Հուլիսի 3-ին Խնկո Ապոր անվան գրադարանում կայացավ “Մուլտիշոկի սիրելի հեքիաթները” ժողովածուի շնորհանդեսը: Մանուկների համար այս ուրախալի միջոցառմանը ներկա էին “Մուլտիշոկ” ամսագրի փոքրիկ ընթերցողները, ինչպես նաեւ Գավառի մանկատան սաները:
Մամիկոն Սիմոնյանը ներկայացրեց “Մուլտիշոկի սիրելի հեքիաթները”
Մեկ գրքում ամփոփված հեքիաթների հավաքածուն սովորական գիրք չէ` մեկ կազմի ներքո երեխաներին սպասում են միանգամից 8 հայտնի հեքիաթագիրների ստեղծագործությունները: Ի դեպ, սա միակ անակնկալը չէ` գրքի էջերը կտրատվում, ծալվում եւ կարվում են միմյանց` վերածվելով առանձին գրքույկների:
Միջոցառմանը ներկա երեխաները նախ մասնակցեցին խաղերին, հետո երեք խմբերի բաժանվեցին ու, հենց կազմակերպիչների օգնությամբ, ինքնուրույն կտրեցին ու կարեցին առանձին գրքույկները:
“Նման գրքույկ ստեղծելու մտադրություն շատ վաղուց ունեինք: Սա այն հեքիաթներն են, որոնք նախկինում տպագրվել են “Մուլտիշոկ”-ի տարբեր համարներում: Այս գրքույկով ուզում ենք երեխաներին եւս մեկ քայլով մոտեցնենք հեքիաթին: Գրքույկի ինքնուրույն պատրաստելու գործընթացը կարեւորագույն մասնիկներից է”,- ասում է նախագծի ղեկավար Մամիկոն Սիմոնյանը:
“Մուլտիշոկի սիրելի հեքիաթները” ժողովածուի շնորհանդեսին
Նա պատմեց նաեւ գրքույքի թողարկման հիմնական նպատակի մասին. “Մենք նպատակ ունենք առանձնահատուկ ուշադրության արժանացնել կարիքավոր երեխաներին: Մանկատներում, գիշերօթիկ դպրոցներում այնքան խնդիր չեն տանիքը, հագուստը, ուտելիքը, որքան ուշադրությունը: Մենք ուզում էինք ցույց տալ, որ կարիքավոր եւ ապահովված ընտանիքների երեխաները կարող են հանգիստ խաղալ միասին ու միավորվել միեւնույն գաղափարի շուրջ”:
“Մուլտիշոկի սիրելի հեքիաթները’’ տպագրվել են “Քրոնիմետ” բարեգործական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, որն, ի դեպ, գրքույկի 2000 օրինակ է ձեռք բերել` տարբեր մանկատների երեխաներին նվիրելու նպատակով:
“Մուլտիշոկի սիրելի հեքիաթները” ժողովածուի շնորհանդեսին
Միջոցառման ավարտից հետո կազմակերպիչներն ու երեխաները շարունակեցին իրենց շփումը երեւանյան սրճարաններից մեկում: Մամիկոնը նաեւ հույս հայտնեց, որ այս նախագիծը շարունակություն կունենա: “Շատ կարեւոր է երեխային տալ գիրքը ու բացատրել, թե այն ինչի համար է: Սա մեր առաջին փորձն է, եթե այն հաջողություն ունենա, ապա մենք կշարունակենք նման նախագծեր ներկայացնել, նույնիսկ կմեծացնենք կազմակերպած միջոցառումների ծավալները’’,- ասել է Մամիկոն Սիմոնյանը:
Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Mana Litta-ի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: