×


Իտալական բարրոկկոյի բարձրարվեստ նմուշները՝ Ազգային պատկերասրահում

Խորհրդավորություն, գունեղություն, տարածականություն, շքեղություն, լուսի ու ստվերի հակադրություն՝ Հայաստանի ազգային պատկերասրահում մինչեւ գալիք տարվա փետրվարի 18-ը կցուցադրվեն իտալական Արիչչա քաղաքի Պալացցո Կիջի թանգարանում պահվող բարոկկոյի վարպետների վրձնած քառասուն գեղանկար եւ ավելի քան տասը այլ նմուշներ՝ փորագրություններ, էսքիզներ ու դեկորատիվ արվեստի ուրիշ նմուշներ: Երեկ բացված ցուցահանդեսը կրում է «Բեռնինիի դպրոց. Հռոմեական բարոկկո» խորագիրը:

«Բեռնինիի դպրոց. Հռոմեական բարոկկո» խորագրով ցուցահանդեսը՝ Ազգային պատկերասրահում


«Այս նախաձեռնության հիմնական նպատակն է ակտիվացնել Հայաստանի՝ առանց այն էլ ակտիվ մշակութային կյանքը: Կառավարության ներկայացուցիչներին ու Ազգային պատկերասրահի տնօրինությանը ցուցահանդեսն անցկացնելու ցանկություն հայտնեցի եւ շատ մեծ էնտուզիազմի հանդիպեցի: Հենց մշակութային այդ եզրն է, որ շատ ընդհանուր է հայերի եւ իտալացիների համար: Իմանալով այս շենքի մշակութային կարեւորության մասին՝ վստահ էի, որ հենց այս կառույցն է արժանի նման գործեր հյուրընկալելու եւ ավելի ամրապնդելու հայ-իտալական հարաբերությունները»,- BRAVO.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո դել Մոնակոն:

Արվեստի 55 նմուշներն էլ բերված են Պալացցո Կիջի թանգարանից, որն, ինչպես Իտալիայում, այնպես էլ ամբողջ աշխարհում համարվում է բարոկկո ոճի եզակի հուշարձան: Երեւանյան ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաեւ Պալացցո Կիջի թանգարանի տնօրեն Ֆրանչեսկո Պետրուչինին, ով առաջին անգամ է Հայաստանում եւ անչափ տպավորված է հայկական մշակութային կոթողներով:

Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո դել Մոնակոն (մեջտեղում)


«Մեծ հաճույք է այստեղ գտնվելն ու մշակութային բարեկամության օրերին մասնակցելը, այս հրաշալի թանգարանին ծանոթանալը: Մասնակցել եմ երեք համաժողովի, խոսել եմ բարոկկոյի մասին եւ նկատել եմ, որ հայերը շատ լավ հասկանում ու լավ պատկերացում ունեն այս ոճի մասին. շատ հետաքրքիր եւ խորքային հարցեր էին տալիս: Անչափ տպավորված եմ»,- նշեց Ֆրանչեսկո Պետրուչինին՝ հավելելով, որ հասցրել է նկատել, թե Հայաստանն ու Իտալիան որքան շատ նմանություններ ունեն:

Կտավները պատկանում են 17-ից 18-րդ դարերին եւ դրանց շրջանակները նույնպես ժամանակի հետ չեն փոփոխվել. բնօրինակն են՝ 1600-ական թվականներից պահպանված: Ներկայացված են իտալական բարոկկոյի խոշորագույն դեմքերի վրձնած կտավները՝ Ջովաննի Լորենցո Բեռնինի, Պիետրո դա Կորտոնա, Սալվատոր Ռոզա, Դոմինիկո Ֆետտի, Անդրեա Պոցցո, Կառլո Մարատտա:

«Բեռնինիի դպրոց. Հռոմեական բարոկկո» խորագրով ցուցահանդեսը՝ Ազգային պատկերասրահում


Բարոկկո թարգմանաբար նշանակում է «տարօրինակ», «արտասովոր», իսկ այս ոճում արված կտավներում տեսնում ենք ինչպես դիցաբանական կերպարներ ու դիցաբանությունից վերցված փոքրիկ պատմություններ, այլեւ ժամանակի գեղեցկությունն ու գեղեցիկի ընդունված տենդենցներն արտահայտող դիմանկարներ: Երեք սրահ, որտեղ կարող եք վայելել իտալական արվեստի շունչը՝ զգալով բարոկկոյի կտավի հերոսների հզորությունն ու կտավում արծարծվող թեմաների պաթոսախառը դրաման:

Տեքստը՝ Զառա Ղազարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին