×


Լեւոն Շարաֆյանի որդու սիրո պատմությունն ու նշանադրեքի լուսանկարները

Լեւոն Շարաֆյանի ընտանիքն այս օրերին Երեւանում է: Առիթը հայտնի դերասանի որդու՝ դիզայներ Միքայել Շարաֆյանի նշանադրությունն է: Ապագա փեսան BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է սիրելիի հետ ծանոթության, օրերս տեղի ունեցած նշանդրեքի եւ առաջիկա հարսանիքի մասին:

Միքայել Շարաֆյանը՝ սիրելիի հետ


Պարզվում է՝ Միքայելն ու սիրելին ծանոթացել են «Ֆեյսբուք»-ի միջոցով.«Նարեն էր ինձ գտել եւ ընկերության առաջարկ ուղարկել: Շատ ընկեր-ընկերուհիներ ունեմ սոցցանցերում: Պարբերաբար միմյանց լուսանկարները հավանում էինք, եւ մի օր Նարեն ինձ գրեց՝ «Երբեք չեմ հասկանա՝ ինչով եմ այնպիսի պատվի արժանացել, որ հավանում եք իմ լուսանկարները», նաեւ նշել էր՝ գնահատում է իմ արվեստը, թեեւ հեռու է արվեստից: Բայց շփման ընթացքում հասկացա, որ բավական տեղյակ է արվեստից ու ընդհանուր շատ բաներ ունենք»,-պատմել է դիզայները եւ հավելել.«Երբ նրան հարցրի, թե ինչու է որոշել ինձ ընկերության հայտ ուղարկել, պատասխանեց՝ հայրիկիս հարցազրույցը դիտելիս լսել է, թե ինչպես է նա իմ մասին խոսում: Այդ պահին իր հայրն ասել է՝ «Այ, այսպիսի մի տղայի հետ ամուսնանայիր»: Նարեին սկսել է հետաքրքրել իմ անձը, երկար ժամանակ իմ մասին տարբեր տեղեկություններ է հավաքել»:

Լեւոն Շարաֆյանը՝ որդու, կնոջ եւ ապագա հարսի հետ


Միքայելը խոստովանել է, որ բարդ բնավորություն ունի, որին չեն դիմացել նախորդ ընկերուհիները:).«Նարեն, թեեւ տասը տարով փոքր է ինձնից, շատ հասուն է դատում, սրտացավ է, ճիշտ խորհուրդներ է տալիս: Մեր ընկերության սկզբում ասաց, որ պատրաստ է «դիմանալ» իմ բարդ տեսակին, հետագայում հասկացա, որ դրանք միայն բառեր չէին, իսկապես այդպես է: Ինձ համար փոքր բաները մարդկային հարաբերություններում շատ կարեւոր են, եթե դրանք ճիշտ են, ամբողջական նկարը եւս գեղեցիկ է: Նախկին ընկերուհիներիս դեպքում ինչ-ինչ բաների վրա աչք էի փակում, իսկ Նարեի հետ ամեն բան այլ է: Մտադիր չէի ամուսնանալ, բայց ամեն բան ինքնին ստացվեց: Այս հունիսին Հայաստան եկա եւ նրան ամուսնության առաջարկություն արեցի Կասկադում»:

Երեւանյան ռեստորաններից մեկում տեղի ունեցած նշանադրությանը ներկա է եղել շուրջ 100 հյուր.«Մեր բարեկամներն ու ընկերներն էին, որոնց հիշում եմ այնքան, ինչքան ինձ եմ հիշում: Ներկա էր Աշոտ Ղազարյանը՝ կնոջ հետ, Հրաչյա Հարությունյանը եւ Սյուզան Մարգարյանը, Պապին Պողոսյանը, երգչուհի Նառան, Զառա Արամյանը, Լալա Մնացականյանը եւ հայտնի այլ դեմքեր»:

Լալա Մնացականյանը, Նառան, Միքայել Շարաֆյանը եւ Զառա Արամյանը


Զույգի հարսանիքը ծրագրված է հաջորդ տարի օգոստոսին՝ Միացյալ Նահանգներում՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանի քավորությամբ: Հարսանեկան զգեստը փեսան անձամբ է հեղինակելու, կատակում է՝ միակ դեպքը կլինի, որ հարսը նախապես չի տեսնի այն:):

BRAVO.am-ը շնորհավորում է զույգին՝ մաղթելով երջանկություն եւ հարատեւ սեր:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Հայկ Ջիլավյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW