Կանանց տոնի կապակցությամբ յուրահատուկ նվերներից չի հրաժարվի գեղեցիկ սեռի եւ ոչ մի ներկայացուցիչ:): Մինչ մեկնաբանությունների հատվածում բոլորիս հետ կկիսվես քեզ մատուցված հաճելի անակնկալի տպավորություններովդ, պատմենք Քնարիկ անունով մի աղջկա հանդեպ իր մեծ սերը եւս մեկ անգամ հայտնելու համար հենց մարտի 8-ին բառիս բուն իմաստով երկինք բարձրացած տղայի խենթ արարքի մասին:
"Թռիչքս ֆիքսած լուսանկարն ու գեղեցիկ մի վարդ տարա եւ թողեցի սիրելիիս դռան առջեւ". Արմեն Սարգսյան
Այս տղայի մասին BRAVO.am-ը մեկ անգամ արդեն պատմել է: Նա պարապլաներիստ Արմեն Սարգսյանն է, որի տարերքը թռչունների պես սավառնելն է, թռիչքային այս մարզաձեւում նաեւ հաջողություններ է գրանցում. 2011-ին Բուլղարիայում կայացած “Skynomad” միջազգային մրցույթի “sport class” կարգում զբաղեցրել է առաջին տեղը:
Հայ պարապլաներիստի` հանուն սիրո իրականացված թռիչքի մանրամասները կարդացեք ստորեւ: Պատմում է հենց Արմենը.
Ցանկություն ունեի ապացուցել զգացմունքներիս լրջությունը, ցույց տալ, թե ինչի եմ պատրաստ հանուն դրա: Ուզում էի դա անել յուրահատուկ ձեւով, ինչը նաեւ գեղեցիկ կդիտվեր: Նպատակ դարձրի Երեւանի վրայով Արարատի ֆոնին թռչելը…
Հայ պարապլաներիստ Արմեն Սարգսյանը վտանգավոր թռիչք է իրականացրել հանուն սիրո
Գաղափարս իրականացնելու համար հարկավոր էր շարժիչ ձեռք բերել, որն էլ ինձ տվեց ֆրանսիացի ընկերս` Ֆիլիպը: Նա մի քանի տարի առաջ լուրջ վնասվածք էր ստացել այդպես թռչելու ժամանակ եւ դադարեցրել պարապլաներիզմով զբաղվելը, սակայն խնդրանքս չմերժեց:
Պատրաստվել սկսեցի մոտ երկու շաբաթ առաջ, քանի որ նախկինում երբեք այսպես չեմ թռչել, երբ մեջքիդ շարժիչ է ամրացվում, եւ թռիչքի համար սարերն այլեւս պարտադիր չեն. բավարար է բաց տարածություն, որտեղ պարապլանը շարժիչի օգնությամբ կբարձրանա վեր:
Այսպես ասած` սկսեցի կառլսոնություն անել` ինքս իմ սխալների վրա սովորել շարժիչով թռչել: Եթե թռիչքի ընթացքում շարժիչը դադարեր աշխատել, ես կհայտնվեի շատ վատ վիճակում, որովհետեւ դաշտերում թռչելիս նման իրավիճակում էլ կարող ես վայրէջք կատարել, իսկ քաղաքում, երբ ներքեւում շենքեր, ծառեր եւ էլեկտրական լարերով լի փողոցներ են, շարժիչի խափանվելու դեպքում հաջող վայրէջք կատարելու հավանականությունը շատ փոքր է: Եղանակն էլ է մեծ դեր խաղում. ինձ կապույտ երկինք էր հարկավոր, որպեսզի սարն էլ լավ երեւա:
"Նպատակս էր թռչել Երեւանի վրայով, Արարատի ֆոնին եւ մեծ դրոշով, որի վրա գրված կլինեն իմ սրտում եղած խոսքերը". Արմեն Սարգսյան
Այսպիսով, իմ ցանկությունը` թռչել Երեւանի վրայով, Արարատի ֆոնին եւ մեծ դրոշով, որի վրա գրված կլինեն իմ սրտում եղած խոսքերը, դարձավ շատ ռիսկային:
Պարապլաներիստ ընկերներս ինձ գիժ էին ասում, նշում, որ գաղափարս հաջող իրականացնելու շանսերս փոքր են: Մի պահ վհատվեցի, բայց հետո մտածեցի` փոշմանելու եմ եւ ինձ չեմ ներելու հետ կանգնելու համար:
Սիրելիիս հաղորդագրություն էի գրել, որ գիժ մի բան կա մտքումս, բայց փակագծերը չէի բացել: Նաեւ դա էր պատճառը, որպեսզի հետ չկանգնեմ, կամ էլ պետք է էլի գիժ մեկ այլ բան մտածեի…
Մարտի 7-ին ամեն ինչ պատրաստ էր, խնդրել էի, որ թռիչքս նկարահանվեր, մնում էր կարողանալ Համալիրի կայանատեղիից իրականացնել այն: Քամին հակառակ ուղղությամբ էր, անհաջող մի քանի փորձ կատարեցի, վերջինը դաժան ելք ունեցավ. բախվեցի բարձր պատնեշին, վնասվեցի, կոտրվեց նաեւ շարժիչի պրոպելլերը: Հոգեպես ինձ այնքան վատ էի զգում, ուզում էի ժամանակը տասը րոպեով հետ տալ, որ փորձեի չկրկնել սխալս:
“Կներես, չկարողացա”, այս խոսքերը գրեցի Քնարիկին, ինձ հազիվ էի զսպում… Ինչեւէ, գլուխս կախ հավաքվեցի ու գնացի տուն: Տուն հասնելուն պես մտա ավտոտնակ, աչքովս ընկավ խորհրդային ժամանակներից մնացած շատ հին պրոպելլեր: Վառվեց հույսի ճրագը, եւ սկսեցի վերանորոգել շարժիչը: Ուշ գիշեր էր, երբ ավարտեցի աշխատանքներն ու անգամ չմտածելով հարեւաններին անհանգստացնելու մասին, ինքնաթիռի ձայն հանող շարժիչն աշխատացրի, որպեսզի համոզվեմ` ամեն ինչ նորմալ է եւ հույս կա, որ այն ինձ օդ կբարձրացնի:
"Ինչ կա սրտումս, գրված է լուսանկարում երեւացող դրոշի վրա". Արմեն Սարգսյան
Մարտի 8-ի վաղ առավոտյան անհաջող մի քանի փորձ կատարեցի, բայց այնուամենայնիվ, ստացվեց, թռա˜…
Քանի որ դրոշը շատ մեծ էր, չէի կարող հետս օդ բարձրացնել, ինչի համար հետո մոտեցա գետնին եւ փորձեցի ոտքով բռնել դրա երկար թելը, հեշտ չէր, բայց դա էլ ստացվեց, եւ դրոշը բարձրացավ օդ…
Սիրելիս տանն էր եւ թռիչքիս մասին միայն հետո իմացավ: Նա հետս չի խոսում…
Ի դեպ, քաղաքում թռչելն արգելված է, բայց դա ինձ չէր հետաքրքրում, ուզում էի ապացուցել, որ սիրում եմ իրեն` սկսած մեր առաջին հանդիպումից…
Ես թռիչքս ֆիքսած լուսանկարն ու գեղեցիկ մի վարդ տարա եւ թողեցի իր դռան առջեւ… Իսկ ինչ ուզում էի ասել, ինչ կա սրտումս, գրված է լուսանկարում երեւացող դրոշի վրա…
Պատրաստեց Լիլիթ Բաբայանը/Bravo.am/
Լուսանկարները` Արմեն Սարգսյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: