում են մի քիչ պապի լինել հոգով: Բայց լսարանն ընդհանուր առմամբ նման էր մեր լսարանին՝ չնայած տղաներն ավելի շատ էին ու ավելի ազատ էին արտահայտում իրենց էմոցիաները. հայ տղաների բարդույթները մի քիչ շատ են»:

«Nemra»-ն նախատեսում է հաջորդ տարվա օգոստոսին կամ սեպտեմբերին նորից գնալ Վրաստան.«Մի քանի ակումբ, իմանալով մեր համերգների մասին, գրեցին մեզ, որ հաջորդ անգամ անպայման դիմենք, իրենք սպասում են մեծ սիրով: Ափսոս՝ մի քիչ սառն էր եղանակը, եւ բացօթյա համերգի հնարավորություն չկար: Բայց երբ օրերը տաքանան, այնպես կանենք, որ այնտեղի բացօթյա փառատոններին էլ նվագենք»:

Պարզվեց՝ նույնիսկ երկրպագուներ են եղել, ովքեր խմբի հետ Հայաստանից գնացել են Վրաստան.«Մի երկրպագու ունենք, ով արդեն մեր ընկերն է դարձել, գրեց, որ ուզում է մեզ միանալ: Նա Իրանում է ապրում, այդ օրը հատուկ եկել էր Հայաստան, որ մեզ հետ շարժվի դեպի Թբիլիսի: Մենք էլ բոլոր հարցերը կարգավորեցինք, ու նա եկավ մեզ հետ»,- պատմել է Վանը:

«Nemra» ռոք խումբը


«Միշտ առաջ ենք նայում ու շատ ակտիվ աշխատում»

Ամփոփելով անցնող տարին՝ Վանը նշել է, որ այն աչքի է ընկել միայն ձեռքբերումներով ու վերելքներով: Խմբի գործունեությանը զուգահեռ՝ նեմրացիներն ավելի են աճել երաժշտական առումով, զարգացել են թե՛ որպես երգահան, եւ թե՛ որպես կիթառահար: Հիմա էլ ակտիվ ձայնագրությունների փուլում են.«Մենք միշտ առաջ ենք նայում ու շատ ակտիվ աշխատում ենք: Դրանում մեզ Երեւանի քաղաքապետարանն էլ շատ օգնեց՝ հաճախակի բացօթյա համերգներ կազմակերպելով: Այսօր ակումբներում շատ դժվար է այդ հնչողությունն ունենալ տեխնիկական առումով, իսկ մեծ դահլիճներ վարձելն աննկարագրելի մեծ գումար է կազմում: Օրինակ, Տիկնիկային թատրոնում շատ հարմար կլիներ նվագելը, բայց պետք է հովանավորներ լինեն»:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Մառամ Ավագյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW