Հռիփսիմե Ելինյանը երեկ դարձել է 32 տարեկան: Երգչուհին BRAVO.am-ին պատմել է, թե ինչպես էր նախատեսում նշել իր հոբելյանը եւ ինչու են պլանները փոխվել. «Քանի որ ես ու ամուսինս մի քանի օրվա տարբերությամբ ենք ծնվել, որոշել էինք հունվարի 9-ից 20-ը մեկնել հանգստի Բարսելոնա եւ այնտեղ էլ նշել, բայց չստացվեց: Դեռ դեկտեմբերին մեր ստուդիայի աշխատանքների պատճառով չկարողացա ԱՄՆ մեկնել Գրիգորի հետ, բայց «Ֆուլ Հաուս»-ը մարտին եվրոպական շրջագայություն ունի, կփորձենք այդ ժամանակ իրականացնել մեր ցանկությունը»:
Հռիփսիմե Ելինյանը եւ Գրիգոր Դանիելյանն` իրենց որդու հետ
Նրա խոսքով` այնպես է ստացվել, որ տոնում են միայն կլոր ամյակները, ինչպես, օրինակ, 30-ամյակը, որին մեր անդրադարձը կարող եք կարդալ այստեղ. «Այս տարի խնջույք չկազմակերպեցինք եւ մտադիր ենք մեր 35-ամյակը նշել մեծ շուքով: Բայց մեր փոխարեն երեկ մայրիկս էր պատրաստվել ու հրավիրել իրենց տուն, որտեղ էլ հարազատներով նշեցինք»:
Հռիփսիմեին անակնկալ են մատուցել իր ստուդիայի սաները` դիմավորելով տորթով ու նվերներով.«Կեսգիշերին ինձ առաջինը շնորհավորել է, իհարկե, ամուսինս, ով իմ հավանած ականջօղերն է նվիրել, որ երկար ժամանակ չէի կարողանում գտնել ու գնել: Քանի որ նա ամեն ինչ անում է, որ տարեդարձիս օրը միասին լինենք ու հետաձգում է իր բոլոր գործերը, ռոմանտիկ ընթրիքի պլաններ կան: Ուզում եմ անպայման նշել, որ Գրիգորն ու Ալբերտոն իմ կյանքի ամենամեծ նվերներն են»:
Հռիփսիմե Ելինյանն ու Գրիգոր Դանիելյանը
Երգչուհին անկեղծորեն խոստովանել է, որ երեկ հակասական զգացողություններ է ունեցել.«Անցած մեկ տարվա մեջ շատ բան է փոխվել: Միշտ շատ եմ սիրել տարեդարձիս օր, նշել եմ, ոգեւորված եմ եղել, բայց այս տարի մի տեսակ չէի ուզում մարդկանց նեղություն տալ, չէի ուզում նույնիսկ դասի գնալ, բայց սաներս կանչեցին, ու էլի լավ եւ ուրախ ծնունդ ստացվեց»:
Հռիփսիմեն պատմել է նաեւ, թե ինչ երազանք է մտապահել տորթի մոմերը փչելիս. «Ցանկանում եմ, որ առողջ լինենք, միասին ու երջանիկ ապրենք մեր կյանքը: Ուզում եմ նաեւ երկրորդ անգամ մայրանալ: Վերջին ամիսներին հասկացել եմ, որ Ալբերտոն շատ է մեծացել, եւ մեր տանը փոքրիկի անհրաժեշտություն կա: Համոզված եմ, որ տղաս եւս շատ կօգնի մեզ: Տա Աստված, շատ կուզենք աղջիկ ունենալ. միշտ երազել եմ տղա եւ աղջիկ ունենալու մասին»:
BRAVO.am-ը շնորհավորում է Հռիփսիմեին ու երազանքների իրականացում մաղթում:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Հռիփսիմեի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: