Բարսելոնայում 85 տարեկանում մահացել է իսպանացի հանրահայտ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն: Այս մասին հայտնում է El Pais-ը` հղում կատարելով բժիշկներին:
Անվանի արտիստի հրաժեշտի արարողությունը նախատեսված է վաղը, իսկ հուղարկավորությունը տեղի կունենա երկուշաբթի` հոկտեմբերի 8-ին:
Մոնսերատ Կաբալյեն
Մոնսերատ Կաբալյեն համարվում է 20-րդ դարի լավագույն սոպրանոներից մեկը։ Նրան մեծ համբավ են բերել «բելկանտո» ոճի կատարումներն իտալական դասական օպերաներում:
1974 թվականին երգչուհին ճանաչվել է Միացյալ ազգերի կազմակերպության պատվավոր դեսպան, 1991 թվականին՝ Խաղաղության դեսպան։ Նա նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպան էր 1994 թվականից:
2013 թ. հունիսի 4-ին հայաստանյան հյուրախաղերի շրջանակում Մոնսերատ Կաբալյեն այցելել է Արցախ: Ստեփանակերտում մեծն երգչուհուն ընդունել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Երգչուհին նաեւ այցելել է Գանձասար, որտեղ հանդիպում է ունեցել Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ:
2013 թ. հունիսի 7-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգեւատրվել է Պատվո շքանշանով:


×
3,663





