Հելեն Ուդումյանը ոչ միայն չի թաքցնում իր տարիքը, այլեւ վայելում ու սիրում է այն։ Բլոգեր-հաղորդավարուհին հարազատների ու ընկերների հետ տոնել է ծննդյան 41-րդ տարեդարձը։ BRAVO.am-ը ներկայացնում է երեկույթի հետաքրքիր դրվագները։
Հելենը նախորդ տարի 40-ամյակը տոնեց խոհանոցային մոտիվներով, այս անգամ միջավայրը նավային էր։ Քանի որ այս ամռանը գործընկերների, այդ թվում՝ Լուիզա Ներսիսյանի հետ ճամփորդել է նավով, որոշել էր տարեդարձի դետալները եւս այդ թեմայով ընտրել։ Տորթն էլ աշնանային ու խոհանոցային թեմայով էր.«Տորթի դիզայնը ոչ միայն ես, այլեւ հյուրերը հավանեցին։ Ամեն դետալ առնչություն ուներ ինձ հետ՝ սկսած իմ տեսքով քաղցր արձանիկից մինչեւ մրգեր, պանիր ու պիցցա։ Հյուրերից մի քանիսն օբյեկտիվ պատճառներով բացակայում էին։ Շնորհակալ եմ մաղթանքների համար»։
Հելեն Ուդումյանը
Հաղորդավարուհու որդիները՝ 7-ամյա Մասիմոն ու 3-ամյա Ֆեդերիկոն, երեկույթին ներկա չէին, իսկ ամուսինը նրա կողքին էր.«Ամուսինս բացարձակ չի սիրում նկարվել։ Նա մասնագիտությամբ փաստաբան է, նրա նման երկրորդ հրաշալի մարդ չեմ ճանաչում։ Բախտավոր եմ ինձ զգում 41 տարեկանում, Աստված շատ չհամարի, ամեն ինչ ունեմ երջանիկ լինելու համար։ Տղաներս արդեն գիտակցում են, որ մայրիկի ծննդյան օրն է, համբուրելով շնորհավորեցին։ Սկզբում ցանկանում էին ներկա լինել, սակայն մտափոխվեցին։ Որքան էլ փոքր են, ընդունում ու հաշվի եմ առնում իրենց որոշումները. անհատներ են, չեմ ստիպում ինձ հետ գալ միջոցառումներին»:
Բազմազբաղ Հելենը կիսվում է ամեն բան հասցնելու իր բանաձեւով։ Ինչպես պատմում է, ողջ օրվա ուտեստները պատրաստում է վաղ առավոտյան.«Ընտանիքիս անդամների ճաշակով պատրաստում եմ 3-4 տեսակի ուտեստ, այնուհետեւ երեխաներին տանում դպրոց ու մանկապարտեզ, ապա անցնում իմ գործերին։ Երբ նկարահանումներս երեկոյան երկար են տեւում, հոգեպես վատ եմ զգում, որ ավելի շատ ժամանակ նրանց կողքին չեմ լինում։ Օգնող ձեռքեր ունեմ, եւ երբ տանը չեմ, տղաներիս հետ զբաղվում են։ Երեխաներիս պաշտում եմ, ամեն դեպքում՝ ընտանիքս առաջին տեղում է»։
Արեւիկ Ուդումյանն ամուսնու հետ՝ Հելենի տարեդարձին
Հոբելյարը ժպիտով է հիշում իր ամենախենթ ծննդյան օրը.«Ուսանողական տարիներին երեք հարկանի տորթին կպցրել էինք գազով լի փուչիկներ, երբ ուզում էինք մոմերը վառել, կրակայրիչը կպավ փուչիկներին։ Մեր բնակարանի մի սենյակում հրդեհ բռնկվեց, որից ես ու քույրիկներիցս մեկն այրվածքներ ստացանք։ Վատ վերջաբան էր, բայց ուրախ էինք, որ ողջ ենք մնացել:)»։
Հելեն Ուդումյանի 41-ամյակին
Արեւիկ Ուդումյանի ավագ քույրը հայտնի է դարձել իր «Հելենի խոհանոցը» բլոգով, առաջիկայում պատրաստվում է խոհանոցային թեմայով նոր հեռուստաշոու վարել։ Ի դեպ, պարզեցինք, որ նրա երազանքներից մեկն է՝ իր տարեդարձը օդում նշել.«Բառիս բուն իմաստով օդում, որտեղ տրամադրում են ընթրիք: Եթե բախտ վիճակվի, նման ձեւաչափով խնջույք կկազմակերպեմ՝ հյուրերիս հրավիրելով օդ։ Եթե Հայաստանում հնարավոր չլինի, գուցե այլ երկրում իրականացնեմ գաղափարս»։
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: