Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկում նոր ներկայացում կա: “Խնջույք ամառանոցում”-ի պրեմիերային ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը: Բեմադրող ռեժիսորը թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի դուստրն է` Նորա Գրիգորյանը: Թատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժնի մագիստրատուրայի ուսանողուհին մի քանի անգամ բեմադրել է մանկական ներկայացումներ, իսկ սա նրա առաջին մեծածավալ աշխատանքն է:
"Խնջույք ամառանոցում" ներկայացման պրեմիերային
Պիեսի հեղինակը ռուս դրամատուրգ Վլադիմիր ժերեբցովն է: Նորայի փոխանցմամբ՝ ցանկացել է հոգեբանական-ռեալիստական գործ բեմադրել, իսկ բնագրի “Պիկնիչոկ” վերնագիրը փոխել է այն ավելի գրավիչ դարձնելու համար.“Հայրս խորհուրդ տվեց կարդալ այս գործը, ինձ էլ հարազատ թվաց: Փողը, թե ինչպես են երիտասարդներն այդքան կարեւորում գումարը, խավերի դասակարգումն արդի թեմա է”:
Երկու գործողությամբ տրագիկոմեդիայի ստեղծման աշխատանքները տեւել են շուրջ չորս ամիս: Դերասանական կազմում են Լիլյա Մուկուչյանը, Մանվել Խաչատրյանը, Նառա Թումասյանը, Գոռ Համբարձումյանը, Ելենա Վարդանյանը, Արման Մեժլումյանը եւ Էրվին Ամիրյանը: Վերջինս Նորայի ամուսինն է.“Նրա խորհուրդներից օգտվել եմ, իրար չհասկանալու պահեր քիչ են եղել, տանն էլ միշտ խոսում ենք մեր աշխատանքից: Քանի որ փորձառու չեմ, դերասաններն ինձ շատ են օգնել. միասին քննարկել ենք ամեն մանրուք: Արդեն թիմ ենք դարձել”:
"Խնջույք ամառանոցում" ներկայացման պրեմիերային
Ներկայացման մեջ չկան գլխավոր դերակատարներ, սակայն Լիլյա Մուկուչյանը մարմնավորում է առաջին հայացքից խենթ Վասիլիսային, որն էլ դառնում է առանցքային կերպարը.“Ինձ համար կարեւոր էր, որ տարօրինակ աղջիկը, որի համար փողն առաջնային չէ, բեմում չլինի խելագար: Չգիտեմ` որքանով է ստացվել, բայց սիրեցի Վասիլիսային: Ֆինանսը փոխում է փոխհարաբերությունները, նույնիսկ մարդուն կարող է անճանաչելիորեն փչացնել: Դերասանի համար էլ հետաքրքիր է՝ ինչպես է իր հերոսը տվյալ իրավիճակում իրեն դրսեւորում, ինչպես իրեն կդրսեւորեր իրական կյանքում”:
Նառա Թումասյանն էլ կարծում է, որ այս թեման միշտ արդիական է բոլոր երկրներում.“Իսկ այն, ինչ կապ ունի փողի հետ, միշտ հետաքրքիր է: Հետաքրքիր էր իմ հերոսուհին. նախ այսպիսի կերպար երբեւէ չէի մարմնավորել, հետո այն ինձ բոլորովին նման չէ”:
"Խնջույք ամառանոցում" ներկայացման պրեմիերային
Էրվինը հուսով է` ներկայացումը կհետաքրքրի երիտասարդներին.“Փողի ու շահի համար պայքարը դարերից եկած թեմա է: Այս հերոսներն էլ մեր ժամանակներում պայքարում են իրենց շահի համար: ժամանակակից պիես է, համոզված եմ, որ դերասան-ռեժիսոր-բեմանկարիչ-հագուստի ձեւավորող կապը ստացվել է: Սրտացավ աշխատել ենք”:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/BRAVO.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: