Գարեգին Նժդեհի մասին պատմող ֆիլմի պրեմիերայից անմիջապես հետո “Մոսկվա” կինոթատրոնում կայացել է Դամիան Հովհաննիսյանի անհատական “Գարեգին Նժդեհ” ֆոտոցուցահանդեսը, որին ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու պաշտոնատար այլ անձինք, ֆիլմի ստեղծագործական խումբը, լուսանկարչի ընկերները եւ ուրիշներ:
Հրաչ Քեշիշյանը եւ Դամիան Հովհաննիսյանը
Դամիանի փոխանցմամբ` ներկայացված “art” լուսնակրերներն արվել են ժապավենով, իսկ “backstage” կադրերը` թվային լուսանկարչական ապարատով:
BRAVO.am-ի հետ զրույցում լուսանկարիչը պատմել է, որ ֆոտոշարք ստեղծելու գաղափարն առաջացել է շատ պատահական. “Ընկերներիցս մեկը նկարահանվում էր ֆիլմում, մի օր ուղղակի ցանկացա գնալ ու տեսնել` ինչպես են իրականանում նկարահանումները: Ընթացքում մի քանի ֆոտո արեցի ու հենց նույն օրն էլ ստացա համագործակցելու առաջարկը”:
"Գարեգին Նժդեհ" ֆոտոցուցահանդեսին ներկայացված աշխատանքներից
Դամիանը նշել է, որ 3 ամիս տեւած նկարահանումների ողջ ընթացքում նա եղել է ֆիլմի ստեղծագործական խմբի հետ. “Շատ էինք հոգնում ու սառչում, բայց ամեն ինչ անցնում էր շատ ջերմ, ընկերական մթնոլորտում: Բոլորը պատրաստ էին ինձ աջակցել, օգնել` լույս դնելով, ծուխ ապահովելով եւ այլն”:
"Գարեգին Նժդեհ" ֆոտոցուցահանդեսին ներկայացված աշխատանքներից
Ֆիլմի ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը, խոսելով լուսանկարչի ցուցահանդեսի մասին, նշել է, որ ամբողջը Դամիանի ստեղծագործական մտքի թռիչքի արդյունքն է. “Կարծում եմ` շատ հետաքրքիր ֆոտոցուցահանդես է ստացվել, լուսանկարները բավական խոսուն են, դրանցում շատ ջերմություն կա, ուշադիր դիտողը շատ բան կարող է տեսնել”:
"Գարեգին Նժդեհ" ֆոտոցուցահանդեսին
Ֆիլմում Սիսիանի զորահրամանատար Պողոս Տեր-Դավթյանի կերպարը մարմնավորած Խորեն Լեւոնյանն ու Գարեգին Նժդեհի սիրած աղջկա` Անուշի դերակատար Արմինե Հարությունյանը մեզ հետ զրույցում նշել են, որ հիացած են Դամիանի աշխատանքներով.“Նա եւս մեկ անգամ ապացուցեց, որ կարողանում է շատ լավ զգալ ժամանակի ոգին”:
"Գարեգին Նժդեհ" ֆոտոցուցահանդեսին ներկայացված աշխատանքներից
Լուսանկարիչ Արթուր Lumen Գեւորգյանը, որը նույնպես ներկա էր ցուցահանդեսին, նշել է` շատ ուրախ է, որ Դամիանը կարողացել է որակյալ պորտֆոլիո ստեղծել.“Շատ լուսանկարիչներ կարող էին մասնակցել այս ամենին, բայց հաստատ ոչ բոլորը կարող էին ստանալ նման լուսանկարներ”:
Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: