×


Հայաստանում կունիլինգուս «չկա»

Մի ամիս տրամադրվում էի այս «բոբո», տղամարդկանց մոտ նյարդային ցնցումներ ու կնճռոտ դեմք, աղջիկների մոտ «ըըըը» ու անտեղյակ կմկմոց առաջացնող, իսկ ոմանց դեմքին էլ դյութիչ ժպիտ նկարող նյութին: Արական հատվածը հորդորում էր չդիպչել այս գեղեցիկ թեմային. հասարակությունը պատրաստ չէ, դա տաբու է եւ այլն: Իգական սեռից, բնականաբար, տրամագծորեն հակառակ արձագանքներ ստացա՝ անդրադառնալ անպայման: Դե, ինչ արած: Այնպիսի երկրում ենք ապրում, որ ես ստիպված զգուշորեն հայտարարում եմ՝ ուշադրություն, սկսում եմ անդրադառնալ, ով պատրաստ չէ, թող չընթերցի: Իրականում, եթե նույնիսկ պատրաստ չեք, դա չի նշանակում, որ լեզվական այս հմտությունն օրալ սեքսի հնամենի հատված չէ: Դեռեւս 8-րդ դարում չին կայսրուհի Ու Հոուն կունիլինգուսի մշակույթն արքունիք ներմուծեց՝ որպես կանանց մեծարում եւ տղամարդկանց նվաստացում: Այն լայն տարածում գտավ, ու «լոտուսի թերթիկների լպստոտման» տեխնիկան բարձրագույն մակարդակի հասավ: Կայսրուհին ստիպում էր բոլոր պաշտոնյաներին առանձնահատուկ հարգանք ցուցաբերել իր նկատմամբ կունիլինգուսի միջոցով: Բարեբախտաբար, կունիլինգուսը «մեծարում-նվաստացում» ձեւաչափից վաղուց վերածվել է սեքսի բնականոն, հաճելի հատվածներից մեկի: Իսկ Հայաստանում…

Եվ թող գոռան Գեղամիկներն ու Վալոդիկները, որ դա վայել չէ իրական առնական տղամարդուն: Թող տղամարդկանց մի հոծ զանգված շարունակի մտածել, որ մի մեծ պատվի է արժանացնում կնոջը 18 վայրկյանանոց միջակ կունիլինգուսով: Եվ թող մտածեն, որ լեզվի կամայական շարժում հենց կունիլինգուսն է, որ կա: Միեւնույն է, փաստն այն է, որ եթե սեքսում կնոջն առավելագույն հաճույք պարգեւելը մտնում է տղամարդու պլանների մեջ, ապա օրալ հատվածն անխնդիր կուրվագծվի, կմշակվի, կհասցվի կատարելության եւ կհասցնի կնոջը երկնային ամպիկներին: Իսկ եթե տղամարդու համար կինը կամ սրբություն է, ով իրեն սուրբ երեխաներ է պարգեւելու, կամ սպառողական ապարատ, ում օրալ հաճույք պարգեւելն ապտակ է իր անկրկնելի առնական այտին, ապա կունիլինգուս օրը ցերեկով էլ չես հայտնաբերի: Երկրորդ տիպի տղամարդիկ այս պահին կարող են դադարեցնել ընթերցանությունը, իսկ մնացածի համար այն խրախուսվում է բոլոր, նույնիսկ(կամ առավել եւս) սուրբ ու սեռաքաղցից տառապող կանանց կողմից:

Կունիլինգուսի մասին փաստերը կարեւոր են.


1.
Կունիլինգուս բառը ծագում է լատիներեն cunnus` կնոջ արտաքին սեռական օրգաններ, եւ lingo` լիզել, բառերից: Սա օրալ սեքսի տարատեսակ է, որն իրենից ներկայացնում է կնոջ սեքսուալ գրգռում՝ շուրթերով, լեզվով եւ ատամներով ծլիկի ու հեշտոցի վրա ազդեցության միջոցով:   

2. Կունիլինգուսը երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում՝ որպես օրգազմառատ տարբերակ՝ զիջելով միայն մաստուրբացիային:

4. Կունիլինգուսը դրականորեն է ազդում կնոջ օրգանիզմի վրա: Դրա ընթացքում  արտադրվում են կրծքերի պրկությունն ապահովող պրոլակտինը, արգանդի հարթ մկանների վրա ազդող օքսիտոցինը եւ երջանկության հորմոն էնդորֆինը:

5. Կանանց շուրջ 80%-ն ի վիճակի է օրգազմի հասնել կունիլինգուսի միջոցով. սա բավական հուսադրող է այլ գործողությունների տապալման դեպքում:

Տիպական սխալներ. Արական սեռի ամենաքաջ ներկայացուցիչներին առաջարկվում է սա անգիր անել:

*Մեր սուրբ երկրում տղամարդկանց մեծ մասն օրալ միջոցառումներից առաջ հանդես է գալիս օսկարակիր ճառերով՝ «ե՞ս, նի-նի-նի, միմիայն ընտրյալներին», «հուսամ՝ ոչ ոք երբեք չի իմանա այս հույժ գաղտնի գործողությունների մասին», «հիմա դու կուշաթափվես…ըըըմ, դե ուշաթափվիր…վայ, չե՞ս ուշաթափվում»: Տղաներ, եկեք կամ ընդհանրապես «նի-նի», կամ սուսուփուս եւ գերագույն հաճույքով: Նման ճառերը զավեշտալի են, ուղղակի աղջիկները շատ բարի են եւ որպես կանոն չեն քրթմնջում:

*Բուսականություն դեմքի վրա. նրբագույն լորձաթաղանթի հետ այտամորուսի շփումն ամենատհաճ զգացողությունները կարող է պարգեւել: Սա միանշանակ չէ, բայց ցանկալի է հաշվի առնել:

*Միօրինակ գործողություններ, ավելի ճիշտ՝ գործողություն… 20 վայրկյան, հետո առանց մեկ միլիմետր շեղման՝ եւս 30, 40, 50 վայրկյան շարունակ: Եվ ահա կանաչ ձանձրույթը պատում է մեզ: Մենք սկսում ենք մտածել, թե ինչ ենք հագնելու վաղն աշխատանքի գնալիս, որպեսզի ժամանակն արագ անցնի:

*Պետք չէ սեղմել, պետք չէ ճնշում գործադրել. «ծլիկ» կոչեցյալից ավելի նուրբ բան դժվար է պատկերացնելը: Մի քանի ուժեղ սեղմում, ու մենք պատրաստ ենք գոռալու, դե, իհարկե, ոչ հաճույքից:

*Դիտարկումները, զրույցներն ու հարցերը կունիլինգուսի հետ անհամատեղելի են: Կրկնեմ՝ կամ սուսուփուս ու գերագույն հաճույքով, կամ առհասարակ «նի-նի»:

Իսկ վերջում մի հետաքրքիր հարցման արդյունքներ ներկայացնեմ, որոնք կզարմացնեն ոչ միայն Գեղամիկներին ու Վալոդիկներին:

2015-ի փետրվար-հունիս ամիսների ընթացքում «Ֆեյսբուք» եւ «Օդնոկլասսնիկի» սոցցանցերի միջոցով անանուն հարցում է անցկացվել` տեղային մասշտաբով պարզելու համար, թե ինչ վերաբերմունք է տիրում կունիլինգուսի նկատմամբ: Հարցմանը մասնակցել է 204 հոգի: 20 հարցերից էին` «Կունիլինգուսի մասին առաջին անգամ որտեղի՞ց եք իմացել», «Կունիլինգուս անելու ցանկությունն ինչի՞ արդյունքում է ձեւավորվել», «Որպես կունիլինգուսի օբյեկտ ո՞ւմ եք դիտարկել», «Ի՞նչ զգացումներ եք ունեցել առաջին անգամ կունիլինգուս անելուց հետո», «Ի՞նչը կարող է Ձեզ վանել կունիլինգուսից», «Երբեւէ վճարե՞լ եք կունիլինգուս անելու համար» (հարցն արական սեռի համար է), «Վճարե՞լ եք, որ Ձեզ կունիլինգուս անեն»  (հարցն իգական սեռի համար է), «Ինչո՞ւ եք վճարում, որ Ձեզ կունիլինգուս անեն» եւ այլն:

*«Կունիլինգուս անելու ցանկությունն ինչի՞ արդյունքում է ձեւավորվել» հարցին արական սեռի 42%-ը պատասխանել է` «գիտակցելով դիմացինին հաճույք պարգեւելու կարեւորությունը», 35%-ը` «հետաքրքրությունից»:

*Որպես կունիլինգուսի օբյեկտ` արական սեռի 13%-ը տեսնում է մարմնավաճառին, 23%-ը` սեփական կնոջը, 44%-ը` ցանկացած կնոջ:

*Արական սեռի 30%-ն առաջին անգամ կունիլինգուս է արել 15-18 տարեկանում, 32%-ը` 19-25-ում, 1%-ը` 36-50-ում (ավելի լավ է ուշ, քան ավելի ուշ):

*«Ինչպիսի՞ զգացումներ եք ունեցել առաջին անգամ կունիլինգուսից հետո» հարցին իգական սեռի 28%-ը պատասխանել է` «շատ հաճելի էր», 33%-ը`«չգիտեմ»:

*Ըստ թվերի համադրության՝ տղամարդիկ առնվազն 2.2 անգամ ավելի շատ ցանկություն ունեն կունիլինգուս անել առաջին անգամից հետո:

*«Որո՞նք են կունիլինգուս անելու հիմնական շարժառիթները» հարցին արական սեռի 48%-ը պատասխանել է` «դիմացինին հաճելի պահեր պարգեւելը», 17%-ը`«սերը» (ախ, այդ սերը), 5%-ը`«փողի դիմաց անելը»:

*«Երբեւէ վճարե՞լ եք կունիլինգուս անելու համար» հարցին արական սեռի 41%-ը` պատասխանել է` «այո», իսկ 59%-ը` «ոչ»:

*«Դուք վճարե՞լ եք, որ Ձեզ կունիլինգուս անեն» հարցին իգական սեռի 14%-ը պատասխանել է` «այո, հաճախ», 4%-ը`«այո, մեկ անգամ»:

Հանձնվում եմ, Հայաստանում կունիլինգուս կա, տղաներ եւ աղջիկներ: Սպասենք հետագա զարգացումներին:

Հ.գ. Ներողամտություն եմ հայցում բոլոր Գեղամներից ու Վոլոդյաներից՝ իրենց հիրավի գեղեցիկ անունները կարծրատիպորեն աղավաղելու համար: Կյանքն է ստիպում: 

Աուրա Ֆ.
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW