«System Of A Down» ռոք խմբի կիթառահար եւ բեք-վոկալիստ Դարոն Մալաքյանն իր հիմնադրած «Scars on Broadway» բենդի հետ ներկայացել է նոր տեսահոլովակով: «Lives» երգը նվիրված է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին եւ թողարկվել է ապրիլի 24-ի նախօրեին: Հոլովակում նկարահանվել են հայկական պարային խմբեր, որոնցից է նաեւ «La Imperial»-ը: BRAVO.am-ը զրուցել է վերջինիս անդամներից Դավիթ Սարգսյանի հետ, ով պատմել է հոլովակի նկարահանումներից, Դարոն Մալաքյանի հետ համագործակցությունից եւ հետաքրքիր այլ մանրամասներ:
Պարող, դերասան Դավիթ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մասնակցելու հրավեր ստացել է ամերիկաբնակ ռեժիսոր Հայկ Մաթեւոսյանից: Վերջինս շեշտել է, որ այս նախագծով նորովի եւ յուրահատուկ ձեւով են անդրադառնալու Մեծ եղեռնի թեմային.«Նրա հետ արդեն առիթ ունեցել էի աշխատելու մեկ այլ տեսահոլովակի նկարահանման շրջանակում: Իմանալով յուրօրինակ ոճը՝ չէի կարող չհամաձայնել, հատկապես, երբ խոսքը մեզ համար այդքան կարեւոր թեմային է վերաբերում»,- նշեց Դավիթը:
«Lives» տեսահոլովակի նկարահանումներին
Դերասանն ասաց, որ «Lives»-ի նկարահանումներին ոգեւորությունը մեծ է եղել եւ շատ տպավորված է հատկապես թիմային աշխատանքով ու պատրաստվածությամբ. «Ամենահետաքրքիրը, իհարկե, Դարոնի հետ աշխատանքն էր, ու թեեւ շատ շփվելու հնարավորություն չունեինք` ծանրաբեռնված նկարահանումների պատճառով, բայց այնուամենայնիվ, նա շատ համեստ անձնավորության տպավորություն թողեց: Ինչը, իհարկե, շատ է տարբերվում նրա բեմական կերպարից»:
Նշենք, որ Դավիթը տեսահոլովակում հիմնական պարողներից է իր եղբոր՝ Գոռի, հորեղբոր տղաների՝ Էդուարդի եւ Տիգրանի, ինչպես նաեւ Էդուարդի կնոջ՝ Ինգայի հետ: Նրանք միասին ներկայացնում ենք «LA Imperial» պարային ստուդիան, որը հիմնադրել է հենց Էդուարդ Սարգսյանը.«Սա եղբայրներով միասին ներկայանալու առաջին դեպքը չէր, բայց միշտ հետաքրքիր է լինում նմանատիպ աշխատանքային միջավայրը»,-ասաց նա: Ի դեպ, նկարահանումների համար նրանց են միացել նաեւ ԱՄՆ-ում գտնվող 4 այլ պարային խմբեր` «Բարեկամություն» միջազգային պարային ստուդիան, «Զվարթնոց» պարային անսամբլը, «Հայաստան» մշակութային կենտրոնը եւ «Կռունկ» պարային ստուդիան:
«Lives» տեսահոլովակի նկարահանումներին
Դերասանը պատմեց, որ տեսահոլովակի նկարահանումները տեղի են ունեցել ապրիլի սկզբին եւ տեւել են երկու օր: Առաջին օրը եղել են Լոս Անջելեսից հեռու գտնվող լեռնային վայրում, իսկ երկրորդ օրը տաղավարային նկարահանումներ են իրականացրել արդեն «LA Imperial»-ի ստուդիայում.«Այն անճանաչելիորեն փոխակերպել էինք՝ ամբողջովին պատելով գորգերով: Անմոռանալի ու հագեցած օրեր էին»:
Հավելենք, որ «Lives» երգն առաջին սինգլն է Դարոն Մալաքյանի եւ «Scars on Broadway» խմբի «Dictator» ալբոմից, որը կթողարկվի հուլիս ամսին: Ալբոմից ստացված հասույթի մի մասը տրամադրվելու է «Հայաստան հիմնադրամ» (ArmeniaFund) կազմակերպությանը, որի շնորհիվ Արցախի գյուղերի բնակիչներին կհատկացվեն առաջին բուժօգնության պարագաներ։
Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Դավիթ Սարգսյանը


×
7,653








Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: