×


Համասյան, Պիետրոդարկի, Խաչատրյան, Մոնդելչի. Համերգ` Արամ Ղարաբեկյանի հիշատակին

Մաեստրո Արամ Ղարաբեկյանի 60-ամյակին նվիրված “Ապրեք երաժշտությամբ” խորագիրը կրող համերգը երեկ դասական երաժշտության սիրահարներին համախմբել էր Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Մաեստրո Արամ Ղարաբեկյանի 60-ամյակին նվիրված համերգին


Անվանի դիրիժորին իրենց հարգանքի տուրքն են մատուցել նրա ընկերներն ու գործընկերները` երաժիշտներ Սերգեյ Խաչատրյանը, Տիգրան Համասյանը, Ֆեդերիկո Մոնդելչին, Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, Լուկա Լուչինին, Սուրեն Բագրատունին, Արմեն Բաբախանյանը, Սվետլանա Նավասարդյանը, Լուսինե Խաչատրյանը, Արսեն Տեր-Տաճատյանը եւ “Հայաստանի փոքրիկ երգիչներ” երգչախումբը` գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանի գլխավորությամբ: 

Լեփ-լեցուն դահլիճ, բուռն ծափահարություններ համերգի ողջ ընթացքում, մաեստրոյին նվիրված մեջբերումներ արտասահմանյան հայտնի պարբերականներից եւ նրա հետ աշխատած աշխարհահռչակ մարդկանցից, գեղեցիկ ելույթներ… Բայց սա դեռ ամենը չէր` ներկաները ճեմասրահում բացված ցուցահանդեսին դիտել են Արամ Ղարաբեկյանի մանկությունից մինչեւ Միացյալ Նահանգներ մեկնելու տարիները ներկայացնող լուսանկարները:

Մաեստրո Արամ Ղարաբեկյանի 60-ամյակին նվիրված համերգին


Համերգի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը հայտնել է, որ համերգն ի պատիվ Արամ Ղարաբեկյանի կրում է “Ապրեք երաժշտությամբ” խորագիրը, քանի որ մաեստրոն իր կյանքը նվիրել էր ու ապրում էր երաժշտությամբ.“Հիմա նա մեզ հետ չէ, բայց առաջվա պես ապրում է երաժշտության մեջ ու մեր հոգիներում: Այս ուղերձը հանդիսատեսը կգտնի նաեւ համերգի ենթատեքստում: Կազմակերպելիս հաշվի ենք առել երեք կարեւոր հանգամանք՝ բարձրորակ կատարումներ, սեր դեպի երաժշտությունն ու միմյանց եւ համախմբում: Ինչպես տեսաք` երաժիշտներն իրենց բազմազբաղ օրակարգում գտան մեկ օր` գալու Երեւան ու մասնակցելու այս համերգին”:

Արամ Ղարաբեկյանը դիրիժորական արվեստը սովորել է Եվրոպայում, այնուհետեւ հիմնադրել ու ղեկավարել է Բոստոնի «ՍիմֆոՆովա» կամերային նվագախումբը: Որպես հրավիրյալ դիրիժոր ելույթներ է ունեցել աշխարհի բազմաթիվ նվագախմբերի հետ, արժանացել միջազգային հեղինակավոր մրցանակների: Նրա ապրած կյանքի 59 տարիներից 12-ը կապված են Հայաստանի հետ:

Դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանի խոսքով` դիրիժորի ներկայությունը նվեր է հայկական երաժշտարվեստին.“Նա իր հետ Հայաստան բերեց նրբաճաշակ արտիստի կերպարը, բեմական գեղեցիկ պահվածքի կուլտուրան, համերգներ կազմակերպելու բարձրաճաշակ ոճը, այն ամենը, ինչը պրոֆեսիոնալ հմտությունների ու բեմական ներշնչանքի հետ մեկտեղ տոնի էին վերածում Արամի յուրաքանչյուր համերգ”:

Մաեստրո Արամ Ղարաբեկյանի 60-ամյակին նվիրված համերգին


Իտալացի ակորդեոնահար, բանդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին էլ հայտնել է, որ մաեստրոն հիասքանչ մարդ էր ինչպես երաժշտարվեստում, այնպես էլ կյանքում.“Շնորհակալ եմ, որ հնարավորություն ընձեռեց աշխատել իր նվագախմբի հետ, ճանաչելի դարձրեց իմ երաժշտությունը նաեւ Հայաստանում եւ հայ հանդիսատեսին”:

Երեկոյի ավարտին Տիգրան Հեքեքյանը նշել է, որ հանդիսատեսի ջերմ վերաբերմունքն ուղղված է Արամ Ղարաբեկյանին.“Ուզում եմ ծափահարությունները փոխանցել մի կնոջ, որը ներկա էր Արամի բոլոր համերգներին եւ իր ներկայությամբ ոգեշնչում էր նրան եւ ոգեւորվում ինքը: 60 տարի առաջ այդ կինը լույս աշխարհ բերեց մի մանուկ, որը հսկայական բերկրանք պարգեւեց հազարավոր մարդկանց: Շնորհակալ ենք ձեզ, շատ սիրելի տիկին Ժենյա”:

Նշենք, որ մաեստրոյի 60-ամյակին նվիրված բարեգործական համերգին երաժիշտները մասնակցել են անհատույց, իսկ տոմսերի վաճառքից ստացված հասույթը Ղարաբեկյանի ընտանիքը կտրամադրի Շուշիում կառուցվող միակ համերգասրահի համար երաժշտական գործիքների ձեռքբերման ֆոնդին:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW