«Ծիծաղը վնաս չէ օրգանիզմին»` այս խորագիրն էր կրում դերասան եւ երգիծաբան Լեւոն Մուրադյանի հոբելյանական երեկոն, որը նրա հանդիսատեսին եւ հայտնի ընկերներին երեկ համախմբել էր Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում: Երգիծաերաժշտական զվարճալի ծրագրի առիթը հումորիստի բեմական գործունեության 20-ամյակն էր:
Լեւոն Մուրադյանը եւ Գրիշա Աղախանյանը
Հետնաբեմում ավելանում էր ճանաչված մարդկանց թիվը, հնչում էին բազում շնորհավորական խոսքեր, այս ամենին զուգընթաց՝ ուժգնանում էր նաեւ Լեւոն Մուրադյանի անհանգստությունն ու հուզմունքը: BRAVO.am-ի հարցին ի պատասխան՝ նա նշել է, որ նման երեկո կազմակերպելու գաղափարը կնոջինն է. «Այս ամենին պատրաստվել ենք մի անքուն գիշերվա ընթացքում:)»։
«Միջազգային կարգի համով, հոտով հումորի վարպետ, ծնվել է փողերը փոխվելուց անմիջապես առաջ, «կատաստրոֆիկ» պայմաններում`Քելբաջարում` բաջանաղի ընտանիքում` քեռու գրկում, քաշը 100 կգ` առանց նասկիների»՝ Գրիշա Աղախանյանը հանդիսատեսին ողջունելուց հետո այսպիսի հումորային լուծումներով ներկայացրեց Լեւոն Մուրադյանի կեսնագրությունը` նշելով, որ նրա սիրելի առակը «Գայլն ու գառն» է, որը ներկայացնում է տարբեր լեզուներով: Հենց այդ համարով էլ մեկնարկեց երեկոն:
Անդրանիկ Հարությունյանը, Աշոտ Ղազարյանը եւ Ռաֆայել Երանոսյանը
Աշոտ Ղազարյանը, Անդրանիկ Հարությունյանը, Ռաֆայել Երանոսյանն ու այլ հումորիստներ եւս ներկայացան հանդիսատեսին, իսկ միջոցառման երկրորդ հատվածն անցավ երգուպարով: Հոբելյարին շնորհավորելու էին եկել Սոնա Շահգելդյանը, Արսեն Գրիգորյանը, Լիլիթ Կարապետյանը, Արմինե Գրիգորյանը եւ ուրիշներ:
Հյուրերի շնորհավորանքներն ու մաղթանքները լսելուց հետո Լեւոն Մուրադյանից հետաքրքրվել ենք` ինչ կմաղթի ինքն իրեն.«Միայն առողջություն, մնացած ամեն ինչը կլինի իր տեղում, եթե չլինի էլ, տեղը կգցենք:): Ուզում եմ, որ իմ հանդիսատեսը միշտ ուրախ դուրս գա դահլիճից, եւ եթե խնդիրներ էլ ունենա, մոռանա: Պետք է լավատես լինել եւ հավատ ունենալ, այլապես ես էլ վաղուց գոյություն չէի ունենա եւ լքած կլինեի մեր հրաշք երկիրը»:
Սոնա Շահգելդյանը եւ Արսեն Գրիգորյանը
Երգիծաբանը հայտնել է նաեւ, որ հանդիսատեսի հետ հաջորդ հանդիպումը, հավանաբար, տեղի կունենա մեկ տարի անց` իր 60-ամյակի առթիվ:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Գրիգոր Եփրեմյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: