Կանանց ակումբում երեկ ամեն ինչ սկսվեց կարմիր վերնաշապիկի մասին քննարկումներից, որը հագել էր Սոֆյա Նավասարդյանը` այն համադրելով գեղեցիկ վզնոցի հետ:): Ողջ երեկոյի ընթացքում հաճելի մթնոլորտում շամպայն էին ըմպում եւ, իհարկե, ոճից ու ճաշակից էին զրուցում իրենց իմիջին առավել գրագետ հետեւել ցանկացող կանայք:
Իմիջ-խորհրդատու Սոֆյա Նավասարդյանը
Ճիշտ ժամանակն է, որ սկսես ուշադրություն դարձնել ոճիդ: Սիրի´ր էությունդ ու ցանկություններդ արտահայտել նաեւ ճիշտ հագուկապի միջոցով:): Իսկ ցանկալի տպավորություն առաջացնող կերպար ստանալու հարցում քեզ կարող են օգնել իմիջ-խորհրդատուները:
Սոֆյա Նավասարդյանը իմիջ ունեցող անհատականություններին հետեւյալ կերպ բնորոշեց. “Մարդն ինքն իր հետ ներդաշնակ է, ինքնաբավ… Արտաքին տվյալները համապատասխանում են ներսից բխող էությանը”:
Նա հենց իմիջմեյքեր է, որն էլ կարող է տալ ոճին առնչվող շատ հարցերի պատասխաններ, օրինակ` ինչպե՞ս ընտրել իրավիճակին համապատասխան կերպար` համադրելով ճաշակն ու բնավորությունը, ուշադրություն դարձնելով տարիքի, կարգավիճակի, գունատեսակի եւ կազմվածքի առանձնահատկություններին:
Իմիջ-խորհրդատուն օգնում է նաեւ համադրել հագուստի տարբեր էլեմենտներ եւ աքսեսուարներ` կոստյումային հետաքրքիր եւ յուրահատուկ անսամբլներ ստեղծելու համար:
Մարինա Նիկոլյանի դիզայներական աշխատանքներից
“Իմիջալոգիան նոր ոլորտ է, Խորհրդային Միության կտրվածքով եթե նայենք, ակտուալ է դարձել վերջին 12-15 տարվա ընթացքում: Մենք այնքան էլ հեռու չենք գտնվում նորաձեւության կենտրոններ Ֆրանսիայից, Իտալիայից, բայց այստեղ նորաձեւությունը հասնում է շատ ավելի ուշ: Այսինքն` նույն հավաքածուն մեզ մոտ ակտուալ է դառնում երեք տարի հետո: Օրինակ` հիշում եմ մանուշակագույնի եւ փիրուզագույնի համադրության տենդենցը, որը կիրառում էր ամեն երկրորդ հայ կինը, աղջիկը, բայց այդ հավաքածուի մատուցումը եղել էր դրանից երեք տարի առաջ”,- ասել է Սոֆյան:
Կանանց կենտրոնի հիմնադիրը նաեւ հավելել է, որ իրավիճակն այլեւս փոխվել է. “Երեւանում կան բրենդային խանութներ, հաճելի է տեսնել, որ դրանք համալրվում են առաջատար դիզայներների նոր հավաքածուներով, եւ ավելի մեծ պակաս կա գրագետ վաճառողների, քան գրագետ հագնվողների: Հիմա նորություններն ավելի ակտիվ ու արագ են հասնում, այլ հարց է, որ դրանք գուցե շատերին մատչելի են դառնում մեկ ու կես տարի անց, երբ գները զեղչվում են: Բայց նաեւ փաստ է, որ այսօր Երեւանում կա այդ ամենից օգտվելու ե՛ւ ցանկություն, ե՛ւ հնարավորություն”:
Միլան, Փարիզ, Մոսկվա. հնարավորության դեպքում զգեստապահարանդ թարմացրու` գնումներ կատարելով հենց այս քաղաքներում, ընտրություն կատարելիս ցանկալի կլիներ լսել իմիջ-խորհրդատուի խորհուրդները:). “Մատուցվող ծառայություններից մեկը հենց ուղեկցությունն է “շոփինգի” ժամանակ Երեւանում, ինչպես նաեւ արտասահմանում, ինչը շատ հարմարավետ է գնային եւ ձեռքբերված անսամբլների առումով, քանի որ մեզ մոտ այնուամենայնիվ ընտրության հնարավորությունը քիչ է”:
Կանանց ակումբում ոճին առնչվող հարցեր են քննարկվել
“Վերոնշյալներից բացի, ես որպես իմիջմեյքեր` ինձ պարտավորված եմ համարում մատուցել նաեւ վարսահարդարի, դիմահարդարի ծառայություններ, անցկացնել հանդիպում-թրեյնինգներ, որոնք էլ ապահովում են բազային գիտելիքներ ավելի գրագետ հագնվելու համար: Լինելու են հաճելի կինոդիտումներ, պարեր, հանդիպումներ կանանց հետաքրքրող թեմաների շուրջ տարբեր ոլորտների մասնագետների հետ”, - նշել է Սոֆյան, որը տարիներ շարունակ որպես առաջատար ոճաբան աշխատել է Մոսկվայում:
Իմիջ-խորհրդատուի ծառայություններից օգտվելը, նրա կարծիքով, ավելի շատ մենթալիտետի, մտածելակերպի խնդիր է, քան` հնարավորության. “Ֆինանսական միջին հնարավորությունների տեր կինը կարող է ձեռք բերել երկար սպասված վերարկուն, որն արժե մի քանի հազար դոլար, բայց դրա փոխարեն կոնսուլտացիայի համար կարող է վճարել իմիջմեյքերին եւ ձեռք բերել շատ ավելի ճիշտ ու ակտուալ հագուստ: Վարսահարդարման դեպքում էլ անհրաժեշտ է խորհուրդ լսել սանրվածքի, կտրվածքի մասին, որն իրեն իրոք զարդարում է, ընդգծում դիմագծերը, թաքցնում թերությունները, ընդգծում առավելությունները”:
Սոֆյա Նավասարդյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է` իրեն հաճելի է աշխատել գեղեցիկ սեռի ներկայացուցիչների հետ, իհարկե, հարկ եղած դեպքում աշխատում է նաեւ հակառակ սեռի հետ. “Տղամարդիկ էլ են դիմում, որովհետեւ իրենք նույնպես հագնվելու լուրջ խնդիր ունեն: Ամեն դեպքում ես սիրում եմ աշխատել կնոջ հետ, ունեմ “Ինչպե՞ս հագցնել սեփական տղամարդուն” ծրագիրը, եւ այն տղամարդիկ, ովքեր արժանացել են այդ երջանկությանը` ունեն կին, նա էլ կարող է ստանալ իմիջ-կոնսուլտացիա իր ամուսնու համար:)”:
Տեքստը` Լիլիթ Բաբայանի/Bravo.am/
Լուսանկարները` Manna-Litta-ի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: