×


Համարձակ ի՞նչ քայլերի է դիմել 16-ամյա Սյուզին

ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Ջանգիրովը, Արմեն Սարգսյանն ու Լիանա Ավետիսյանը “Մոռացված հողը” ներկայացման դերակատարներն են, որը բեմադրել է երիտասարդ ռեժիսոր Արթուր Մակարյանը: Երաժշտական ներկայացման պրեմիերան տեղի է ունեցել երեկ` Հենրիկ Մալյանի անվան թատրոնում:

Արմեն Սարգսյանն ու Լիանա Ավետիսյանը


Մոտ մեկ ժամ տեւողությամբ “Մոռացված հողը” ներկայացման հիմքում Ջոն Շեֆիլդի համանուն պիեսն է, դերասանները բացի խաղալուց, նաեւ սահուն անցումներով երգում են ու պարում: Երաժշտական մասի ղեկավարն Աննա Տերտերյանն է, բեմի ձեւավորումն արել է Տաթեւ Հարությունյանը, երաժշտության հեղինակներն են Էդուարդ Պեշտմալջյանը եւ Ժան Հովակը:

Հերոսուհին` Սյուզին, 16 տարեկան աղջիկ է, որին ոչինչ չի խանգարում գնալ իր երազանքների հետեւից: Նա անտեսում է հանրության կարծիքը, հանդիպում արբեցող հայր ունեցող տղայի հետ եւ չի ցանկանում վերադառնալ ծնողների մոտ: Սյուզին ու Սեմին պատրաստվում են ծնողներ դառնալ, չեն ուզում մնալ բամբասող ծանոթների շրջապատում, պատրաստ են թողնել հողը եւ հեռանալ Կալիֆոռնիա, Նյու Յորք կամ էլ Տեխաս:

Լիանա Ավետիսյանը եւ Արմեն Սարգսյանը


Արմեն Սարգսյանին Սեմիի իր կերպարը հետաքրքրել է հայի տեսանկյունից. “Այսօր էլ շրջապատից տարբերվող մարդուն մատով են ցույց տալիս, միշտ փորձում են թույլին ճնշել: Բայց մարդուն մենք չէ, որ պետք է մեղադրենք ու դատենք”,-նշել է դերասանն ու հավելել. “Մոտ չորս ամիս առաջ էր` ընտրեցինք պիեսը, սկսեցինք աշխատել եւ փորձեցինք ներկայացումը պատրաստել 40 օրվա ընթացքում, իսկ հայկական թատրոններում ընդունված է ամիսներով քննարկել ու ձգձգել”:

Դերասանուհի Լիանա Ավետիսյանը, որը “Հայֆիլմ” կինոստուդիային կից կինոդերասանի ստուդիան ավարտելուց հետո դերասանական կուրսեր է անցել Միացյալ Նահանգներում, անկեղծորեն ասել է` միակն է եղել, որ կարդալուց հետո չի հավանել պիեսը.“Բայց հետո ինձ համոզեցին, կերպարիս մեջ գտա հետաքրքիր բաներ ու սկսեցի ոգեւորվել: 16 տարեկանում ես էլ համարձակ եմ եղել, բայց Սյուզին շատ ավելի համարձակ է. ինչ այդ տարիքում չէի արել, բեմում Սյուզիի կերպարով անում եմ:)”:

Լիանա Ավետիսյանը եւ Արմեն Սարգսյանը


Պրեմիերայից հետո Կարեն Ջանգիրովը երիտասարդներին շարունակ ոգեւորում էր: Թեեւ դերասանը փորձերին միացել է ավելի ուշ, բայց դա չի խանգարել նրան ներգրավվել ներկայացման մեջ: Լիանա Ավետիսյանը խոստովանել է` եթե ինքը դերի որեւէ տեսարան “գտել” է մեկ շաբաթում, ապա Կարեն Ջանգիրովը` մեկ րոպեում. “Ես ու Արմենը փորձերին չէինք ամաչում, բայց երբ առաջին անգամ մեզ հետ պետք է խաղար մեծ դերասան, սթափվեցինք, որովհետեւ պետք է ավելի զգույշ լինեինք, բայց պարոն Ջանգիրովն ավելորդ լարվածություն չէր ստեղծում, այլ` հակառակը: Երբ ինչ-որ տեսարան չէր ստացվում, ասում էր. “Ցավ չկա: Ցավ, վատ կյանք չեք տեսել, այ, որ դուք էլ անքուն աշխատեիք… Ի՞նչ եք արել, ծնվել եք ու ձեր համար ապրում եք էլի, վատ կյանք չեք տեսել”: Այսպես շատ բաներ սովորեցինք իրենից”:

Կարեն Ջանգիրովն ու Արմեն Սարգսյանը


Այս ներկայացումը նորաստեղծ “Էպսիդոն” թատերախմբի երկրորդ աշխատանքն է, նախորդ ներկայացման` “Վոյցեկ”-ի մասին  BRAVO.am-ը պատմել է նախորդ տարվա վերջին: Ինչպես Արմենը, այնպես էլ Լիանան “Վոյցեկ” ներկայացման դերասաններից են:
 
Թատերախումբը նպատակ ունի այս ներկայացմամբ մեկնել հյուրախաղերի: “Մոռացված հողը” Մալյանի անվան թատրոնում կխաղան նաեւ մայիսի 26-ին ու 27-ին:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW