×


Կառուցել առանց քանդելու, տունս քանդեցիք, տունդ շեն լինի. “խոսում” են լուսանկարները

Ապրիլի 16-ին Երեւանի պատմության թանգարանում բացվել է  “Կառուցել առանց քանդելու’’ խորագիրը կրող ցուցահանդեսը, որին ներկա են եղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն ու բարձրաստիճան այլ անձինք:

Լուսանկարիչ Հայկ Բիանջյանը


Ցուցահանդեսի հերոսները` լուսանկարիչ Հայկ Բիանջյանի “խոսող’’ լուսանկարներն են, որոնց վրա պատկերված են մեր քաղաքի պատմության վերջին վկաները:  Ցուցասրահը բաժանված է երկու մասի.  “Տունս քանդեցինք’’ խորագրի ներքո լուսանկարիչը ներկայացրել է վերջին 9-ը տարվա ընթացքում արված լուսանկարների մի մասը` մոտ 54 աշխատանք: Սրահում ներկայացված են առավել դաժանաբար քանդված ճարտարապետական հուշարձան հանդիսացող հինգ շինության ֆոտո-պատմությունները:

“Տունդ շեն լինի’’ խորագիրը կրող ցուցասրահի երկրորդ մասում  “Արխ’’ ճարտարապետական արվեստանոցի ղեկավար, ճարտարապետ Գարեգին Եղոյանը եւ հեղինակային խմբի ներկայացուցիչ, ճարտարապետ Արսեն Կարապետյանը ներկայացրել են Աբովյան-Սախարովի հրապարակ-Պուշկին փողոցների վերակառուցման իրենց գաղափարը:

“Կառուցել առանց քանդելու’’ խորագիրը կրող ցուցահանդեսին ներկայացված լուսանկարներից


Գարեգին Եղոյանի խոսքով՝  ցուցադրությունը միայն մեկ նպատակ ունի` կառուցել առանց քանդելու: “Արխ’’ ճարտարապետական արվեստանոցի ղեկավարը համեմատում է քաղաքը գրքի հետ՝ նշելով,  եթե էջեր պոկվեն, գրքի իմաստը կկորչի.“Մեր քաղաքից՝ մեր գրքից շատ քիչ էջեր են մնացել, ուզում ենք պահպանել դրանք, որ կարդացվի: Անպայման պետք է կառուցվեն նոր շենքեր, քաղաքը պետք է փոխվի, մեծանա, մետամորֆոզների ենթարկվի, սակայն ոչ քանդել-սարքելու պարզ ճանապարհով’’:

“Այն ամենը, ինչ մնաց այդ տներից’’ խորագիրը կրող լուսանկարներում պատկերված են տպագրական մեքենա, հեռախոս, 120 տարվա պատմություն ունեցող պատշգամբների ճաղեր եւ այլ առարկաներ, որոնք Հայկ Բիանջյանը հասցրել է հավաքել շենքերի էքսկավատորով ապամոնտաժման աշխատանքների ընթացքում: Լուսանկարիչը չի մանրամասնել, թե որտեղ են պահվում այդ իրերն այժմ, բայց հույս է հայտնել, որ մեկ օր անձնական փոքրիկ թանգարան կհիմնի:

Ճարտարապետներ Արսեն Կարապետյանը եւ Գարեգին Եղոյանը


Հայկը սկսել է լուսանկարել 2003 թվականից: Լուսանկարիչը նշել է, որ շատերը չեն հասկացել՝  որն է արխիվ հավաքելու իմաստը: Առաջինը լուսանկարել է Պուշկինի 11 հասցեում գտնվող շենքը: Նա վստահ է՝ լուսանկարչական սարքն իր զենքն է, իսկ լուսանկարները վիզուալ հզոր գործոններ են, որոնց շնորհիվ անտեղյակ մարդիկ կիմանան մեր քաղաքում ժամանակին “ապրող’’ շենքերի եւ նրանց հետագա ճակատագրի մասին.“Լուսանկարները մարդկանց սթափեցնելու միջոց են հանդիսանում’’:

Հայկի խոսքով՝  նման ցուցահանդեսների շնորհիվ դեռեւս չի հաջողվել որեւէ շենքի ճակատագիր փրկել, փոխարենը, փոխվում է մարդկանց մտածելակերպը. “Սկզբնական շրջանում քչերն էին այցելում նման ցուցահանդեսներ: Այժմ պատկերն այլ է. հետաքրքրվում են ոչ միայն նրանք, որոնց “ոտքը տրորվել է’’, այլ նաեւ մյուսները’’:

“Կառուցել առանց քանդելու’’ խորագիրը կրող ցուցահանդեսին ներկայացված աշխատանքներից


“Ցուցահանդեսի նպատակն է ասել` եկեք նորից կառուցենք, բայց ոչ հնի հաշվին: Համադրելով հինն ու նորը՝ կարելի է հետաքրքիր նախագիծ ստանալ, որի շնորհիվ կպահպանվի քաղաքի հին շերտի մասնիկները` թույլ տալով մասնավոր հատվածին կատարել ներդրումներ”,- նշել է Հայկ Բիանջյանը:

Տեքստը Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Mana Litta-ի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW