×


ԿինոՊարկը ցուցադրում է «Գահերի խաղը». ինչպես է անցել վերջին եթերաշրջանի երեւանյան պրեմիերան

Միայն մեկ օր եւ միայն «Երեւան Մոլ»-ի կինոթատրոնում՝ «ԿինոՊարկ»-ում, երեկ ցուցադրվեց «Գահերի խաղը» հեռուստասերիալի 8-րդ եթերաշրջանի առաջին մասը: Երկար սպասված պրեմիերային ներկա էին ֆիլմի հավատարիմ երկրպագուները, ինչպես նաեւ հրավիրված հայտնի հյուրեր տարբեր ոլորտներից: BRAVO.am-ը նույնպես ներկա է եղել ֆիլմի ցուցադրությանը, լուսանկարել է կինոսերներին, զրուցել է «ԿինոՊարկ»-ի տնօրենի հետ, ինչպես նաեւ հետաքրքիր մանրամասներ պարզել «Գահերի խաղ»-ի նոր եթերաշրջանի մասին:

Հատկանշական է, որ ցուցադրությունից դեռ տասն օր առաջ բոլոր տեղերն արդեն սպառվել էին, եւ դրա շնորհիվ առաջին ցուցադրությունն անցավ «ԿինոՊարկ»-ի լեփ-լեցուն դահլիճներում: Բոլոր սրահներում ընդհանուր առմամբ ներկա էր մոտ 630 հոգի, ովքեր տոմսերը ձեռք էին բերել 2600 դրամ արժողությամբ կոմբո (պոպկորն եւ կոկա-կոլա) գնելով: «ԿինոՊարկ»-ի տնօրեն Արեգ Դանիելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ֆիլմի ցուցադրությունն ապահովել է «Ucom» ընկերությունը: Այն հանդիսանում է «Գահերի խաղը» հեռուստասերիալի պաշտոնական ցուցադրողը Հայաստանում:

«Գահերի խաղը» սերիալի պրեմիերան ԿինոՊարկում


«Ամենակարեւորն այն է, որ «ԿինոՊարկը» միակ կինոթատրոնն է, որը պրեմիերայի օրը պաշտոնապես ցուցադրում է «Գահերի խաղը»: Սա խոսում է մեր կինոթատրոնի բարձր վարկանիշի եւ այն մասին, որ մեր հաճախորդները շատ են սիրում «ԿինոՊարկը»: Հիմա աշխատում ենք, որպեսզի մյուս սերիաներն էլ մեզ մոտ ցուցադրենք: Կարծում եմ՝ կհաջողվի՝ հաշվի առնելով այն իրարանցումը, որ հիմա կա այստեղ»,- նկատեց Արեգ Դանիելյանը:

Դեռեւս 2011 թվականին թողարկված հեռուստասերիալը, որ կարճ ժամանակում մեծ հետաքրքրություն առաջացրեց կինոսերների շրջանում, ինչպես նաեւ մեծ եկամուտներ ապահովեց ստեղծողների համար, կարծես թե մոտենում է տրամաբանական ավարտին: Ֆիլմի 8-րդ եթերաշրջանը նախորդի անմիջական շարունակությունն է՝ ներկայացնելով երկաթե գահի համար մղվող պայքարը ազնվական ընտանիքների միջեւ: Ֆիլմը վաղուց շրջանցել է Ջորջ Մարտինի «Սառույցի եւ հրո երգ» գրքի սյուժեն: Վերջին երկու սեզոնների սցենարները մշակվել են գրողի հետ քննարկումների արդյունքում, որոնցում նա նկարագրում է, թե ինչպես է պատկերացնում իր հերոսների ճակատագրերը: Այդ ամենը, իհարկե, բարդացնում է սերիալի արտադրությունը, քանի որ չկան պատրաստի երկխոսություններն ու գրական բնօրինակը:

«Գահերի խաղը» սերիալի պրեմիերան ԿինոՊարկում


Վերջին եթերաշրջանը ներկայացնելու է միայն վեց սերիա, որոնցից յուրաքանչյուրը, բացառությամբ առաջին երկուսի, տեւելու է մեկուկես ժամ: Սերիալում հեռուստադիտողին սպասվում են մեծամասշտաբ մարտեր, որոնք խոստանում են դառնալ կինոյի եւ հեռուստատեսության պատմության մեջ ամենաէպիկական տեսարաններից:

«Շատ քիչ բան կարող է քեզ նախապատրաստել այնպիսի նկարահանումների, որոնք ամբողջովին սպառում են ուժերդ: Գիշերը գիշերի հետեւից, նորից ու նորից, առանց դադարի: Հիվանդանալ չի կարելի, պետք է հետեւես ինքդ քեզ, քանի որ ոչ ոք, բացի քեզնից, դա չի կարող անել: Լինում են պահեր, երբ գիտակցում ես՝ դու մարդ ես ու ցանկանում ես լաց լինել»,- հիշում է դերասան Մեյսի Ուիլյամսը, ով ռեժիսորի պահանջով դեռ մեկ տարի առաջ սկսել էր ակտիվ մարզվել ավարտական եթերաշրջանի համար:

«Գահերի խաղը» սերիալի պրեմիերան ԿինոՊարկում


ԿինոՊարկի տնօրենից հետաքրքրվեցինք՝ հնարավոր է արդյոք, որ նոր սերիան եւս մեկ անգամ ցուցադրվի՝ հնարավորություն ընձեռելով հայ կինոսերներին մեծ էկրաններից վայելել սիրելի ֆիլմը: Արեգ Դանիելյանն ասաց, որ եթե պահանջարկը մեծ լինի, ապա առաջին մասը կրկին կցուցադրեն «ԿինոՊարկ»-ում: Իսկ մինչ այդ կինոթատրոնի պաշտոնական կայքէջում կարող եք հետեւել ընթացիկ ֆիլմերի ցանկին եւ բաց չթողնել սպասվող նորությունները: «Երեւան Մոլ»-ի կինոթատրոնի ղեկավարները խոստանում են նման մեծ ցուցադրություններ կազմակերպել նաեւ սերիալի մյուս մասերի պրեմիերաների ժամանակ:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին