×


Հասմիկ Խոջյանի նոր ֆոտոշարքն ու ոճային փոփոխությունները

Հասմիկ Խոջյանը դերեր կերտելուց բացի, սիրում է հանդես գալ նաեւ որպես ֆոտոմոդել: «Էլենի օրագիրը» հեռուստասերիալի դերասանուհին BRAVO.am-ին է տրամադրել իր պորտֆոլիոյի համար արված լուսանկարներն ու պատասխանել է մեր հարցերին:

«Լուսանկարվելու ամեն նոր հրավեր ստանալիս փորձում եմ ֆոտոխցիկի առջեւ աշխատել էլ ավելի լավ, քանի որ ֆոտոմոդելինգը եւս կարելի է համարել մեր մասնագիտության բաղկացուցիչ մասերից մեկը»,-նշել է նա եւ հավելել.«Այս կերպարն ինձ հոգեհարազատ էր այնքանով, որ բազմիցս առիթ եմ ունեցել խաղալ հեքիաթներում եւ փորձել ինձ, այսպես ասած, եթերային կերպարներում, սակայն ներկայացումները եւ նկարահանումն իրարից շատ են տարբերվում, քանի որ լուսանկարներում էմոցիաները պետք է կարողանալ ցույց տալ ընդամենը մեկ սառած ակնթարթում»:

Հասմիկ Խոջյանը


Հասմիկը ոճի հարցում իրեն շատ ճկուն է համարում: Ասում է` կարող է ամեն օր շատ տարբեր լինել՝ դասականից մինչեւ սպորտային.«Կարծում եմ այդպես ե՛ւ հարմար է, ե՛ւ հետաքրքիր: Մարդը ոչ միայն պետք է ցանկացած պարագայում եւ ցանկացած տեղում իրեն ճիշտ դրսեւորել իմանա, այլ նաեւ պետք է իմանա ճիշտ ու համապատասխան ոճ եւ հագուստ ընտրել»:

Դերասանուհուց հետաքրքրվել ենք այն դեպքերի մասին, երբ իր եւ ոճաբանի ճաշակները չեն համընկնում.«Նկարահանման հրապարակում կամ բեմում եղել է, որ հագնվել եմ ոչ իմ ճաշակով, այսինքն՝ երբեք չէի լինի այդ տեսքով առօրյայում, բայց եթե կերպարը պահանջում է, ուրեմն պետք է: Կերպարային հագուստին ու արտաքին տեսքին ոչ միայն երբեք դեմ չեմ լինում, այլ նաեւ ինքս եմ ձգտում մաքսիմալ համապատասխանեցնել կերպարի հոգեվիճակն արտաքին տեսքի հետ»:


Պարզվում է՝ «Էլենի օրագրի» առաջին եթերաշրջանում Մարիամիկի հագուստներն ընտրելիս շատ է տանջվել.«Ինքս այդպես չեմ հագնվում եւ ստիպված էի լինում անընդհատ գնել նոր զգեստներ, որոնք կհագներ իմ Մարիամիկը: Ու ես սիրում էի իմ կերպարը հենց այնպես, ինչպես կար՝ շատ պարզ, մաքուր, անկեղծ մարդ, ով հագուստին այնքան էլ ուշադրություն չէր դարձնում, չնայած՝ ուներ իր ուրույն ոճը՝ մանկական-դպրոցական հագուստներ, որոնք հիմնականում համադրվում էին վզկապ-թիթեռնիկներով: Կերպարի ոճային փոփոխությունը եղավ հենց առաջին եթերաշրջանում, չնայած՝ անցումը շատ կտրուկ եղավ, սակայն բավական հետաքրքիր ստացվեց ու ինձ համար, որպես դերասանուհու, աշխատելու նոր մոտիվացիա տվեց, կամ ինչպես ասում են՝ բացվեց կերպարիս երկրորդ շնչառությունը: Վստահ եմ, որ հեռուստադիտողը ինձ ու իմ կերպարը սիրել է ոչ թե արտաքին տեսքի, այլ կերպարիս տեսակի համար: Կերպարս իդեալական մարդ չէ, ունի իր առավելություններն ու թերությունները, դա է պատճառը, որ այն այդքան միանգամից ընկալվեց, ընդունվեց ու սիրվեց, իսկ արտաքին տեսքը, որին ես մեծ ուշադրություն եմ դարձնում եւ կարեւորում եմ էկրանի երկու կողմերում էլ, այս պարագայում մղվեց երկրորդ պլան, չնայած՝ եթե արտաքինը կերպարին համահունչ չլինի, դա եւս կարող է պատճառ հանդիսանալ, որ հեռուստադիտողը չսիրի տվյալ կերպարը»:

Անդրադառնալով սերիալային զբաղվածությանը եւ ազատ ժամանակին՝ Հասմիկն ասել է.«Նույնիսկ աշխարհում ամենազբաղված մարդը կարող է միշտ ցանկության դեպքում ժամանակ գտնել իր ընտանիքի, ընկերների, բարեկամների եւ իր սիրելի զբաղմունքների համար: Ես հաճախ հասցնում եմ հանդիպել ընկերներիս հետ, վայելել հետաշխատանքային ժամերն ու հանգստյան օրերը՝ ինչպես Երեւանում, այնպես էլ քաղաքից դուրս փախչելով: Փորձում եմ նաեւ հնարավորիս շատ տանը լինել՝ վայելելու համար ընտանիքիս անդամների ջերմությունը՝ թեկուզեւ պարզապես զրուցելով նրանց հետ»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Հասմիկ Խոջյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին