×


Կամերայինի դերասանների երեւանյան նոր ֆոտոշարքը

Երեւանի կամերային թատրոնը կրկին սեր է խոստովանել Երեւանին՝ այս անգամ մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակի առթիվ: Ինչպես հայտնի է, Արա Երնջակյանը դեռ երեք տարի առաջ բեմադրել էր «Սիրո խոստովանություն» ներկայացումը՝ նվիրված Երեւանի 2797-ամյակին: Այս անգամ դերասանները հանդես են եկել նոր ֆոտոշարքով, որն իրականացվել է մայրաքաղաքի հայտնի փողոցներում: Շուտով լուսանկարները հասանելի կլինեն թատրոնի ֆեյսբուքյան էջում եւ կուղեկցվեն ներկայացման հայտնի տողերով: Բայց մինչ այդ ռեժիսոր Լուսինե Երնջակյանն առաջինը BRAVO.am-ին է տրամադրել ֆոտոշարքը եւ պատմել նկարահանումների մասին:

Ինչպես ներկայացման դերերում, այնպես էլ ֆոտոշարքում հանդես են եկել Ռաֆայել Երանոսյանը, Վահե Զիրոյանը, Անի Լուպեն, Սենիկ Բարսեղյանը եւ Հասմիկ Դանիելյանը: Լուսանկարներն արվել են Կասկադում, Օպերայի բակում, սրճարանում եւ անգամ տրոլեյբուսում: Լուսինե Երնջակյանն ասաց, որ նկարահանումները սկսել են առավոտյան ժամը 6:00-ին, որպեսզի փողոցները մարդաշատ չլինեն, ու կարողանան հետաքրքիր լուսանկարներ ստանալ:


«Քանի որ «Սիրո խոստովանությունը», ցավոք, ոչ բոլորը հնարավորություն ունեն դիտել թատրոնում, որոշեցինք թեմային համահունչ լուսանկարներ ստանալ եւ տեղադրել մեր ֆեյսբուքյան էջում` համեմված ներկայացման որոշակի տեքստերով: Այդպիսով բոլոր ցանկացողները կարող են պատկերացում կազմել մեր ներկայացման մասին: Գիտեք, սեպտեմբերը բոլոր երեւանաբնակների մոտ ասոցացվում է Էրեբունի-Երեւան տոնակատարությունների հետ, եւ մենք էլ, ինչպես միշտ, որոշեցինք հետ չմնալ ընդհանուր տրամադրություններից»,- ընդգծեց նա:


Հավելենք, որ «Սիրո խոստովանությունը» ջերմ, տեղ-տեղ թախծոտ եւ զգացմունքային պատմություն է Երեւանի ու երեւանցիների մասին: Ներկայացումը համեմված է երնջակյանական հումորով եւ Երեւանին նվիրված հին ու նոր սիրված երգերով: Այն, իհարկե, ընդգրկված է նոր թատերաշրջանի ներկայացումների ցանկում, այնպես որ, եթե դեռ չեք դիտել երիտասարդ դերասանների սիրո խոստովանությունը, ապա շտապեք կամերային թատրոն. հաջորդ ներկայացումը սեպտեմբերի 29-ին է:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Հակոբ Քալաշյանի /Kalashyan Photography/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին