×


«Օրրան»-ի հունիսմեկյան խնջույքին

Ինչով առանձնացավ «Օրրան»-ի այս հունիսմեկյան խնջույքը

Հունիսի 1, բազմաթիվ մանուկներ, երգեր, փուչիկներ, տորթ ու համբուրգեր պատրաստող ՀՀ նախագահ։ Արմեն Սարգսյանն «Օրրան» այցելության էր եկել կնոջ՝ Նունեի հետ: Կենտրոնի փոքրիկները մուտքի մոտ ինչպես բոլոր հյուրերի, այնպես էլ նախագահի եւ նրա տիկնոջ հագուստներին տոնի խորհրդանիշ աստղիկներ ամրացրին, նաեւ գոգնոցներ կապեցին:

«Օրրան»-ի հունիսմեկյան խնջույքին


Արմեն Սարգսյանը ցուցադրում էր իր խոհարարական հմտությունները, թեեւ նախապես նշել էր, որ կարողանում է միայն ձվածեղ պատրաստել։ Ցավով շեշտեց, որ առաջին անգամ է «Օրրան»-ում, բայց վերջին այցը չէ։ Տոնի առթիվ նախագահը շնորհավորեց փոքրիկներին, նաեւ շնորհակալություն հայտնեց կազմակերպության հիմնադիրներ Ռաֆֆի եւ Արմինե Հովհաննիսյաններին` երկար տարիներ խոցելի խմբերի երեխաներին ու միայնակ տարեցներին աջակցելու համար.«Երեխաների օրը պետք է նշել ոչ միայն հունիսի 1-ին, այլեւ 2-ին, 3-ին կամ դեկտեմբերի 31-ին, իսկ իրականում 365 օր երեխաների օրն է: Ուրախ եմ, որ «Օրրան»-ում եմ, շատ եմ լսել, թե ինչ հոյակապ գործ եք անում»։  

«Օրրան» ցերեկային խնամքի կենտրոնում նախագահի այցն ակտիվություն էր բերել. նա շրջում էր ամեն անկյունում, շփվում ու հարցեր տալիս երեխաներին։ Նախորդ տարիներին համբուրգեր էին պատրաստում շոու-բիզնեսի եւ հեռուստատեսության ներկայացուցիչները, այս անգամ գլխավոր խոհարարն Արմեն Սագսյանն էր։ Պաշտոնական այցից հետո երեխաները բակում պարում ու երգում էին ծաղրածուների եւ մուլտհերոսների հետ։

Արմեն Սարգսյանը` «Օրրան»-ի հունիսմեկյան խնջույքին


Ի դեպ, ավանդական դարձած տոնական միջոցառումն այս տարի նաեւ տարբերվում էր, քանի որ «Օրրան»-ում հյուրընկալվել էին Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունները ներկայացնող ընտանիքների երեխաները:  

Հյուրերի շարքում էր նաեւ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, նա եւս համբուրգերներ պատրաստեց ու հյուրասիրեց օրվա հերոսներին։ Նախարարը խոսեց նաեւ երեխաների մշակութային կյանքն ակտիվացնելու մասին.«Պետք է հասնենք նրան, որ հայ երեխան շաբաթը գոնե մեկ անգամ մասնակցի մշակութային որեւէ միջոցառման՝ այցելի թատրոն, համերգ կամ էլ գրադարանում ընթերցանության»:

Լիլիթ Մակունցը` «Օրրան»-ի հունիսմեկյան խնջույքին


«Օրրան» բարեգործական կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանն էլ պատմեց, որ «Օրրան»-ի սաների մի մասն արդեն հայրեր ու մայրեր են դարձել: «Մենք «Օրրան»-ում թոռնիկներ ունենք, եւ ուրախ եմ, որ իրենք իրենց «Օրրան»-ի ընտանիքի անդամ են համարում»:

Տոնական օրն այստեղ էր անցկացնում նաեւ գեղեցկուհի Գոհար Հարությունյանն` իր հինգ երեխաների հետ։ Ինչպես նշեց Գոհարը, բացառիկ դեպք է, որ բոլոր երեխաների հետ է եկել։ Ուշադրություն դարձրեք նաեւ ընտանեկան լուսանկարին, որն անելու համար մոտ տասը րոպե պահանջվեց, որպեսզի փոքրիկները հավաքվեն, բայց երկվորյակներից աղջնակը այդպես էլ չհամակերպվեց լուսանկարվելու մտքի հետ:):

Գոհար Հարությունյանի հինգ երեխաները:)


Հավելենք, որ «Օրրան» բարեգործական ՀԿ-ն սննդի, կրթական, սոցիալական, հոգեբանական ծառայություններ է մատուցում շուրջ 250 կարիքավոր երեխայի եւ 100 տարեցի։ Նրանք շաբաթական 5 օր առավոտյան այցելում են «Օրրան»-ի վանաձորյան եւ երեւանյան կենտրոններ, որտեղ սնվում են, օգտվում տարատեսակ ծառայություններից: Բացի այդ, տարեց շահառուները հետաքրքիր ժամանակ են անցկացնում՝ շփվելով միմյանց հետ եւ մասնակցելով տարբեր միջոցառումների:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին