66 տարեկանում կյանքից հեռացել է թատրոնի եւ կինոյի անվանի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Ջանգիրովը: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի թատերական գործիչների միությունը:
ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Ջանգիրովը "Մոռացված հողը" ներկայացման պրեմիերային
BRAVO.am-ը ցավակցում է դերասանի հարազատներին, ընկերներին եւ նրա արվեստի սիրահարներին:
Կարեն Ջանգիրովը ծնվել է 1948 թվականի մարտի 15-ին` Բաքվում: 1971-ին ավարտել է Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը` պրոֆեսոր Ռաֆայել Ջրբաշյանի արվեստանոցը: 1982-ից աշխատում էր Երեւանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Խաղացել է բազմաթիվ թատերական դերեր` Բերանժե («Թագավորը մահանում է»), Անցորդ («Բալենու այգի»), Բազիլ («Ֆիգարոյի ամուսնությունը»), Սերեբրյակով («Քեռի Վանյա»), Վիրտուոզ («Ավտոբուս»), Ալֆրեդ Իլ («Ծեր տիկնոջ այցը») եւ այլն:
Կարեն Ջանգիրովը` “Մեղրը կամ յոթ ուղերձ նահանգապետին” ներկայացմանը
Արժանացել է բազմաթիվ պատվոգրերի, մրցանակների` «Լավագույն դերասան» եւ այլն: 1972-ից նկարահանվել է ֆիլմերում` «Վերադարձ», «Քաոս», «Մարդը Օլիմպոսից», «Ռայկոմի քարտուղարը», «Արեւիկ», «Երջանկության մեխանիկա», «Հրդեհ», «Խնձորի այգի», «Անապատ», «Ուր էիր, մարդ Աստծո», «Ոտքի, դատարանն է գալիս», «Ճանապարհորդություն» եւ այլն: 1975-ին «Մարդը Օլիմպոսից» ֆիլմում Հրանտի դերակատարման համար Կույբիշեւի համամիութենական կինոփառատոնում եւ 1989-ի «Ավտոբուս» ֆիլմում Վիրտուոզի դերակատարման համար Սոֆիայի միջազգային թատերական փառատոնում արժանացել է «Տղամարդու լավագույն դերակատարման համար» մրցանակների: 1993թ. արժանացել է Ստանիսլավսկու եւ Վախթանգովի ֆոնդի գլխավոր մրցանակի, 2008թ-ին` ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը: Աշխատել է Երեւանի Դրամատիկական, Փոսի թատրոններում, նկարահանվել բազմաթիվ ֆիլմերում՝ հաստատելով ինտելեկտուալ դերասանի տեսակը, բեմ բերել առինքնող բեմական կերպարներ: Նրա Միքայելը «Քաոս» ֆիլմում մեր կինոյի նվաճումներից է:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: