×


Լուսին Վարդանյան.«Աղջիկս ինձ նկատողություն արեց»

Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Լուսին Վարդանյանն այժմ նկարահանվում է «Երանի» սերիալում։ BRAVO.am-ի հետ զրույցում նա հայտնել է, որ երկարատեւ դադարից հետո որոշել է վերադառնալ նկարահանման հրապարակ.«Նախկինում ռոմանտիկ ու սիրահարված աղջիկների եմ մարմնավորել, իսկ այստեղ ուժեղ աղջկա կերպարում եմ, ով վստահ է իր ուժերին եւ ունի իր համոզմունքները։ Ըստ սյուժեի` շատ սիրելով հորը, հերոսուհիս ցանկանում է վրեժ լուծել նրան սպանողից: Ունեմ նոր խաղընկերներ, հատկապես կնշեմ Սոֆի Դեւոյանին, որին շատ եմ հավանում»։

Լուսին Վարդանյանը` դստեր հետ


Դերասանուհու խոսքով՝ կարողանում է համատեղել աշխատանքն ու դստեր խնամքը.«Թատրոնում այժմ փորձեր են ընթանում, խաղաշրջանի մեկնարկը կտրվի փետրվարի կեսից։ Ժան Նշանյանը պատրաստում է նոր ներկայացում, որտեղ ես էլ մասնակցություն ունեմ։ Կոմեդիա է, բայց ամեն կերպար իր դրաման ունի։ Ուրախ եմ, որ իմ դերն էլ նախորդներից շատ է տարբերվում։ Պրեմիերան տեղի կունենա գարնանը»։

Լուսին Վարդանյանի դուստրը


Լուսինի դուստրը՝ Ռուզաննան, 2 տարեկան 4 ամսական է։ Նա նշել է, որ փոքրիկը շատ է սիրում ուշադրության կենտրոնում լինել, երգել ու անվերջ պարել.«Իր տարիքի համար շատ հասկացող է, ինձ թվում է՝ արտիստ է ծնվել։ Երբեմն էլ կանչում է իր բեմադրած տեսարանները նայելու։ Այժմ հաճախում է «Հասմիկ» մանկական երաժշտական թատրոն ստուդիա, որտեղ ես ու մայրս դասավանդում ենք, երբ մի քիչ մեծանա, ուզում եմ տանել դասական պարի խմբակ։ Ինձ հետ այնքան կապված է, որ եթե թատրոն տանեմ, անընդհատ կողքիս կլինի ու կխանգարի, բայց մեկ անգամ միասին գնացել ենք ներկայացում դիտելու, եւ երբ մի պահ խոսում էի, նկատողություն արեց, որ շշուկով խոսեմ ու չխանգարեմ:)։ Ամանորին միասին եղել ենք տարբեր թատրոնների մանկական ներկայացումներին, որոնք մեծ հաճույքով դիտում էր։ Ձմեռ պապից էլ ցանկացել էր թիթեռներով շորիկ եւ օրորոցով տիկնիկ»։

Լուսին Վարդանյանը


Դերասանուհին ամուսնալուծությունից հետո անձնական կյանքի մասին նախընտրում է լռել.«Այդ թեմային չեմ ուզում անդրադառնալ։ Ես պարզապես շարունակում եմ իմ բնականոն կյանքով ապրել, աշխատել, դաստիարակել ու մեծացնել աղջկաս: Անձնական կյանքիս որոշ խնդիրներ չեն խանգարում ինձ նոր հաջողություններ ունենալ աշխատանքիս մեջ։ Փորձում եմ որակով անել իմ գործը»։

BRAVO.am
Լուսանկարները՝ BRAVO.am-ի եւ Լուսինի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW