Լոսանջելեսաբնակ հայազգի ֆեշն-լուսանկարիչ Լեւոն Մուրադյանը երբեւէ չի եղել Հայաստանում, բայց մեծ ցանկություն ունի այցելել հայրենիք ու հենց այստեղ գեղեցիկ ֆոտոշարք իրականացնել: BRAVO.am-ը կապվել է Լեւոնի հետ, հղել մի շարք հարցեր, որոնց պատասխաններն էլ ներկայացնում ենք մեր ընթերցողներին:
Ֆեշն-լուսանկարիչ Լեւոն Մուրադյանը
Մայրս եւ հայրս ծնվել ու մեծացել են Հայաստանում, սակայն հանդիպել են Լոս Անջելեսում: Ես էլ այստեղ եմ ծնվել ու, ցավոք, երբեւէ չեմ այցելել ծնողներիս ծննդավայր:
Լուսանկարչությամբ տարված եմ վաղուց: Այս ոլորտում նախնական կրթությունս ստացել եմ Լոս Անջելեսի Կինոյի դպրոցում:
Ուսումս ավարտելուց հետո հնարավորություն եմ ունեցել տեսահոլովակներ նկարահանել այնպիսի երգիչների համար, ինչպիսիք են` Քրիս Բրաունը, Ուիզ Խալիֆան , Թայգան եւ ուրիշներ: Այս ընթացքում ձեռք եմ բերել այնպիսի հմտություններ, ինչպիսիք չէի կարող ստանալ եւ ոչ մի դասասենյակում. ամենակարեւորը` սովորել եմ ճիշտ օգտագործել լույսը:
Լեւոն Մուրադյանի աշխատանքներից
Այսօր հանդես եմ գալիս որպես ֆեշն-լուսանկարիչ: Ինձ շատ է գրավում է այս ոլորտը:
Նորաձեւությամբ հետաքրքված եմ այնքան, որ “Street Socialites” կոչվող առօրյա հագուստ արտադրող բրենդի հիմնադիրներից մեկն եմ: Կարծում եմ` հագուստն իր ուրույն ձեւով անհատին ուժ է տալիս` դարձնելով հպարտ ու ավելի վստահ:
Նորաձեւություն լուսանկարելը շատ հետաքրքիր, բայց միեւնույն ժամանակ էլ բարդ գործընթաց է: Նախ` բավական երկար ժամանակ է պահանջվում մինչեւ պատրաստում են մոդելին. դիմահարդարում են նրան, հարդարում մազերը, հագցնում համապատասխան հագուստ ու զարդեր: Բայց ամենաբարդն ինձ համար ֆոտոշարքն իրականացնելու համար այնպիսի տարածք գտնելն է, որը կհամապատասխանի հենց այն պատմությանը, որը պատրաստվում եմ փոխանցել լուսանկարներիս միջոցով:
Լեւոն Մուրադյանի աշխատանքներից
Նորաձեւություն լուսանկարելուց բացի, ժամանակ առ ժամանակ հանդես եմ գալիս նաեւ “նյու” ոճում, երբ նախեւառաջ պահանջում է, որ մոդելն իրեն հնարավորինս հարմարավետ զգա իր իսկ մաշկի մեջ:
Իհարկե, եթե ես պրոֆեսիոնալ լուսանկարիչ եմ, դիմացինս էլ` պրոֆեսիոնալ մոդել, ապա նրան մերկացնելուց ամոթի զգացում ոչ մեկս չենք ունենում:):
Չեմ սիրում լուսանկարել այն աղջիկներին ու կանանց, որոնք մոդել չեն, բայց պնդում են, թե կարող են որպես բնորդ հանդես գալ: Մոդելինգն այնքան էլ հեշտ գործ չէ: Մեկ այլ հաճույք է մոդելային գործակալության ներկայացուցիչների հետ աշխատելը:
Լեւոն Մուրադյանի աշխատանքներից
Կարծում եմ` կնոջ մարմնի ամեն մի հատվածը յուրահատուկ սեքսուալություն ունի, բայց եթե ստիպված լինեմ առանձնացնել երկուսը, ապա կնշեմ աչքերն ու կոնքերը: Կանայք առհասարակ շատ գեղեցիկ են:
Դեռ երբեւէ չեմ սիրահարվել որեւէ մոդելի, որի հետ աշխատել եմ:
Մերկ մարմիններ նկարելու ընթացքում գայթակղությանը դիմանալ-չդիմանալու խնդիր երբեք չեմ ունեցել: Միակ հարցը, որը որպես լուսանկարիչ ընդմիշտ հուզում է ինձ, արեւ որսալն է. լուսանկարներիս ճնշող մեծամասնությունը բնական լույսի ներքո են արվում:
Լեւոն Մուրադյանի աշխատանքներից
Լուսանկարելու ընթացքում միակ միտքը, որն անհանգստացնում է ինձ, կադրի կառուցումն ու ֆիքսումն է, որ արդյունքը լինի հենց այնպես, ինչպես պատկերացնում էի:
Փորձում եմ այնպես անել, որ աշխատանքներս դիտողներն ապրեն հենց այն զգացողությունները, որոնք ես ունեի լուսանկարը ստեղծելու պահին:
Լեւոն Մուրադյանի աշխատանքներից
Չեմ պատկերացնում` ինչով կզբաղվեի այսօր, եթե լուսանկարիչ չդառնայի:
Միշտ եղիր քաջատեղյակ տեղի ունեցող իրադարձություններին եւ երբեք մի վախեցիր տապալվել. ահա այն երկու կարեւոր խորհուրդը, որ ստացել եմ որպես լուսանկարիչ ու այս պահին փոխանցում եմ ոլորտի սկսնակներին:
Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի /BRAVO.am/
Լուսանկարները` Լեւոն Մուրադյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: