Իվետա Մուկուչյանի համար աշխատանքային ակտիվ շրջան է՝ նկարահանումներ, հաճախակի ուղեւորություններ եւ ելույթներ։ Նա վերջերս նաեւ դիզայներական ապրանքանիշ է ստեղծել` ավագ քրոջ՝ Բոլիվուդում աշխատող դիմահարդար Մարիաննայի հետ համատեղ։ Երեկ կայացած շնորհանդեսին ներկա էին երգչուհու ընկերներն ու երկրպագուները։ Իվետան հյուրերին ներկայացրել է աքսեսուարներն ու հագուստը, այնուհետեւ կենդանի նվագակցությամբ կատարել հեղինակային երգերն ու հայտնի հիթերն իր տարբերակով։
Տարիներ առաջ, երբ Մուկուչյան քույրերը բնակվում էին Գերմանիայում, նորաձեւության ոլորտում փորձեր արել են՝ իրենց ձեռքի աշխատանքները ներկայացնելով «Մանուլիկա» անվամբ.«Երկուսս էլ դիզայնի ու մենեջմենթի կրթություն ունենք, բայց մեր հիմնական մասնագիտությունը չէ։ Այն ժամանակ հասկացանք, որ պետք է կենտրոնանալ հիմնական աշխատանքի վրա եւ դադար տվեցինք։ Քանի որ երազանք էր երկուսիս համար, քույրիկս ասաց, երբ դառնամ 30 տարեկան, կստեղծենք մեր ապրանքանիշը։ Մենք մեզ դիզայներ չենք համարում, հավաքածուներ չենք թողարկում, բայց անսպասելի աքսեսուարներ կստեղծենք։ Ունենք փառատոնային խալաթներ, որոնք վաճառվում են միայն Իբիցայում, քանի որ կարծում եմ՝ հայերի ոճը չէ։ Օրինակ՝ իմ կրած գունեղ բմբուլներն այնտեղ մեծ հետաքրքրությամբ կրում են։ Մենք ոգեշնչվում ենք ճամփորդություններից ու յուրահատուկ փառատոններից»։
Արամ Նիկոլյանը, Իվետա Մուկուչյանը
Իվետայի փոխանցմամբ՝ նմուշները ստեղծելիս խորհրդակցել է ոլորտի մասնագետների հետ, մասնավորապես սվիտերները կարվել են Արամ Նիկոլյանի հետ համագործակցությամբ։ BRAVO.am-ի համար լուսանկարվելիս երգչուհին ինքնաբուխ համբուրել է դիզայներին:
Մեր այն հարցին, որ թե միջազգային ճանաչում ունեցող հայտնի դեմքերից ում կցանկանար հանդիպել ու նվիրել իր աքսեսուարները, երգչուհին պատասխանել է՝ Բեյոնսեին:):
Շնորհանդեսին ուշագրավ էր նրա երկրպագուներից մեկի՝ Հայկ Մկրտչյանի հետ հանդիպումը։ Հայկը համացանցում Իվետային նվիրված գրառումներ է անում #իմկին #իմսեր #իմտեսակ #իմԱմենաԱմենա հաշթեգերով, որոնք բրոշի տեսքով փակցրել էր իր բլուզին։): Ծանոթ լինելով գրառումների թեմաներին՝ Իվետան նույնպես կատակներ էր անում։
Հայկ Մկրտչյանը եւ Իվետա Մուկուչյանը
Ինչպես պատմում է երգչուհին՝ նորաձեւության ոլորտում իրեն օգնում է իր հայտնիությունը.«Պապաս ասում էր՝ աշխատի քո անվան վրա, հետո անունդ կաշխատի քեզ համար։ Նշեմ, որ դիզայներական ճանապարհով չեմ ուզում գնալ, որովհետեւ երաժշտությունն է իմ աշխարհը։ Կարծում եմ՝ հիմա է այն ժամանակը, երբ պիտի շատ աշխատեմ, մի օր դա չի լինի։ Աշխատանքիս արդյունքում կան երիտասարդներ, որ հետեւում են ինձ, ինչո՞ւ ոչ, ստեղծում եմ մի բան, որը կարող է նրանց հետաքրքիր լինել»։
Ի դեպ, հոկտեմբերին երգչուհին Բեռլինում մասնակցել է «NewBody Awards» մրցանակաբաշխությանը, որտեղ բացման եւ փակման արարողությունների ընթացքում պարային շոուով ելույթ է ունեցել։ Իսկ օրեր առաջ Երեւանում տեսահոլովակ է նկարահանել.«Տարբերվող ու նոր աշխատանք է. այդ ոճում դեռ չեմ ներկայացել։ Թեեւ արդեն նկարահանումն իրականացրել ենք, բայց ինձ հետաքրքիր է, մարդկանց հարցնում եմ, թե ինչ կերպարով ինձ կուզենան տեսնել հաջորդ տեսահոլովակում»։
Լուսինե Երնջակյանը
Վերջին շրջանում համացանցում քննարկվում է, որ «Դաշտերով» դուետային նախագծի շրջանակում Իվետան ու Արամ MP3-ը վիճել են ու չեն համագործակցում։ Այդ թեմայի մասին երգչուհին նշեց.«Անտեղի քննարկում են, անիմաստ բամբասանքներ են։ Ես կենտրոնանում եմ նոր նախագծերի վրա, չեմ ուզում բացասական խոսակցությունները մեկնաբանել։ Մենք երկուսս սոլո արտիստ ենք, դա նախագիծ էր, որի շրջանակում միացել էինք։ Ամեն մեկս մեր գործն ենք արել ու անում, մեր անհատական նախագծերով կշարունակենք աշխատել»։
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: